Նախ՝ աղջիկ էիր դու մի հասարակ,
Որ դեմս ելար օրերում դժնի։
Անձրև էր մաղում իմ գլխին բարակ,
Ու չկար կյանքում սրբազան կրակ, 5
Ու լույսն էր ծորում երբեմն լուսնի։
Գգվեցիր դու ինձ գգվանքով քնքուշ,
Ինչպես լուսնահար աղջիկն է գգվում,
Երգեցիր սրտիս ցնորքներ ու հուշ,
Քնարդ եղավ անզոր ու անուժ 10
Եվ բեկվեց, ինչպես ուռին է բեկվում։
Գունատ էիր դու, ինչպես մահամերձ,
Եվ չգիտեին շրթերդ խնդալ.
Եվ տխուր էին գգվանքները մեր,
Եվ սերդ, ինչպես լուսնահարի սեր, 15
Անկիրք էր այնպես ու սանտիմենտալ։
Ի՜նչ իմանայի օրերում ես այն,
Որ այնքան անկյանք քո երակներում
Բարիկադների հրերում անանց
Մարտիրոսաբար մարտնչող կանանց 20
Բորբ, հերոսական արյունն է եռում։
Որ բացվես պիտի օրերում դու նոր,
Ինչպես ծաղիկն է արևից բացվում,
Որ քո քնարի երգերը բոլոր
Այն դժնի, խեղդող ու աղետավոր 25
Օրերից են լոկ թախիծով լցվում։
Եվ դու մեռնեիր երևի ինձ հետ՝
Անձրևից հյուծված և հրակարոտ —
Այն փոթորիկը եթե չցնցեր
Եվ մրրիկը այն եթե չխանձեր 30
Քո դեմքը իր ջինջ, կենսատու հրով։
Հառնեցիր հանկարծ վիթխարի թափով
Դու շռնդալից այգին ընդառաջ.
Լցված հողմային օրերի տապով՝
Կանգնեցիր՝ ձեռքիդ պայքարի շեփոր, 35
Եվ դարձար այնքան նոր ու անճանաչ:
Դու նզովեցիր օրերը քո հին՝
Այնքան անկրակ ու մեռած այնքան,
Եվ, գնդերի հետ ելած գրոհի,
Որպես մի կարմիր ամազոնուհի 40
Դու շեփորեցիր կռիվ ու պայքար։
Գեղեցի՜կ էիր այն ժամերին դու
Ու զարհուրելի, ինչպես կռվի երթ.
Հնչում էր իմ մեջ քո երգը խնդուն,
Եվ հեռուներում քո երգն էր թնդում, 45
Ինչպես վիթխարի հաղթանակի երգ։
Դու ջահել էիր, դու երիտասարդ,
Արյունն էր քո մեջ հողմերի եռում.—
Երգում էիր դու խնդուն ու զվարթ,
Եվ ձայնդ — վաղվա հավատով անմար — 50
Թնդում էր մարտի անպարտ դիրքերում:
Եվ այդպես ջահել, և այդպես խնդուն
Անցար դու ինձ հետ դաշտերով հրե,
Երգեցիր անխոնջ, երգեցիր անդուլ,
Երգեցիր անմար, անհուն եռանդով, 55
Մինչև դիրքերում մարտը դադարեց:
Իմ ե՛րգ, իմ քնա՛ր, օրերի միգում
Ինձ անդարձ տրված արևոտ իմ կին,—
Դու անկեղծ էիր ինձ հետ, ինչպես քույր.
Դու պայծառ էիր ու անչափ մաքուր— 60
Թքեցի սակայն ես մի օր դեմքիդ...
Դավաճանեցի մի գիշեր ես քեզ,
Ուզեցի ընտրել սիրուհի մի սառ,
Որ ինձ երկաթե երազներ երգեր
Եվ առանց սիրո ու առանց կրքի 65
Տաներ ինձ մի նոր, երկաթե աշխարհ:—
Քո պայծառ, մաքուր շունչը կենդանի
Ուզեցի փոխել ես բետոնի հետ,
Սիրտս դարձնել պողպատե անիվ,
Երես դարձնել անդարձ քեզանից 70
Եվ դառնալ անկիրք աշխարհի պոետ:—
Երեխայական մի խանդաղանքով
Ես Ի՛րն ընտրեցի իբրև հարսնացու,
Եվ երգս դարձավ անուժ ու անթով.
Եվ մոլորվեցի իրերի բանտում, 75
Եվ գլխիս իջավ մառախուղը ցուրտ:
Եվ, սիրտս կտրած մարդուց ու հողից.
Ես դեգերեցի անտուն ու անքուն,
Արյունս դարձավ արնահամ օղի,
Եվ ես, կորցրած եռանդ ու ուղի` 80
Անվերջ գնացի անկումից անկում։—
Չկարողացա՝ ես կրել կյանքում
Պայծառ անունը քո, որպես դրոշ,—
Եվ գլխիս իջավ խավարը անդուռ,
Եվ ես հասկացա, որ դու՛ ես, այդ դու՛ 85
Ինձ հետապնդում հատուցման սրով։
Եվ ոռնացի ես, ինչպես մահամերձ
Գազանն է ոռնում մահվան սարսափից,
Ձեռքերս ահո՛վ կարկառեցի քեզ,
Կարոտով անհուն կարոտեցի ես 90
Կենդանի շնչիդ, հրիդ ու տապիդ:
Եվ մահամերձն է ինչպես հայցում օդ`
Գլուխը դրած արնահոտ բարձին,—
Այդպես մահամերձ ու հրակարոտ,
Սրբելով ոգիս տանջանքի հրով, 95
Ես սպասեցի քո վերադարձին։—
Վերադարձել ես դու կրկին ահա
Անչափ դժվարին մի ճանապարհով.
Ձեռքիդ ծանրաձույլ մի քնար պահած`
Կանգնել ես կրկին դու կողքիս, սակայն 100
Համա՛ռ ես հիմա ու խստաբարո:
Էլ չես դու այնքան անփույթ ու թեթև,
Ինչպես այն ջահել ամազոնուհին.—
Ոգով դու կրկին անխոնջ ես թեև,
Կանգնել է սակայն քո գլխի վերև 105
ինչպես ուրվական — հոգսը ամեհի:
Պայքար է կրկին քո շուրջը հիմա
Եվ զենքեր են պետք ավելի՛ հատու,
Եվ այս ամեհի պայքարի համար
Նոր զենքեր պիտի կռես հիմա դու. 110
Եվ պետք է լինես ավելի՛ համառ,
Ավելի՛ զգաստ, ավելի՛ արթուն։
Դու կերգես հիմա անխոնջ ու անդուլ,
Քրտինքով թրջած երես ու ճակատ,—
Եվ, ինչպես խոփը քարաշատ արտում, 115
Միտքը կհերկես այսօրվա մարդու,
Մինչև գրոհի ժամանակը գա։
Եվ ժամը երբ գա — դու կրկի՛ն, կրկի՛ն,
Ինչպես անցյալում կոմունար կանայք —
Ամպրոպադղորդ քնարը ձեռքիդ, 120
Գրոհի վսեմ երգը շրթունքիդ
Դիրքերում ինձ հետ կկանգնես անահ։
Եվ ընկնեմ երբ ես՝ իմ սրտից զարկած —
Կմեռնես ինձ հետ ժպիտով հանգիստ,
Եվ կցրտանա քնարդ հանգած՝ 125
Մեռնելուց առաջ մի վերջին անգամ
Ողջույն հնչելով ապագա կյանքին...