Jump to content

Մուսայից մուսային

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՄՈՒՍԱՅԻՑ ՄՈՒՍԱՅԻՆ

Մուսա՛ գողտրիկ, շարժի՛ր անույշ,
Հա՛ր յոթնաղի քնարը,
Հնչե՛, ինչպես հնչում էիր
Ապողոնի ձեռումը։
5 Երբ հայր աստվածը բարկացած'
Նորան քշեց շանթահար,
Դու աստվածները Պարնասից
Ցած բերեցիր հովվաց պար։

Մի՛ մոռանար, ինչպես անույշ
10 Տրմոսիրյա դու ձեռին
Անապատումը հնչեցիր,
Երբ հուսահատն առանձին
Մահ էր խնդրում ճարակտուր,
Սփոփեցիր դու նորան.
15 Ծառք ու անտառը, լերինք, գազանք
Քու ձայնով թունդ թմրեցան։

Դու հնչեցիր Պտրնասումը,
Երբ Արամազդ հաղթական
Տիտանները քշեց երկնքից
20 Դեպի անդունդ անսահման։
Չեմ մոռացել և Հոմերը,
Որ քեզ առած յուր ձեռին՝
Հունաց հերոսները երգեց
Ու քանդըվիլ Եղիոնին։

25 Բա՛վ է որքան խեղճ Արարատ
Զրկըվեցավ քու ձայնից.
Հիշի՜ր, քանի՜ դեպի Պարնաս

Իռիս հասավ նորանից.
Խնդրեց Մուսայիդ քնարը,
30 Խնդրեց Մուսայից պարը,
Հյուր ընդունել յուր ծոցի մեջ,
Որ ծածկել է սառույցը.....

Շարժի′ր, Մուսա′ Արարատի
Որդվո ձեռի քնարը,
35 Քեզի կօրհնե միշտ անմոռաց
Արարատի ծնունդը։
Եթե կորուց թագն ու սուրը,
Գանձ, Գավազան, Աթոռը, .
Թո′ղ քու անույշ աղյաց ձայնը
40 Ըսփոփե նորա սուգը։

Մի՞թե անխիղճ ես դու այնքան,
Կամ կեղծավոր, երկերես,
Որ ողջ աշխարհ սփոփելով՝
Թողուս Հայաստանն անտես։
45 Հայաստանի եթե նախնի
Ծնունդները քեզ մեղան,
Ի՞նչ է մեղքը այժմյանների,
Որ քեզանից զուրկ մնան։

Հնչի′ր, Մուսա′, քո ոգեշարժ
50 Աստվածային քնարը,
Թո′ղ մի խնդա մայրն Հայաստան,
Թո′ղ մի լսե քու ձայնը։
Թո′ղ սրբե նա արտասուքը
Բազմադարյան երեսից։
55 Սատուռնոսի անխիղճ գործը
Թո′ղ հեռացնե յուր մտքից.....

Գոնե տեղիք տուր ասելու.
«Երջանիկ եմ, իմ զավակք,
Մուսաները ինձ սիրում են
60 Իմ կարոտի փոխանակ...»
Հնչեց ահա՛ քնար քաղցրախոս,
Շարժեց երկինք ու գետին,

Արարատից դեպ Արագшծ
Շատ արձագանք խաղացին։

65 «Զուր ես խնդրում,— ասաց Մուսան,—
Որ բնակիմ Արարատ.
Նորա որդիքը քնարիս
Միշտ թշնամի են անհաշտ,
Ամեն մինը դանակ ձեռին
70 Աշխատում է անհանգիստ'
Իմ քնարի թելը կտրել,
Ես փախչում եմ նոցանից:

Արարատը սառուցապատ
Զըրկըված է կանաչից...
75 Սոխակները հալածված են
Ագռավների սև գնդից։

Ես անխիղճ չեմ, ոչ երկերես,
Ամենուն կտամ բաժին,
Միայն քնարս հնչեն նոքա
80 Յուրյանց հոգուն առանձին։

Արարատի թող մոտումը
Թո′ղ ագռավներ թրթռան,
Անուշ սոխակների փոխան
Թո′ղ բուերը միշտ վայ տան։
85 Անարժան է իմ քնարին
Դեռ Հայաստանն, լսի′ր ինձ,
Նորան չի լինիլ խնայիլ,
Քանի փախչում է լուսից։

Լսեցե′ք ինձ, Արարատի
90 Որդիք, որոնց հյուր եկա,
Միայն ձեր միջում հնչեցե′ք
Իմ քնարը յոթնաղյա»։