Jump to content

Մոլագարները կամ կրկնակի մենություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՄՈԼԱԳԱՐՆԵՐԸ ԿԱՄ ԿՐԿՆԱԿԻ ՄԵՆՈՒԹՅՈՒՆ


Համատարած խավարում ինձ որոնում է վառվող մի մոմ,
բայց դեռ չենք հանդիպել։

Անհասանելիի
հրավերք։ Իսկապես՝ ինչից է ամեն ինչը։

Ես հորինում եմ կրկնակի մենություն։
Անհայտ՝ լույսի
ասպետականություն։

Եվ ծաղիկը շատ ավելի իմաստներ ունի, քան
ունի։ Սրտմտում է
հույսը։
Աչքեր՝ ծարավի վրա։

Բորխեսը քայլում է Բորխեսի հետ՝ առանց
«երբ»-ի եւ «որտեղ»-ի։
Ուշ աշնան քամին՝ պառաված աղջիկ,
բերանացի վերհիշում է
նախընտրական տիրադները հնացած աֆիշների։

Օկկամի ածելիներ՝
օրվա աչքերում,
մռութը ջրերին երկարած ամպի մեջ։

Լեզվի տակ հալվող քարեր՝ պարզ ու անհրովարտակ.
1.«Հավատում եմ, քանի որ անհեթեթ է» (Տերտուլիանոս)։
2.«Ապրիր վտանգի մեջ» (Նիցշե)։
3.«Հին տեսությունների կողմնակիցները չեն
վերահամոզվում,
նրանք պարզապես մահանում են» (չեմ հիշում՝ ով)։
Իսկ մեկն էլ (4.) կարծեմ՝ Կանկեն, համառում է անվերջ, թե
Լենինի, Ստալինի, Նապոլեոնի եւ Հիտլերի հասակը չէր անցնում
163 սմ-ից.
հետո ի՞նչ։ Իսկ եթե անցնե՞ր։ Իբրեւ թե՝ չափո՞ղն ով է եղել։
Միամիտ է ամեն «ինչու», անսահմանությունը՝ տխուր գիտություն։

Գիշերվա դուռը մնացել է կրնկի վրա բաց եւ
խավարը՝ մարած աստղերի տաք մոխիրներով,
դուրս է հորդացել
մինչեւ առավոտ։

Տեսնում եմ ծառն այն,
որը չեմ տեսնում։
Լսում եմ ձայնն այն,
որը չեմ լսում։

Ինչ որ ստվերներ հանգչող աստղերը մեկ-մեկ տանում են
պատգարակի վրա։ Հարցեր չկան։ Անում է այն, ինչ անում է,
խե՜ղճ, խե՜ղճ մարդ, ուրիշ ինչ կարող է անել։

Ես իմ ներկայությունը ցրում եմ տիեզերքում, ինքս ինձանից
պոկվում եմ առաջ։ Ես պարզում եմ դեռ չբուսած ծաղիկներ։
Եվ շտապում եմ միանալ նրանց,
ովքեր ապագայում ինձ ոչնչացնելու են։