Jump to content

Մշակ/1873/9/Նամակ Երևանից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նամակ Երևանից

ՆԱՄԱԿ ԵՐԵՒԱՆԻՑ


Պ. Պահլաւունու նամակները բաւական ժամանակ է ընդհատվել են, ի՞նչ անենք, ես կարծում եմ, որ այդ նրա մեղը չէ, այս մեր Երևանի երկելի յատկութիւններից մէկն է.Երևանցիքս ամէն բանում այդպէս ենք, և եթէ ապրելու կարիքը չլինի, գուցէ մեր երկրի բեղմնաւորութիւնն էլ երեսի վրա ձգենք և մեր արդիւնատու հողից ոչինչ օգուտ չքաղենք, բայց հացի խնդիրը այդ մի բանումը մեզ արիացրել է և մենք Երևանու բոլոր գաւառաբնակ ժողովուրդներս էլ երկրագործութեան և այգեգործութեան մէջ երևելի ենք։ էս ասելով չիմանաս, թէ մեր մէջ մտցրել ենք բոլոր երկրագործութեան նոր հեշտ և օգտավէտ միջոցները, քաւ լիցի, մենք մեր պապերից տեսածը ձեռքից թողնելու չենք և եթէ մեր ամէն մինին հարցնես պատճառը, բոլորիս պատասխանը մի և նոյնն է. է՜հ սրանից ավել ինչ հարկաւոր է գլուխներս ճաքացնենք, սրանով էլ բաւականանում ենք, ասենք թէ շատ էլ հարստանանք. վերջը մեռնելու չե՞նք։ Այս ծուլութիւնն է մեր յատկանիշը, անհոգութիւնն ու անտարբերութիւնն է մեր դեվիզը։

Երևանու այդ դրութեան մէջն էլ գլորվել է, կարծում եմ, պ. Պահլաւունին, և որովհետև նա չգրեց իւր նամակները, ես ուզում եմ նկարագրել հէրու ամառ իմ քեզ հետ Էջմիածին եղած օրական տեսածներս և խնդրում եմ, որ դու էլ այդտեղի լրագիրներից մէկի մէջ հրատարակել տաս։

Յիշո՞ւմ ես, բարեկամ, Վաղարշապատ մտած միւս օրը, երբ այց-ելանք Էջմիածնին, տեսնուեցանք մեր ազգի աղօթարար Հայրերի հետ, ման եկանք, բոլոր նշանաւոր տեղերը, պտտեցինք հանգուցեալ Ներսէս կաթողիկոսի անտառը, որ ընկած է Էջմիածնի հարաւային կողմը. այն ժամանակն ամառ էր, բայց անտառը ներկայանում էր մեր աչքին աշնան տերևաթափ ժամանակը, 100 աւոր ծառեր չորացել էին, բոլորովին բարձի թողի արած էր այն ահագին ծառատունկերի տարածութիւնը, որը ոչ միայն, ինչպէս ասում են, եթէ լաւ խնամվի, կարող է տարին մի քանի հազարներ եկամուտ բերել, այլ և մաքրում է Վաղարշապատի օդը։ Հազարաւոր ծառեր ճղքնակոտոր եղած՝ անհոգ թափուած էին, անտառի պահպանող լայնատարած լիճը, որը յիշեալ հանգուցեալ Ներսիսի սխրագործութիւններից մէկն է, չորացել, խորքումը մի փոքր հոտած ջուր էր մնացել ու այն տեսակ տեսակ ձկները, որոնք մեծ մեծ ծախքերով հանգուցեալից բերուած են այլ և այլ տեղերից, այն հոտած ջրի մէջ իրենց վերջին շնչումն էին։ Քանի՞ մարդկանցից հարցրինք պատճառը և ամէնքից հետևեալը լսեցինք. «Է՜հ ում հոգն է»։ Ես յիշում եմ, երբ անտառի մի մասը կազմում էր թթենի ծառեր և այն ներքեն ընկած աւերակը էր շերամով լիքը ու մետաքս էր հանվում, բայց հիմայ թթենի ծառերի կէսն էլ չէ մնացել և ի զուր մի քանի մացառներ տեղ են բռնել այս անտառումը։ Ես յիշում եմ, երբ այդ լիճը ջրով լի ծփում էր, ջրում էր, ոչ միայն անտառը, այլ և նրա ներքի արտերն էլ, որոց ծայրը մինչև Շօրլու է հասնում, յիշում եմ, երբ ուխտաւորները զուարճանում էին լճակի վրա նաւակի մէջ նստած թիավարելով և այնուամենայնիւ ոչ մի տեղ էլ ջուրը չէր պակասում, բայց այս ամառ ոմանք ջրի պակասութիւնն էին պատճառ բերում, բայց դու խոստովանիր, որ շատերն էլ ասում էին. «եթէ ջուրը կանոնաւոր ամէնքիս բաժանվի և հարստահարութիւն չգործ դրվի մի քանի իւրանց ազգականների կամ ծանօթների համար այգիներ տնկող հայրերից, ապա ջուրը ոչ մի տեղ պակաս չի լինիլ»։ Եւ արդարև յիշո՞ւմ ես, երբ մենք շուռ եկանք Վաղարշապատի այգիները և արտերը, մի քանիսը բոլորովին կանանչ էին, իսկ մեծ մասը տերևաթափ եղած, և երբ հարցնում ենք այն դալար այգիների ո՞ւմ լինելը, իմանում էինք, որ նոցանից շատերը նոր այգեսեր հայրերի են, մի քանիսն էլ Վաղարշապատի նշանաւոր և ներգործող բնակիչներինը, իսկ չոր մասը ժողովրդի անկարող դասինը, որոյ թուումը և լճակն ու անտառը։

Բայց դու մի մոռանար նոյնպէս Էջմիածնի մեծագործութիւնն էլ, ահա տես վանքի պարսպից դուրս այդ երկյարկեան նոր շինութիւնը, որ դեռ աւարտված չէ, տե՛ս դրա ներսը, շատ սենեակները, կարդա՛ դրան ճակատի այդ մարմարեայ քարի վրա ոսկեքանդակ շրջանակով դրած արձանագիրը։ «Ողորմութեամբն Աստուծոյ ազգասէր Կաթողիկոս ամենայն Հայոց Տ. Տ. Գէորգ Դ. Կ. Պօլսեցի յոգնաջան աշխատութեամբ կառոյց զայս ճեմարան վասն ժառանգաւորաց Մայր Աթոռոյ սրբոյ Էջմիածնի, արդեամբ վիճակին Աստրախանայ և օժանդակութեամբ Հայոց բնակելոց ի սահմանս Ռուսաստանեայց յամի Փրկչի 1871-ն Հայոց Ռ. Յ. Ի.»։

Ահա արձանագրից իմացար, որ դա Էջմիածնի ճեմարանը, որին բնակիչները ակադեմիա անուն են տալիս, այդ ահա մեր ներկայ Վեհափառ Հօր մեծագործութեանց մէկն է, այդտեղ պիտի ուսանին և կանոնաւոր կրթութիւն ստանան մեր ապագայ հոգևոր հայրերը, այդ տեղից պիտի աւարտեն մեր քահանայացուքը, որ երկար չտևէ ներկայ հոգևորականութեան խայտառակ տգիտութիւնը։ Ինչպէս լսում ենք, արդէն պատրաստված են ուսումնարանի արդեանց աղբյուրները և շէնքը վերջանալուն պէս պիտի հրաւիրվին ուսուցիչներ և ուսանողներ։

Մտի՛ր Էջմիածնայ պարիսպը և անցի՛ր վանքի արևելեան կողմը, նայի՛ր այդ յավելուած երկու նոր բոլորակ գմբէթները, որոնք վանքի արևելեան կողմի շարունակութիւնն են դարձած, կարդա՛ և այդ մարմարեայ քարի արձանագիրը։ «Ողորմութեամբն Աստուծոյ ազգասէր Կաթողիկոս ամենայն Հայոց Գէորգ Գ. Կոստանդնուպօլսեցի կառոյց զերիս պահարանս զայսոսիկ բազում ջանիւք և զարդարեալ պայծառացոյց զմայր տաճարս սուրբ Էջմիածնի նվաստիւք բարեպաշտ ժողովրդոց Հայոց Ռուսաստանեայց յերրորդում ամի հայրապետութեան իւրում ի թուականութեան Փրկչին 1869 և Հայոց Ռ Յ. Ժ Ը»։

Հիմա իմացա՞ր, որ այդ էլ մեր Վեհափառի մեծագործութեանց մէկն է, այդ աւանդատունն է Էջմիածնի, մասանց խորաններն են դրա ներսը, այն սուրբ և նուիրական աւանդները՝ մասունքները մինչև հիմա թափուած էին նեղ խորանի մէջ և այժմ, ինչպէս տեսնում ես, արժանաւոր աւանդներին և արժանաւոր պահարան։

Մտանք և Էջմիածնի թանգարանը, մի քանի տարիներ են, որ հազարաւոր հին ձեռագրներ ազատվել են փոշիներից և մկների ատամներից, հիմա, ինչպէս տեսնում ես, կանոնաւոր պահարանների մէջ համարներով նշանակուած բոլորը, առանձին մասն արած ամէն միատեսակ պարունակութեան մատեանները, գեր. Ներսէս երիտասարդ վարդապետն էլ վերակացու կարգված, բայց ափսո՜ս, որ ինչպէս լսեցինք, շատ պիտանի ձեռագիրներ մինչև թանգարանի կանոնաւորվելը անհարազատ ձեռքերից անհետացել են, և եթէ չեմ սխալվում, մի քանիսը նրանցից բարձերի փետուրների հետ սրանից մի քանի տարի յառաջ պատառտորուած ու ցրված կը լինէր մի օր, Թիֆլիզի փողոցներումը։

Ասենք թէ ներկայ թանգարանի միջի գտնուած ձեռագիրներից շատերը միշտ կը մնան անտիպ, ճառ-ընտիրներ ու աստուածաբանական գրվածներ լինելու պատճառաւ, բայց յոյս կայ, որ նրանցից շատերն էլ ժամանակաւ մեծապէս պիտանի կը լինեն հայ գրականութեանը և պատմութեան վրա մի նոր լոյս կը ձգեն։ Կան և այնպիսի ձեռագիրներ էլ, որոնք մի հատորի մէջ զանազան նիւթեր են պարունակում, պատմաբանական, աստուածաբանական և այլն, մի խօսքով էլ այսուհետև երկիւղ չկայ Էջմիածնի թանգարանին, մանաւանդ եթէ նրանց կատալօգն էլ տպվի։

Չգիտեմ, ինչի՞ համար երեսի վրա ձգած է Զանգուից հանելիք ջուրը, որը եթէ դուրս գայ, մեծ տարածութիւն պիտի ջրվի և Էջմիածնին մեծ եկամուտ պիտի բերէ։ Լսեցի, որ մտադրութիւն կայ այն առուն կապալով տալու, որի հանողը մի քանի տարիներ իրաւունք պիտի ունենայ օգտվիլ այն հողերիցը և պայմանաժամը լրանալուն պէս պիտի մնայ Էջմիածնի սեփականութիւն։

Այս մասին մանրամասն տեղեկութիւններ կը ժողովեմ և քեզ կը գրեմ։

Մելիք Քիչի