Մշակ/1873/9/Փոխադարձ կրէդիտի ընկերութիւնը
ԹԻՖԼԻՍԻ ՓՈԽԱԴԱՐՁ ԿՐԷԴԻՏԻ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ
Անցեալ համարում մենք յիշեցինք, որ փետրվարի 25-ին, կիրակի օրը, գումարվեցաւ Թիֆլիսի փոխադարձ կրէդիտի ընկերութեան տարեկան ընդհանուր ժողովը։
Այդ օրը կարդացվեցաւ տարեկան հաշիւը, քննողական յանձնաժողովի (Րէվիզիօննայիա կօմմիսիա) զեկուցումն և ընկերութեան խորհուրդը մի առաջարկութիւն արաւ։ Հաշուից երևեցաւ, որ մինչև յունվ. 1–ը 1873 թուի ընկերութեան անդամ դրվել են 633 հոգի, որոց շրջական դրամագլուխ է՝ 348,920 ռուբլ. իսկ ապահովութեան դրամագլուխ 3,140,280 ռ։ Տարեկան ընդհանուր Բալանսը կազմում է 63,005,593 ռուբլի 50 կօպ.։ Գործունէութեան գլխաւոր ճիւղերը հետևեալներն են՝ Հասարակ ընթացող հաշվով (текущій счетъ) բանկի մէջ մտել է գումար՝ 1,380.862 ռ. 12 կ. որից հատուցած է 1,246,429 ռ. 12 կ։ Պայմանական ընթացող հաշվով՝ մտել է 3,254,352 ռ. 32 կ. իսկ հատուցած է 2,852,357 ռ. 98 կ.։ Առանց պայմանաժամի դրված գումար (բէզսրօչնի վկլադ) եղել է՝ 983,142 ռ. 19 կ., յետ դարձրած է 669,118 ռ. 60 կ.։ Պայմանաժամով դրած գումար՝ 382,921 ռ. 88 կ., յետ դարձրած է 34,045 ռ. 87 կ.։ Առևտրական փոխանակագրերի զեղչումն 2,006,868 ռ. 19 կ. մուրհակների թիւը 1080, այդ գումարից 483 մուրհակի պարտապանները վճարել են 913,643 ռ. 5 կ.։ Միւսների ժամանակը դեռ հասած չէ։ Փոխանակագրերի զեղչումն ապահովութեամբ՝ 24 մուրհակ 89,923 ռ. 16 մուրհակից ստացուել է 65,720 ռ.։ Փող տուած գումարները տոկոսաբեր թղթերի գրաւականով՝ 1,040, 238 ռ. 50 կ. յետ առած է 682,185 ռ. 50 կ.։ Մասնաւոր ընթացող հաշվով տուած գումարները, ապահոված գին ունեցող թղթերով՝ 1,510,618 ռ. 62 կ., յետ է վերցրած՝ 1,393,253 ռ. 66 կ.։
Ընկերութեան ծախսերը՝ 13,271 ռ. 69 կ։ Ընդհանուր զուտ եկամուտ՝ 22,751 ռուբլ. 31 կ.։
Բացի սորանից, որքան մեզ յայտնի է, փոխադարձ կրէդիտի ընկերութիւնը փոխ է տալիս գումարներ 9 տոկոսով (որ սրա պէս հիմնարկութեան համար, եթէ նա կամենում է իր բուն նշանակութեանը հասնել,— թանգ է), իսկ վերցնում է գումարներ պահելու և աճեցնելու համար 5 տոկոսով, ուրեմն շահվում է այդ գործունէութենից 4%։
Եթէ սորան աւելացնենք, որ ընդունելութեան մասնաժողովը կազմված է այն մարդիկներից, որք աւելի համակրում են ունևորների մի քանիսներին և ոչ թէ միջին բազմութեանը, փոխանակ փոքր գումարներ աշխատում են մեծ գումարներ փոխ տալու,— այն ժամանակ, ՚ի հարկէ, 9% շատ թանգ չէ, բայց միջոց է տալիս գուցէ նոյն ունևորներին իրանց վերցրած գումարները աւելի մեծ տոկոսներով մասնաւոր անձանց շահով տալու...
Նոյն նստում ընկերութեան խորհուրդը հետևեալ առաջարկութիւնն արաւ՝ բանկի կառավարչի ռոճիկը 3000 ռ. բարձրացնել մինչև 4300 ռուբլի, իսկ նրան հասնելու տոկոսիքը (3%) դարձնել 2%։ Դիրեկտորներին, որք առանց ռոճկի էին և բաւականանում էին 3%, նշանակել տարեկան 2000 ռ. և 2% շահից։ Նմանապէս ռոճիկներ աւելացրին գլխաւոր հաշուատեսին, գլխաւոր գանձապահին և միւս ծառայողներին, այնպէս որ ընդհանուր ծախսը հասաւ 24,000 ռ.։
Բոլոր առաջարկութիւնները ընդունվեցան և չէր էլ կարող այլապէս լինել, որովհետև քուէարկութիւնը բացարձակ էր և ոչ գաղտնի։ Անդամների ամենամեծ մասը ընկերութեան ներկայացրած ունեն իրանց մուրհակները, և դիտաւորութիւնն են դարձեալ ներկայացնել, ուրեմն նրանք կամայ ակամայ պիտի աշխատէին բանկի մէջ իշխանութիւն ունեցող անձերի սիրտը գրավել... եթէ ոչ, գուցէ նոցա մուրհակները պիտի մերժվէին...
Մի տարի է միայն, որ ընկերութիւնը գոյութիւն ունի, և ահա նրա ծախսերը յանկարծ կրկնապատկվում են։
Չը մոռանանք, որ ընկերութիւնը իր վրա փոխադարձ կրէդիտի անուն է կրում...։ Եթէ ես, որպէս անդամ, 1000 մանէթի գումար եմ մտցրել,— 10,000 մանէթի պատասխանատվութեան ներքոյ եմ...
Վերջապէս, եթէ գրեթէ բոլոր եկամուտը ծառայողներ պիտի ստանան, էլ ի՞նչ օգուտներ պիտի սպասի, ի՞նչ ինտէրէս պիտի ունենայ ընկերութեան անդամը։ Նա կարող է իր համար կրէդիտ բանալ նոյն հեշտութեամբ և առևտրական բանկում...
Ընդհանուր ժողովի նախագահ պ. Կայդանօվը չը կամեցաւ քուէարկել անդամներից մինի առաջարկութիւնը, որ ծառայողներին ռոճիկ նշանակելու և անդադար բարձրացնելու տեղը, տրվէր մի յայտնի (գուցէ բարձր) տոկոս զուտ եկամուտից... Նմանապէս զարմանալի է, թէ ի՞նչ է պատճառ, որ խորհուրդը առաջուց չէ յայտնում տպագրութեան միջոցով, ընդհանուր ժողովին առաջարկվելու խնդիրների պարունակութեան մասին, որ անդամներից յուրաքանչյուրը քիչ շատ պատրաստված կարողանայ ներկայանալ ընկերութեան տարեկան ընդհանուր ժողովին... Գուցէ նրա համար, որ այդ օգուտ չէ...
Յիշենք, թէ ինչ էինք ասում մենք այդ ընկերութեան մասին, երբ նա նոր էր հիմնվում, և այժմ կատարվում են արդեօք մեր գուշակութիւնները։
Մենք ասում էինք[1] որ այդ տեսակ ընկերութեան նպատակը պիտի լինի մանր կրէդիտի կարօտութիւն ունեցող անձերի ձեռնարկութիւններին նպաստել։ Ուստի այդպիսի հիմնարկութիւնը պիտի աչքի առաջ ունենայ ներկայացնել բազմաթիւ արդիւնաբերող դասերին որքան կարելի է էժան կրէդիտ։ Եւ յետոյ մենք աւելացնում էինք։
Եթէ բանկի կառավարութիւնը մեծ կրէդիտի կուսակիցների ձեռքը կընկնի,— այն ժամանակ ընդունելութեան մասնաժողովը նախադատուելով մեծ կրէդիտը, կը նպաստէ մեծ կրէդիտի կարօտութիւն ունեցող անձերի ընդունելութեանը։ Սորա հետևանքը այն կարող է լինել, որ միջին և փոքր կարողութեան դասերի տնտեսական դրութիւնը ոչ թէ կը լաւանայ, այլ կը վատանայ, որովհետև հարուստ մարդիկը հեշտութեամբ ստանալով էժան կրէդիտը բանկի մէջ, մի և նոյն ստացած գումարները բարձր տոկոսներով փոխ կը տան միջին և փոքր կարողութեան մարդիկներին։
Ընկերութիւնը կը հասնէր իր նպատակին, եթէ հետևէր այդ տեսակ հիմնարկութիւնների կանօնադրութեան բուն ոգուն և նշանակութեանը, այսինքն առաջարկէր էժան կրէդիտ քաղաքի բնակիչների բազմութեան միջին դասին և նպաստէր արդիւնաւոր դասի արդիւնաբերութեանը...
Բայց արդեօք ա՞յդպէս են անում...
- ↑ Տես. „Փոխադարձ կրէդիտի բանկ“,— Գրիգոր Արծրունու բրօշիւր և նմանապէս անցեալ 1872 թուի „Մշակի“ 14-որդ համարը։