Մուսայիս (Եղիշե Չարենց, Ահա կրկի՛ն ինձ հետ ես, ահա կրկի՛ն)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մուսայիս

Եղիշե Չարենց

Ահա կրկի՛ն ինձ հետ ես, ահա կրկի՛ն,
Իմ բարեկա՛մ, ընկե՛ր, իմ զինակի՛ց։
Ունկնդիր եմ լինում ահա երգիդ
Ես կարոտով, սիրով վաղվաղակի[1]։

Քո խոսքերում հիմա, քո մտերիմ
Զրույցներում և խո՛ր, և չմարող —
Զարմանալի հստակ քո երգերում
Թախի՛ծ, թախի՛ծ կա ջինջ, անափ կարոտ։—

Ինչքա՜ն եմ ես, գիտե՞ս, սիրում հիմա
Ոգի՛, ոգի՛ սրբող, բայց չկրծող
Այդ ջինջ թախիծը քո խինդանման,
Այդ տխրությունը քո ստեղծագործող...

Հայացքներում պահած պայծառ թախիծ՝
Այդպես ճամփորդն է լոկ տխրում արի,
Այն հոգնաջան ճամփորդը, որ կատարից
Ե՛տ է նայում՝ անցած ճանապարհին։ —

Այդ ե՞րբ է նա անցել այդքան ուղի,
Եվ օրը ո՞նց դարձավ արդեն կեսօր...
Բայց չի՛ փոխվում այդ վիշտը մառախուղի,
Այլ քրտինք է դառնում՝ մաքրող ու զով։—
Եվ սրբելով քրտինքն իր ճակատից՝
Նա բարձրանում է վեր, քայլում կրկին,
Բայց աչքերում մնում է արդեն թախիծ
Եվ կարոտ է ձուլվում նրա երգին...

Մենք դեռ երկա՜ր պիտի քեզ հետ գնանք,
Իմ բարեկա՛մ, ընկե՛ր, իմ զինակի՛ց։—
Օ, թո՜ղ թախիծը այդ պայծա՛ռ մնա
Ու չցնդի երբեք քո ճակատից։—

  1. վաղվաղակի — անմիջապես, իսկույն, շուտափույթ, շտապ, հապճեպ: