Կապույտը այսօր արթուն է քո մեջ,
ինչպես գետերի առավոտներում
երկնի ծաղկումը,
եւ դու գնում ես քո հուշերի հետ,
չանցած օրերով տերեւակալում։
Նայիր, տես, ահա,
ծառի բարձրաբերձ սաղարթի վրա
արեւկող արած մրջյունը ելավ,
ժպտաց աշխարհին՝
գարնանադուռ է,
իսկ բացատի մեջ առաջին անգամ
ձիաճանճ տեսած ձիուկը վարգում,
տրտինգ է տալիս
մոր աչքի առաջ։
Եվ արթնանում են նրա քայլերում
վազքի անծանոթ ճանապարհները։
Դու մրջյունի հետ կիսում ես նրա
աշխարհին հղած ժպիտը անհուն,
ապա ճամփեքի շաղը առնում ես՝
բռնած ձիուկի
չբուսած բաշից...
Մաքուր մանկություն։
Հետո կապույտը, մրջյունը եւ դու,
ձին ու ձիուկը
ճամփա եք ընկնում - անվերջ գնում եք։
Անվերջ գնում եք ու ճամփա չկա։
Անվերջ գնում եք
ու վախճան չունի ոչ մի ճանապարհ։
Կապույտը ձեր մեջ միշտ արթուն լինի,
արթնացավ այսօր կապույտը իմ մեջ...