Jump to content

Մուկն ու կատուն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մուկն ու կատուն

Մուկն ու կատուն


Պատահեց որ,
Եղավ մի օր,
Մուկն ու կատուն
Ծլկեցին տուն։
Մուկը՝ դռան տակի ճեղքով,
Կատուն՝ կոտրած վերի փեղկով։
Մուկը վազեց մտավ ծակը,
Կատուն ցատկեց թախտի տակը...
Ու այսպիսով նա հազիվհազ
Կատվից փախավ առանց վնաս։
Մուկը բնում
Երբ սիրտ առավ,
Իր թշնամուն
Բերանն առավ.
— Ա՜յ գլխամեռ, անխի՛ղճ կատու,
Ի՞նչ ես ուզում ինձանից դու,
Քանի՞ կտրես մերոնց ճամփեն,
Ախր, մի տես, նրանք քո չա՞փ են։
Երնեկ կըլնի՞, որ սատկես դու,
Բոյդ մեկնած տեսնեմ ես քու...
Ու մուկն այս
Խայտառակեց
Էն չաք կատվին,
Էն անպատվին։
Լսեց կատուն
Առանց ծպտուն
Եվ լուռ ու մունջ
Քաշվեց մի քունջ…
Մարաղ մտավ, աչքը չռեց,
Ուշի–ուշով ականջ դրեց,
Բայց ինչքան նա խորամանկ էր,
էնքան մկան միսը թանկ էր.
Ո՞նց մտներ նա մկան ծակը,
Նրան գցեր իրեն ճանկը...
Սպասեց երկար,
Մուկը չկար...
Վերջն ինքն իրան
Շշպրեց նրան.—
— Կա՛ց դու հալա, մկան լակոտ,
Շուտով կեփեմ ես քո կորկոտ...
Երբ որ հանկարծ գլխիդ չամփեմ
Ու սաղ ջանդ փորս ճամփեմ,
Էն ժամանակ կասեմ ես քեզ,
Թե ի՞նչ զալում պտուղ եմ ես...
Ասավ, գնաց
Մլավելով,
Սաստիկ քաղցած
Զկռտալով։