Jump to content

Մշակ/1873/9/Նամակ Հին-Նախիջևանից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նամակ Հին-Նախիջևանից

ՆԱՄԱԿ ՀԻՆ ՆԱԽԻՋԵՒԱՆԻՑ


Այստեղ վաճառականութիւնը որպէս և ամենայն արհեստ, դեռ նահապետական խորին սովորութեանը հպատակ է, ոչ միայն փոփոխութիւնը հարկաւոր է համարվում այլ և չարաչար հալածմունքի տակ է։ Ամենայն ոք ով և ունէր, կարող էր ձեռք բերել մի դրամագլուխ (շատ թէ քիչ), իսկոյն ձեռնարկում է մի խանութ բաց անելու և վաճառականութիւն սկսելու. առանց փոքր ի շատէ դորան վերաբերեալ տեղեկութեան. առանց հաշուեգիտութեան. առանց ընկերութեան. այո՛ և շատ անգամ առանց կարդալ և գրել գիտելոյ, որ «ես տվիմ ես առիմը» գրէր գոնէ մի տեղ։ Այդ հոգս չէ՛... ոչ ապաքէն վաճառականութեան նպատակն է արդիւնաբերել. իսկ Նախիջևանցին այսքանս միայն լաւ գիտէ, որ մի բան հարկաւոր է առածիցը մի քանի կոպէկով աւելի ծախել։ Եւ այդ նա կատարում է լիակատար ճարպիկութեամբ և ընդունակ յիշողութիւնով։ Վաղուց արդէն քաղաքական կապ ունենալով Պարսկաստանի հետը, Նախիջևանը ստանում էր իւր վաճառելի մթերքը Թավրիզից։ Այժմս կիսով չափ այդ կապը բաժանուած լինելով, ուրեմն և կէս է արված վաճառաստացութեան կեդրոնը Թաւրիզի և Թիֆլիզի վրա։

Իւրաքանչիւր տարումը, իւրաքանչիւր խանութապանը կամ նրաց գործակատարը, դիմում են դէպի վերոյ յիշեալ քաղաքները ըստ իւրեանց ճաշակի և հարկաւորութեանը բերելու վաճառելի ապրանքը, թէ և ամէն մի մասնաւոր գումարի համար պարապվում են շատուոր մարդիք։ Օրինակի համար, երկու հարիւր մարդ գոնէ կատարում է այդ գործը, այն ինչ երկու մարդով (տասն երկու թող) ևս առաւելը հեշտ կարող էր կատարվել։

Խոստովանեցի արդէն որ Նախիջևանցին ճարպիկ է, բայց նա ճարպիկ է միայն իւր սահմանումը, և արդեօք նա կարո՞ղ էր հաշուել այս շատ պարզ հաշիւը, և ի գործ դնել դրան։ Ասենք թէ հարիւր մարդ դիմում է դէպի Թավրիզ, նոքա ստանալու են նոյնաթիւ անցագիր, գրէհդար և այլն։ Այնտեղ հասած ժամանակ լինելու է մի և նոյնը,— Պարսկաստան մտնելու համար պէտք է թասքարայ, բնակարան, վաճառականի անձին և բեռների առանձին վճարք և նմանապէս շատ բաներ։ Մտարաբերենք, որ զանազան ձեռքերով և փոքր քանակութեամբ առած ապրանքը թանկ կարող է լինել, այն ինչ մի կանոնաւորեալ ընկերութիւնը կարող էր կատարել այդ բոլոր գործերը աւելի օգտաւէտ պայմաններով։ Կամ եթէ բոլոր փոքր գումարները ժողովվէին միասին, և յիշյալ ծախսերի մի շատ փոքր մասի տասանորդը տվվէր մի վաճառականութեան հմուտ և նրանց ծանօթ անձին, որը միշտ այնտեղ Թավրիզումն էր գտնվում և կարող էր ճշտութեամբ կատարել բոլոր յանձնարարութիւնքը։ Բայց ընկերութիւն կազմել, կամ հաւատալ իւր փողը ուրիշին այդ Նախիջևանցու համար անկարելի բան է...։

Բայց ես ասում եմ որ շատ կարելի և օգտակար կլինէր. մի այսպիսի ապահովացրած ժամանակումը, միայն թէ մենք կարողանայինք փոքր ի շատէ թողնել մեր հին և կասկածոտ սովորութիւնքը։ «Յետոյ»... — յետոյ Ձեր փողերի արժողութեամբ և աւելի էժան գնած. առանց Ձեր նեղութեան և բուք ու շոք ուտելուն, ապրանքը Ձեր հանդէպ ցած կդնեն։ «Լաւ, էլ յետոյ... Էլ յետոյ երբ այսպէս կանէիք յապայ և կխնդրէի Ձեզ, երբ միւսի խանութումն ենք գտնվում, և երբ հարցնում են Ձեզ «ունէք և դուք այս բանիցը։ Լեզւով ո՛չ, իսկ ձեռով և աչքով ստորառութիւն չանէք» չափազանց կրկնելով «Ձեր արևը և սանն ջանի իշուն» գլուխ չտանէք երդմամբ և գոռ ու գոչով աւելի չխաբէք, «մէկէ՞լ...»։ Մէկ էլ 8—10 ժամ ծալապատիկ չնստէ՛ք առանց ոչինչ մտաւոր և մարմնաւոր շարժման։ Միւսը, երբ մի մթերք, (դիցուք թէ բամբակ) սկսում էք գնել. զգուշացէք առանց կուրօրեն միմեանց հետևելուցը և տեղեկացէք նոյնի ընթացքին Եւրօպայումը։ Աւելի... «Էհ ըռադ եղիր գլխներիցս» ասում է ինձ պ. Նախիջևանցին նեղացած։ Ես էլ հնազանդում եմ, թողում եմ շուկաները և գնում եմ ուսումնարան։

Ուսումնարան... արդէն շատերը կան, մինչև անգամ և դարբնի ու նալբանդի կոխքին նստած երեխաներ կան, որոնք տետրակի վրա բ. ո. ւ. բու են կրկնում, թէ և այդ մատաղների ականջը արդէն խլացել էին կռանազարկութեան թնդիւնիցը. միայն թէ տետրակ ունենար ձեռին, և այդ նշանակում է թէ նա սորվում է, նա ուսումնարանումն է։

Բացի այդպիսի բազմաթիւ ուսումնարանները կան և գաւառական (արքունի ծախսով) և մի ծխական դպրոց[1] Հայոց եկեղեցւոյ սրահումը։ Իսկ թուրքերը ունեն և նոյն պէս մի երկու «Մադրասէ»։

Գաւառական ուսումնարանը, որպէս իւր համադասները ընթանում է ընդհանուր կարգով։ Նորանում ուսանում են 70—80 մօտիկ հայ պատանիք և 50 ի չափ թուրքեր։ Ենթադրելու է որ Հայ լեզուն կաղիկ կաղ է գնում... ըստ որում կրօնուսոյց հայ ուսուցիչը այդտեղի կարող է եղել 8 տարուայ ընթացքումը աշակերտներին ոչ առանց սխալման կարդալ և գրել ուսուցանելուն։

Իսկ ծխական դպրոցը գոյութիւն է ստացել այստեղ — 60 — թուիցը, երբ արժանայիշատակ երիտասարդ Ստեփաննոս Իսահակեանցը գտնուելով այստեղ առաջարկել է իւր ձրի ծառայութիւնը. և երբ մեծ դժուարութեամբ սկսած բանը դադարել է և նրա մահուամբ։ Ապա մի տիրացուի, յետոյ մի այլ նմանապեսու սեփականութիւն դառնալով, վերջապէս կիսաքանդուած դպրոցը հասցնում է իրան —69—70 թուերին։ Ժամանակին լինող ուսումնասէր Յաջորդի ջանքովը փոքր ի շատէ բարեկարգվում է և շարունակվում է։ Մինչ ապա և նրանից յետոյ լինողներին... անբաւական երևալով՝ դարձեալ կանգնում հիւանդոտ դրութեան մէջ... ապա ընկնում է...

Մինչև նորերումս ներկայ Յաջորդը (չգիտեմ ինչի ստիպուած) փորձ փորձեց և կամեցաւ յարութիւն տալ մեռեալ դպրոցին։ Նա վստահացած աղաների և ոչ երբէք անխարդախ և հիմնաւոր խոստմամբը (թէև աղաներ և ոչ մի կոպէկ ծախելու էին այդտեղ) և ընդունելով առանց նոցա յանձննելուն ևս ունեցած Հոգաբարձութիւնը և տեսչութիւնը, ուսուցիչ հրաւիրեց։ Հազիւ տևեց այս հոգացողութիւնը մի ամիս և ահա՛ դարձեալ մեռաւ մեռեալը...

Ինչու՞.... նրա համար գլխաւորապէս, որ յաջորդին առաջնորդող կրօնուսոյցը չէ բարեհաճում բացի իւրեանից այլ ուսուցիչ տեսնալ քաղաքումը, և նոր եղանակի ուսման լինելութիւնը վնասակար է համարում դպրոցի գոյութեան համար։

Նոքա որպէս թէ շինում են նոր եկեղեցի և այդ շինութեան վրա պիտի ի գործ դրվի հին եկեղեցւոյ դրամագլուխը, որի տոկոսը մասամբ իւիք պիտի հոգար դպրոցի ծախքը։ Աղան իւր կողմից այս պատճառն է առաջարկում, ժողովուրդն էլ չէ ցանկանում այնպիսի դպրոցի, ուր իրայ պապի թողած սաղմոսը կամ մի այլը չեն կարդացնելու։ Նա (ժողովուրդը) տիրացու է հոգով և մարմնով և 19 դ դարու համար պահանջում է տիրացու ստեղծել։ Կրօնուսոյցը որպէս ջերմեռանդ պաշտօնեայ եկեղեցւոյ. օրհնաբանում է այս իւր նպատակին ծառայող ցանկութեանց միութիւնը. թէև ինքը որպէս քահանայ չը գիտէ շարականի ութն ձայներն անգամ։

Նոր եկեղեցին սկսուած — 70 թուիցը շինվում է արդէն շարունակ և սրբատաշ հասցրած է կամարներին, բայց դա ոչ թէ տեղոյս «աղքատ հպարտ» ժողովրդի նուիրատուութեամբն է, որը 1000 մանէթից չկարծեմ աւելի լինի, այլ Մ. Թունեանցի աշխատութեան և շարունակութեան է վերաբերելու դրանց 10,000 աչափ ծախքը, և յուսալի է ապագայ տարումը աւարտվելուն։

Շատ լաւ... բայց թէ ինչո՞ւ նոր եկեղեցւոյ շինութիւնը պատճառ կարօղ էր դառնալ մի աղքատիկ դպրոցի. մի կենդանի եկեղեցւոյ շարունակութեանը, որի տարեկան ծախքը լինելու էր հազիւ 500 մանէթ, և այդ գումարը Հոգևոր Կառավարութեան համար դժուար չէր լինելու, արդէն պսականուէրքի հետ վճարած 50 կոպէկներովը և Էջմիածնիցը շնորհուած մոմաւաճառութեան արդեանց վրա գումարելով և այլն մասնաւորներ ժողովրդից և ծնողներիցը. (միայն թէ հոգացողութիւն լինէր)։

Ոչ... եկեղեցին արգելք չէ, և մի մեծ դժուարութիւն չկար հոգալու, բայց... բայց կրօնուսոյց չէ բարեհաճում ասացինք։

Բայց որ նա այդ չբարեհաճեց, մեծաւ ուրախութեամբ հաճեցաւ ժողովրդի մատուցած փողին նոցա աչքը ձգելու, և այսօր մի տիրացու կառավարում է դպրոցը ըստ ցանկութեան ժողովրդի։ Հոգ չէ որ նա դժուարութեամբ է լսում աշակերտների ասածքը, դիցուք թէ սուր ականջով և լսած լինէր. մի և նոյն է, նա ուղիղ և սխալը զանազանել չէ կարող, բաւական է որ նա ժողովրդի ցանկութեանը համապատասխանէ և ստանում է քիչ վարձ։ Եւ բացի այդ, նա եկեղեցումը ձգում է կրօնուսուցչի ուսին նորա կերպասեայ կապոյտ փիլոնը։

Արդէն դեկտեմբերը բերեց իւր հետը թէ ցուրտ և թէ մի թեթև ձիւն. սոքա վերջ դրին Նախիջևանի այս տարուայ թշուառ երկրագործութեանը, բայց ամենից գալի վերջ եղաւ պարոն Ջրպետի բախտաւօր ասպարիզին, որը ակամայ կամօք. «մնաք բարի» է ասում իւր սառցապատ առուներին, որոնք ամբողջ ամառը անջուր էին։ Նրա գրպանի զանգը հնչեց վերջին հարուածը։

Տեսնանք ապագայ տարուայ համար ինչ պիտի նախապատրաստէ նախիջևանցին. անցեալի ծանր վնասները մոռացվելու վրա են։ Նա ամենայն վնաս և յանցանքը նախախնամութեան վրա է ձգում. և այդպէս իսկ պարկած և կոնձելով սպասում է որ Աստուածը երկնքից ցած գայ. լիճ և առու փորի ու արդարութեամբ ջուր բաժանի իւր անդերին։

Անցեալ աշնանս, պ. նահանգապետն Երևանու այցելութիւն գործելով այս կողմերը, վերևը սարերումը երկու լճեր է հրամայել շինելու ըստ օրինակի պ. Շանգերէյին։ Շինութիւնը աւարտվելու վրա է և լսվում է որ ջրով պիտի լքցվին Նախիջևանայ օգտին դատարկվելու համար, սպասում են մի գուցէ սորանք էլ անհոգութեամբ թողնվին ապագայումը անջուր և աւերակ մնալու։ Թէև սոքա ևս (որպէս ասում են առակօրէն) մի շերեփ ջուր են ուղտի համար։

Իսկ քաղաքի մերձ լիճը, որ բոլորովին քաղաքին է պատկանում մնում է դեռ ևս տղմալից. թմբերը կիսավեր, շրջակայ ծառերը չորացած, իսկ տնկած եղեգնաբոյոքը բոլորովին արմատախիլ արած։ Աւերիչ ձեռքը ռամկի արդէն շոշափել է այդ թանգագին սեփականութեան գեղեցիկ կարգ ու սարքը։

Եւ այնտեղ, ուր երեք տարի առաջ լողում էին կարապները և վայրի բադերը ձկների հետը, ուր կապոյտ ջրի ծածանող մակերևոյթը շրջապատվում էր գեղեցիկ կանաչութեամբ, այժմ ճաքճքուած հողակոշտեր և մաշուած թմբեր է ներկայացնում միայն։

Ով է մեղաւորը....

Ժողովուրդը... անհոգ և ռամիկ ժողովուրդը և նրանց այդ բանում «օրոր» կանչող անխիղճ նախապաշարմունքը...

Մեսրովպ Խուդավերդեանց
  1. Աղջկանց ուսումնարան չկայ (եթէ կարելի է այսպէս ասել) իսկ չեղած եղածի վրայ միւս անգամ կը խօսենք։