Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի (16 մարտի, 1921թ.) փորձաքննությունը՝ ըստ միջազգային իրավունքի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի (16 մարտի, 1921թ.) փորձաքննությունը՝ ըստ միջազգային իրավունքի

Արա Պապյան

Այդ ժամանակ՝ 1921թ. մարտի 16-ին, բոլշևիկները պայմանագիր կնքեցին Քեմալի հետ, որով Թուրքիային հանձնեցին Հայաստանի Հանրապետության մի մասը, երկու այլ մասեր տվեցին Ադրբեջանին, և մնացորդի վրա փակցրեցին «Սովետական Հայաստան» պիտակն ու բռնակցեցին Ռուսաստանին:
Ջեյմս Ջերարդ, ԱՄՆ դեսպան Գերմանիայում (1913-17թթ.)[1]

Այսօր՝ մարտի 16-ին, լրանում է Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի (16 մարտի, 1921թ.) 86-րդ տարելիցը: Հիրավի տարելիցը, քանի որ նշյալ պայմանագրից է ածանցվում Կարսի պայմանագիրը (13 հոկտեմբերի, 1921թ.), որով, ըստ ոմանց, «որոշվում է» հայ-թուրքական սահմանը:

Sասնյակ գրքեր ու հարյուրավոր հոդվածներ են գրվել Մոսկվայի պայմանագրի մասին, սակայն, որքան էլ տարօրինակ է, միջազգային իրավունքի տեսանկյունից երբեք չի կատարվել պայմանագրի փորձաքննություն՝ որոշելու համար նրա վավերական կամ ոչ վավերական (valid or not valid) լինելը:

Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական ուղեցույց-ձեռնարկի, «միջազգային պայմանագրերը համաձայնություններ են միջազգային իրավունքի սուբյեկտների միջև, որոնց միջոցով նրանք ստեղծում, փոփոխության են ենթարկում կամ դադարեցնում են փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները»:[2] Սա ամրագրված է Պայմանագրային իրավունքի վերաբերյալ 1969թ. Վիեննայի կոնվենցիայի մեջ: Կոնվենցիայի հոդված 2 {1} {ա}-ն պայմանագիրը բնորոշում է որպես «պետությունների միջև գրավոր կերպով կնքված և միջազգային իրավունքի վրա խարսխված միջազգային համաձայնություն»: Այսինքն, պայմանագրի օրինականության համար վճռորոշ է միջազգային իրավունքին համապատասխանելը: Ըստ այդմ, անհրաժեշտ է, որ պայմանագիրը կնքող կողմերից յուրաքանչյուրը լինի միջազգայնորեն ճանաչված պետության օրինական կառավարության լիազոր ներկայացուցիչը:

Ինչպես գրված է Մոսկվայի պայմանագրի նախաբանում, այն կնքվել է «Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության» միջև: Քանի որ ցանկացած պայմանագրի կարգավիճակ ածանցվում է այն ստորագրողների իրավական կարգավիճակից, ուստի առաջին հերթին պետք է հստակեցնել նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակը 1921թ. մարտի 16-ի դրությամբ:

I. Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Սովետական Հանրապետության (РСФСР, ՌՍՖՍՀ) կարգավիճակը 1921թ.-ին:

Պայմանագիրը կնքելու պահին չկար «ՌՍՖՍՀ» ճանաչված պետություն, հետևաբար՝ միջազգային իրավունքի սուբյեկտ: Բնականաբար նրա կառավարությունը չուներ որևէ միջազգային պայմանագիր կնքելու իրավասություն: ՌՍՖՍՀ-ի, արդեն ԽՍՀՄ տարազով, միջազգային օրինական ճանաչումը սկսվել է միայն 1924թ.-ից՝ Մեծ Բրիտանիայի ճանաչումով (1 փետրվարի, 1924թ.):[3] Մինչև 1924թ. տեղի ունեցած «ճանաչումները» չեն առաջացրել որևէ իրավական հետևանք, քանի որ իրենց հերթին բխել են չճանաչված երկրներից կամ վարչախմբերից: Որպեսզի ճանաչումն օրինապես համարվի այդպիսին, այն պետք է կատարվի իր հերթին օրինականորեն ճանաչված միջազգային իրավունքի սուբյեկտի կողմից:[4] Օրինակ, 1920թ. սովետական կառավարությունը ճանաչել է Բալթյան երկրները, սակայն այդ ճանաչումը չի ընդունվել Դաշնակից ուժերի կողմից, այն հիմնավորմամբ, որ սովետական կառավարությունն իր հերթին օրինապես ճանաչված չէր:[5],[6] Նման մոտեցումը երկրորդվել է դատական վճիռներով: Այսպես, ՌՍՖՍՀ ընդդեմ Սիբրարիոյի (RSFSR vs. Cibrario) դատական գործում (1923թ.) ԱՄՆ դատարանը մերժել է ընդունել սովետական կառավարության հայցն այն հիմնավորմամբ, որ վերջինս ճանաչված չէ:[7] Նմանատիպ վճիռ, նույն հիմնավորմամբ կայացրել է Շվեդիայի Գերագույն դատարանը Սովետական կառավարությունն ընդդեմ Էրիքսոնի (Soviet Government vs. Ericsson) գործում (1921թ.):[8]

Վերոհիշյալ և տասնյակ այլ դատական վճիռներ և կառավարական որոշումներ վերահաստատում են միջազգային իրավունքի այն սկզբունքը, որ առանց ճանաչման կառավարություններն իրավական տեսնանկյունից գոյություն չունեն, հետևաբար որևէ իրավական գործունեություն (պայմանագրերի կնքում, քաղաքացիության շնորհում կամ զրկում, մասնակցություն դատական գործընթացին և այլն) չեն կարող ծավալել:[9]

II. Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կարգավիճակը 1921թ.-ին:

Ըստ էության, սովետական իշխանության և կառավարության վերաբերյալ վերոգրյալն ամբողջովին վերաբերում է նաև, այսպես կոչված, «Թուրքիայի Ազգային մեծ ժողովի» կառավարությանը, որի անունից թուրքական կողմը ստորագրել է Մոսկվայի պայմանագիրը: Հիշարժան է, որ անգամ քեմալականները որևէ հավակնություն չունեին օրինական իշխանությունների առկայության դեպքում իրենց համարելու Թուրքիայի լիազոր ներկայացուցիչներ: Նրանք պայմանագրերը կնքում էին ոչ թե Թուրքիայի կամ Թուրքիայի կառավարության անունից, այլ՝ «Թուրքիայի Ազգային մեծ ժողով» կառույցի «կառավարության»: Թուրքիայի Ազգային մեծ ժողովն իր կարգավիճակով հասարակական կազմակերպություն էր (NGO), և նրա մեջ միավորված էին նախկին պատգամավորներ, պաշտոնանկ զինվորականներ ու պաշտոնյաներ: Նմանօրինակ կազմակերպություններ եղել են ու կան աշխարհի զանազան երկրներում, այդ թվում նաև՝ Հայաստանում: Մուստաֆա Քեմալի վարչախումբը որևէ իրավական հիմք չուներ միջազգային հարաբերություններում ներկայացնելու թուրքական պետությունը: Աներկբայորեն, առնվազն մինչև 1922թ. նոյեմբերը, այսինքն՝ սուլթան Մուհամմեդ VI-ի մեկնումը Թուրքիայից, վերջինիս կառավարությանն էր վերապահված Թուրքիայի անունից միջազգային հարաբերությունների մեջ մտնելու իրավունքը, և միայն սուլթանն էր կարող, ըստ Օսմանյան կայսրության սահմանադրության 7-րդ հոդվածի, լիազորել որևէ անձի՝ հանդես գալու երկրի անունից:[10]

Ընդհանրապես քեմալականների շարժումը սկզբնավորվել ու ընթացել է օսմանյան սահմանադրության ոտնահարումով և միջազգային իրավունքի խախտումով, որոնք են երկրի օրինական իշխանության՝ սուլթան-խալիֆի, դեմ ապստամբությունը և Մուդրոսի զինադադարի (30 հոկտեմբերի, 1918թ.) ոտնահարումը: Մուստաֆա Քեմալը 1921թ.-ին պարզապես փախուստի մեջ գտնվող քրեական հանցագործ էր: Այդ իսկ պատճառով դեռևս 1920թ. ապրիլի 11-ին կայսրության բարձրագույն կրոնավորի՝ շեյխ-ուլ-իսլամի, ֆեթվայով (կոնդակով) Մուստաֆա Քեմալը մահվան էր դատապարտվել: Նրա նկատմամբ նույն տարվա մայիսի 11-ին մահապատժի վճիռ էր կայացրել նաև թուրքական ռազմական դատարանը: Այս դատավճիռը 1920թ. մայիս 24-ին հաստատվել էր սուլթանի կողմից: Ի դեպ, Քեմալի և քեմալականների նկատմամբ քրեական հետապնդումը կարճվել է միայն 1923թ. հուլիսի 24-ին՝ ներման համապատասխան հայտարարագրով:[11]

Ի լրումն սրա, Մոսկվայի պայմանագրի Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի ևս մի խախտում է, քանի որ «պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար առանց վերջինիս համաձայնության»:[12] Այս հիմնադրույթն ամրագրված է Պայմանագրային իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 34-րդ հոդվածում. “A treaty does not create either obligations or rights for a third State without its consent”:

Այսպիսով, ըստ վերոշարադրյալի, Մոսկվայի պայմանագիրը.

ա) անօրինական է ու անվավեր;
բ) այն չէր կարող որևէ պարտավորություն պարունակել Հայաստանի Հանրապետության համար, առավել ևս՝ որոշել հայ-թուրքական սահմանը (պայմանագրում՝ հոդված 1) կամ Նախիջևանը որպես պրոտեկտորատ հանձնել Ադրբեջանին (պայմանագրում՝ հոդված 3), քանի որ Մոսկվայի պայմանագիրը կնքվել է միջազգային իրավունքի դարեր ի վեր գործող պարտադիր և անբեկանելի մի քանի հիմնադրույթների (jus cogens) բացահայտ ոտնահարումով: Իսկ ինչպես ամրագրված է Պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի կոնվենցիայի 53-րդ հոդվածում. «Պայմանագիրն անվավեր է, եթե կնքվելու պահին հակասել է միջազգային հանրային իրավունքի անբեկանելի հիմնադրույթին»:


Հղումներ և ծանոթագրություն[խմբագրել]

  1. Report [Pursuant to H.Res. 346 & H.Res. 438]. Communist Takeover & Occupation of Armenia, 83rd Congress 2nd Session, House of Representatives, Rept. 2684, Part 8, 31 Dec 1954, p. 14.
  2. Sorensen M. Manual of Public International Law. New York, 1968, p. 38.
  3. Toynbee A.J. Survey of International Affairs 1924. London, 1926, p. 491.
  4. Moore J.B. Digest of International Law. Washington, 1906, v. I, p. 73.
  5. Մինչև 1924թ. փետրվարի 1-ը տեղի ունեցած, այսպես կոչված, ճանաչումները չեն ստեղծում որևէ իրավական հետևանք, քանի որ դրանք չճանաչված երկների կամ իշխանությունների կողմից էին. Էստոնիա 02.02.1920; Լիտվա 30.06.1920; Լատվիա 11.08.1920; Lեհաստան 12.10.1920; Ֆինլանդիա 14.10.1920; Պարսկաստան 26.02.1921; Աֆղանստան 28.02. 1921; Թուրքիա 16.03.1921; Մոնղոլիա 05.11.1921 (Schuman F.L. American Policy toward Russia since 1917: A Study of Diplomatic History, International Law and Public Opinion. London, 1928, p. 351).
  6. Papers Relating to the Foreign Relations of the United States, 1920. Washington, 1936, v. III, p. 462. (The Secretary of States (Colby) to the Ambassador in Great Britain (Davis), August 2, 1920, p. 461-3).
  7. Hudson M.O. Annual Digest of Public International Law. Cambridge, 1931-1932, Case No 28.
  8. Ibid, Case No 30.
  9. Chen T.-C. The International Law of Recognition, London, 1951, p. 138.
  10. O’Connell D.P. State Succession in Municipal Law and International Law, Cambridge, 1967, v. I, p. 211.
  11. Amnesty Declaration and Protocol, signed 24 July 1923.
  12. Jankovic B.M. Public International law. NY, 1984, p. 302.


առաջին անգամ տպագրվել է ԱԶԳ օրաթերթում,
16 դեկտեմբերի, 2007թ., էջ 4