Jump to content

Մշտադալար արյուն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄՇՏԱԴԱԼԱՐ ԱՐՅՈՒՆ


Շուշիի ազատագրման 10-ամյակին


Վերցրու վայրկյանը, ահա, եւ ապրիր
թեւերի հեռուն։ Եվ Ասկոլկայի փամփուշտագոտին հագցրու
երկինքն ի վեր խոյացող Շուշիի պարանոցին՝ որպես վզնոց մի
անձեռագործ։
Սարեր։ Անվերջ սարեր։ Հողմի բերանով քաշված սարեր։
Բարեւ, Արցախ։ Ամեն օր՝ բարեւ։ Միշտ՝ բարեւ։ Յուրի Սահակյան։

Լեռների արանքում ընկած լճակները՝ անանուն ու բոլորակ,
տիեզերքի կապույտն իրենց մեջ վերուվարող նժարներ են,
իսկ ամեն մի արցախցու մեջ
առնվազն հինգ մելիք կա՝ Շահնազարին, իհարկե, չհաշված։

Ժամանակի ճռվողյուններում ընդդիմադիր մի հավք
ոսկե ծղոտի հետ արեւի շողը շիլ է գցել
եւ բույնը հյուսել է ձորապռնկին կրթնած ժայռի թավ միրուքի մեջ։
Ավետարանոց գյուղից մի շինական (Պուղին կլինի) թագավորի էշը
տարել է արածացնելու, մոռացած,
որ արքան դեռ էշի վրա է։

Ճամփաներից հավաքում եմ Բահաթրյան Ավետիքի (երկնած
«գիրք հանճարեղ եւ զարմանալի»), Մուրացանի, Աճառյանի եւ երկրի
մյուս ծառաների ոտնահետքերը՝ կտուցներում

երգի հարգն իմացող արծիվների (թեթեւսոլիկ հավքեր այս կողմերում չկան),
հատիկ առ հատիկ, սուտակ առ սուտակ հելուզում այն պատգամներում,
որ թեպետ հնչում են մեր ականջներում, բայց դեռ չեն ծնվել։

Եվ Ծովից ծով Հայաստանից եկած Սոսի ծառին հասկանալ եմ ուզում, որ
ճյուղերով բազմատարած կախվել է երկնքի ամենահեռու կետից
եւ արմատներով ամուր բռնել է ու երբեք բաց չի թողնելու ձեռքից
տիգրանմեծյան սրբազան մի մասունք,
մի կտոր
Արցախ։
Մինչդեռ Ամարաս վանքում (ասում են՝ Շահնազարն այստեղ
է փորձել քավարանվել)
կոկորդ են պատռում վառվող մոմերը. «Ոչինչ, ոչինչ այնքան
վտանգավոր չէ, որքան բարեգործությունը չարի»։

Վերցրու վայրկյանը, ահա, եւ ապրիր
երկնքի վերադարձը։ Եվ Տիգրան Մեծի փամփուշտագոտին հագցրու
դարերն ի վեր խոյացող Շուշիի պարանոցին՝
որպես դափնեպսակ՝
հյուսված սիրուց, հավերժությամբ եւ հայոց մշտադալար արյամբ։