Jump to content

Մրջյուններ և խլուրդ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մրջյուններ և խլուրդ

Մրջյուններ և խլուրդ


Գարնան ջերմ օրին մայր-երկրի երես
Ջերմ գործի ելան արի մըրջյուններ.
Վազեցին հա՛ դեն, վազեցին հա՛ դես,
Որպես ժըրաջան, անխոնջ մշակներ։

Եվ կարճ միջոցում, պարտիզի խորքում
Կանգնեցրին մի տուն — հողաշեն թըմբիկ,
Եվ ապրում էին ամենքն այդ շենքում,
Ասես, մի՛ սիրով կապված ընտանիք։

Բայց մի օր (ավա՜ղ, երկրի երեսից
Չարն է անպակաս) խըղճուկ մրջյուններ
Հոգնած, ուժասպառ տուն գալով գործից,
Տեսան տունն իրանց քանդված ու ավեր…

Ստորերկրյա ճամփով, թաքուն գողի պես,
Սուսիկ փորելով սիրուն շենքի տակ,
Լույս-արևն ատող խըլուրդն էր այդպես
Խեղճ մըրջյունների ավերել վաստակ։

Լույսի մշակնե՛ր, երբ կյանքի գարնան
Գործի եք ելնում, դուք մի՛ մոռանաք,
Որ մեզնում նույնպես խըլուրդներ շա՜տ կան —
Թաքուն փոս փորող ամեն գործի տակ…