Jump to content

Մ․ Նալբանդյանի հիշատակին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Մ. Նալբանդյանի հիշատակին

1847 թվականին 18 տարեկան Միքայել Նալբանդյանը գրագիր է եղել Նոր-Նախիջևանի հոգևոր կառավարության մեջ։

1887 թվականին էլ 18 տարեկան ես էի գրագիր Թիֆլիսի հայոց Կոնսիստորիայում։

Շատերը կհիշեն, թե ութսունական թվականներին ինչքան քիչ էր գիրքը Թիֆլիսում, և ինչ դժվարությամբ էր ընթերցանության գիրք ճարվում՝ թե հայերեն, թե ռուսերեն։ Դժվար էր մանավանդ ինձ նման մի օտարական պատանու համար։

Ներսիսյան դպրոցն էլ իսկի չավարտած՝ գրեթե բացարձակ անգետ էի ինչպես ամեն գիտության՝ էնպես էլ գեղարվեստին ու գրականությանը, թեև մեծ սեր ու ձգտում ունեի, մանկուց էլ ոտանավորներ էի գրում։ 18 տարեկան էի դարձել և միայն մի քանի գիրք էր անցել ձեոքս, էն էլ մեծ մասամբ պատահմունքով։ Եվ ահա էդպես պատահմունքով էլ էդ ժամանակները ձեոքս ընկան «Հյուսիսափայլի» համարները։

Շատ սիրեցի էդ բաց կապույտ, շողարձակ տետրակները և պատանեկան ոգևորությամբ կարդում էի։ Առանձնապես դուր էին եկել Կոմս Էմանուելի հիշատակարանն ու մյուս գրվածքները, Ս. Նազարյանի խորհրդածություններն ու թարգմանությունները և Սադաթյանի թարգմանած՝ Լերմոնտովի «Դևը»։

Էսպես էլ իմ շատ կարդացած ու սիրած գրքերից մինը եղավ «Հյուսիսափայլը»։ Սրամով էլ պետք է բացատրել էն երեվույթը, որ իմ էն ժամանակներում գրած ու 1890–1892 թվականներին Մոսկվա տպած ոտանավորների մեջ պատահում են «Հյուսիսափայլի» ոչ միայն ոճերն ու դարձվածքները, այլև մինչև անգամ բառերն ա բառերի ձևերը,— սեղանակապուտ, գիշերատեսիլ, հարցանել, մեռանել, և այլն։

Չէ՞ որ ամեն մի գրող ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ իրենից առաջ եղածների ազդեցությունների համագումար— մեկից շատ, մյուսից քիչ, որ ընդունում, հալում է իր ոգևորության հնոցի մեջ ու ձուլում, ձևակերպում իր ճաշակով։

Եվ էսօր, «Հյուսիսափայլի» մեծ աշխատակցի մահվան հիսնամյակի օրը, առանձին սիրով ու երախտագիտությամբ եմ ետ նայում դեպի էն օրերը, երբ հափշտակված կարդում էի նրա գրվածքները և առհասարակ դեպի «Հյուսիսափայլը», ինչպես իմ պատանեկության հարազատներից մեկին։

Հետո, իհարկե, աչքս ավելի բաց անելով ու ավելի մեծ գրականությանը ծանոթանալով՝ տեսա, որ ես իմ պատանեկան անգիտության ու ոգևորության մեջ՝ ոչ իմացած եմ եղել, ոչ էլ նկատած «Հյուսիսափայլի» պակասությունները, և միմիայն նրա լավ կողմերով եմ եղել տարված։ Չեմ իմացել թե պարսավագիր կա Կոմս Էմանուելի «Մեռելահարցուկի» մեջ, թե «Տեսիլքի» մեջ Գիրսասը Սարգիս եպիսկոպոս Հասան Ջալալյանն է՝ անհատական քենից էնքան սևացած, չեմ իմացել, թե իր բանաստեղծությունները առնված են Բերանժեից ու Հայնեից, մի խոսքով՝ նրանից առել եմ էն, ինչ որ լավն է ու պայծառ, ճիշտ երեխայի կամ լավ ընթերցողի նման։ Եվ էսօր օրհնում եմ էդ երջանիկ միամտությունը ու մազաչափ անգամ իմ սերն ու հարգանքը չի պակասում թե՛ դեպի ամբողջ «Հյուսիսափայլը» առհասարակ, թե՛ դեպի Մ. Նալբանդյանը առանձնապես։ Ինչ որ պակասություններ են՝ եղել են իրեն ժամանակինն ու պայմաններինը, և շատերը նույնիսկ շատ հեշտ բացատրելի ու հասկանալի են, իսկ միշտ կենդանի, միշտ վառվռուն ու միշտ որոնող հոգին ու ազատ շունչը իր անկապտելի էությունն է եղել։ Եվ, վերջապես, ինչի՞ս են պետք նրա մանր մունր անցավոր պակասությունները, որ նրանից հազար անգամ ավելի շատ կյանքում ունի ամեն մի մարդ, ամեն օր, ամեն քայլափոխի վրա, ինձ էսօր նրա հավերժական լավությունն է զբաղեցնում, որ միլիոնավորներից մեկը չի ունենում։

Շատ հալածական ու չարքաշ կյանք է անցկացրել մեր Նալբանդյանը, բայց նույնիսկ էդ հալածանքների մեջ էլ բարձրացել է նա։ Հալածվելով էլ միշտ դեպի վեր է գնացել, ոչ թե դեպի վար։ Հալածել են,— Նոր-Նախիջևանից Մոսկվա է փախել և եկեղեցու դպրի ու հոգևոր կառավարության քարտուղարի պաշտոնից հասել է Լազարյան ճեմարանի ուսուցչությանը և «Հյուսիսափայլի» գլխավոր աշխատակցի բարձրությանը։ Էլի են հալածել.— Մոսկվայից էլ արտասահման է անցել, դարձել իր ժամանակի լուսավոր աշխարհքի սակավաթիվ առաջադեմ մարդկանցից մինը, ճոխացած եվրոպական գիտությունով ու լայն, ազատական մտքերով, լավագույն մտածողների ու գործիչների ընկերն ու մտերիմը։ Հալածանքի մեջ էլ վերացել է մեր կյանքի անձուկ ու վատ մթնոլորտից դեպի էն հավերժական բարձրությունը, որտեղից դենը էլ տեղ չկա լավ հոգիների համար, և ընդմիշտ հավերժացել է Հայոց Գրականության համաստեղության մեջ ու դարձել նրա ամենավառ, ամենապայծառ աստղերից մինը։

1916