Jump to content

Յասնայա Պոլյանայում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

5. ՅԱՍՆԱՅԱ ՊՈԼՅԱՆԱՅՈԻՄ

Երբ ես գնում էի Յասնայա Պոլյանա, Տոլստոյի թաղմանը ներկա գտնվելու, խորապես զգում էի, որ այդ մի սրբազան պարտականություն է, և այդ ուխտագնացությունը լցնում էր իմ հոգին մի արտասովոր հուզմունքով։ Իմ ուղեկիցներից մի քանիսի դեմքը վկայում էր, որ նոքա ևս զգում են, թե ինչքան մեծ պատմական իրողության հանդիսատես պիտի լինեն նոքա։

Մենք գնում էինք Լև Տոլստոյին թաղելո՜ւ։

Կայարանի շենքը լցված էր անհաշիվ բազմությամբ, որը քանի գնում ավելանում էր և տեղ չգտնելով ներսը, կանգնած էր դուրսը։

Տոմսակ ստանալ կարողանում էին միայն նոքա, որոնք առավոտվանից պատրաստություններ էին տեսել— գլխավորապես դելեգատները և թղթակիցները։ Ուսանողներից և ուսանողուհիներից միայն 2000 հոգի կամ մի քիչ ավելի կարողացան տոմսակ ստանալ, որովհետև նոքա ևս առաջուց պայմանավորվել էին երկաթուղային վարչության հետ։ Վերջինս խոստացել էր 10 բացառիկ գնացք բաց թողնել դեպի թաղման վայրը, սակայն, ինչպես հետո պարզվեց, թողել էր միայն 3—4 գնացք, ապա հաղորդակցության մինիստրի հրամանի հիման վրա հրամայվել էր իր խոստումը կատարել։ Այդպիսով Յասնայա Պոլյանա գնալ ցանկացողների կեսից ավելի մասը մնաց Մոսկվայում։

Ցուրտ ձմռան գիշեր է։ Պատուհանների տակ սրտաճմլիկ աղմուկով հեկեկում է քամին։ Կուչ ենք եկել վագոնում և բոլորս զգում ենք րոպեի խորհրդավորությունը։ Լև Տոլստոյի թաղո՜ւմը...

Գիշերվա ժամը 3-ին մեր գնացքը կանգնեց «Ջասեկա» փոքրիկ կայարանի առջև։ Այնտեղ արդեն հավաքված էր բավական մեծ բազմություն։ Իջնում ենք և խառնվում այդ բազմությանը։ Սպասում ենք։

Գալիս են նորանոր գնացքներ՝ բերելով Մոսկվայից և մոտակա քաղաքներից։

Ցուրտ ձմռան լուսաբաց է։

Բոլորը սպասում են այն գնացքին, որ պիտի բերե մեծ մարդու թանկագին դիակը։

Ժամը 7½-ին երևաց գնացքը և հանդարտ մոտեցավ կայարանին:

Բոլոր գլուխները բացվեցին, և երբ կանգ առավ գնացքը։

Հնչեց՝ Вечная память!

Պլատֆորմի վրա հավաքվել էին դելեգատները, որոնց մեջ առաջին տեղը տվին Յասնայա Պոլյանայի գյուղացիներին։

Դագաղը վերցրին Տոլստոյի որդիք և մի քանի մոտիկ մարդիկ։ Ներքևում շղթա էին կազմել ուսանողներն ու ուսանողուհիները:

Տխուր պրոցեսիան ճանապարհվեց դեպի Յասնայա Պոլյանա։ Առջևից մի քանի սայլի վրա դարսած տանում էին պսակները, որոնց թիվը մեծ չէր։

Ժամը 11-ին հասանք Յասնայա Պոլյանա։

Մեծ Ծերունուն վերջին հրաժեշտը տալուց հետո բազմությունը տարավ նրան դեպի գերեզման, որ գտնվում է նույն կալվածքում, ձորափին, կաղնիներով շրջապատված բլուրի վրա։

Այնտեղ թաղեցին Լև Տոլստոյին։


Լև Տոլստոյին վերջին հանգստատեղը ուղեկցելու եկել էր մոտ 5 — 6 հազար մարդ ընդամենը։

Ինձ և շատ շատերին ինձ հետ զարմացրեց այդ հանգամանքը։

Ես հիշեցի շատ և շատ թաղումներ — նոքա բոլորը հանդիսավոր էին, քան Տոլստոյինը։ Այդ թաղման հանդիսում չգտա ես այն սգային մեծ հանդիսավորությունը, որ պետք էր սպասել։

Ճիշտ է, քաղաքներում եղել են ցույցեր այդ առթիվ, ուղարկվել են հազարավոր ցավակցական հեռագրեր հանգուցյալի ընտանիքին, հարց է հարուցվել հավերժացնելու Տոլստոյի հիշատակը, սակայն ինձ թվում է, որ այդ ամենը թեև վկայում է ռուս հասարակության զգացմունքների մասին, բայց թաղումը՝ այդ չհաջողված, կիսատ, նույնիսկ մի տեսակ սառը թաղումը, չի արդարացնում։

Հուղարկավորների բազմությունը քիչ էր, հանդեսը համեստ,բայց ոչ պարզ։

Այդ ամենը չափից դուրս սովորական էր — այդպես կթաղեին ամեն մի քիչ թե շատ հայտնի գրողի, արտիստի, հասարակական գործչի։ Այդ ամենը չափից դուրս սովորական էր — մինչդեռ Տոլստոյը նախ և առաջ և միշտ արտասովոր է, անհամեմատելի։

Ես ոչինչ չէի ասի, եթե թաղումը բոլորովին պարզ և անշուք լիներ — այնպես, ինչպես լինում է ամեն մի սովորական, հասարակ գյուղացու թաղում, սակայն այդպես չէր։

Իհարկե, թաղման հանդիսավորությունը և մեծությունը հարկավոր չէր Լև Տոլստոյին։ Դա մեզ էր հարկավոր, նախ և առաջ և միայն մեզ, որպեսզի մի րոպե ևս դարձյալ հեռանայինք առօրեականից— զգայինք նորից և նորից, թե ո՜րպիսի ողբերգական և խորհրդավոր րոպե ենք ապրում — որպեսզի դրոշմվեր մեր հոգում այն, որ միացնում է մեզ ամենքիս, այն, որ քարոզում էր Լև Տոլստոյը։ Որպեսզի հեռանայինք մեր հոգսերից և առօրեականից, որպեսզի տեսնեինք, որ մենք ընդունակ ենք մեր ուսուցչին հարգելու համար մոռանալ ամեն ինչ — միանալու նրա անվամբ և ապրել նրա ոգու, նրա մտքերի, նրա մեծության լույսի մեջ։ Ապրեինք ուրիշ, բարձր զգացմունքների և մաքուր խոհերի աշխարհում։

Սակայն այդպես չէր։

Տոլստոյի թաղմանը չէր մասնակցում ամբողջ Ռուսաստանն իսկ, մինչդեռ պետք է մասնակցեր ամբողջ աշխարհը։

Հանդեսը ավելի քան սովորական էր, նման մյուս այդ տեսակ հանդեսներին, մինչդեռ Տոլստոյը միակն է և նմանը չունի։

Թաղման հանդեսին ներկա եղող գյուղացիների մեջ ես առանձին հուզմունք չնկատեցի։ Նրանք եկել էին թաղելու Տոլստոյին ո՛չ իբրև մի մարգարեի, այլ իբր իրենց ծեր «աղային», «բարի կալվածատիրոջը»։ Մինչդեռ Տոլստոյը ամենից քիչ այդ րոպեին աղա կամ կալվածատեր կարող էր համարվել։ Գյուղացիների թիվը շատ քիչ էր և դրանք մեծ մասամբ Յասնայա Պոլյանայից էին— Տոլստոյների կալվածքից։

Այդպես Մարգարեին դարձրել էին սովորական կալվածատեր։

Արդյոք Տոլստոյի՞ն ենք թաղում մենք։ Մի՞թե կարելի է այդպես թաղել Լև Տոլստոյին։

Ռուս գրողների, հասարակական գործիչների և գիտնականների մեծ մասը, ճնշող մեծամասնությունը բացակայում էր։ Մի երկու֊երեք հոգի միայն եկել էին հարգելու մեծ գրողին:

Տոլստոյի ընտանիքը ևս կարծես ուզում էր այնպիսի կերպարանք տալ թաղմանը, իբր թաղում են իրանց և Նիկոլայևիչին, իրենց հորը և ոչ այն և Տոլստոյին, որը ամբողջ աշխարհին, բոլոր մարդկությանն է պատկանում:

Ես տեսա նրա տանջված դեմքը։ Այդ դեմքը այնքա՜ն փոխված էր։ Այնքան նման չէր այն լուսանկարներին, որ մենք տեսնում ենք միշտ։ Դա մարտիրոսի, սրբի դեմք էր։ Նա լի էր լուսեղեն խաղաղությունով և պայծառ հանգստությամբ։ Նրա վրա տխուր մտածությունները և խորը տանջանքը գրել էին իրենց կնիքը, սակայն այդ կնիքը չէր խավարեցրել այդ դեմքի վսեմ պայծառությունը։

Ես չեմ կարողանում հավատալ, որ չկա Լև Տոլստոյը՝ մեր սիրտը մխիթարող, մեր խիղճը արթնացնող, մեր չնչին վատությունը վեհանձնաբար և սրտագին ներելու և արդարացնելու զորությունն ունեցող միակ մարդը։

Կարելի է չհամաձայնել և Տոլստոյի այս կամ այն կարծիքին, սակայն նրա իդեալը՝ մեր բոլորիս իդեալը պետք է լինի, որովհետև նա անժխտելի է և հավիտենական։

Մենք ամենքս կրկնություններ ենք— Տոլստոյը անկրկնելի՛ է։ Այն, ինչ մեզ համար մահ է— Տոլստոյի համար մի ուրիշ, նոր, ավելի լուսավոր և իմաստալից կյանք է։

Եվ ահա այդ կյանքը, այդ նոր կյանքն է սկսվում Տոլստոյի համար: Թաղման հանդեսի ընթացքում, մի րոպե, երբ մենք ամենքս էլ խորապես զգացինք, թե ո՛ւմ ենք հանձնում հողին, զգացինք այդ րոպեի վեհությունը. դա այն րոպեն էր, երբ դագաղը գերեզման են իջեցնում։ Հանկարծ մեռելային լռություն։

Ոչ մի խոսք, ոչ մի շշուկ:

Բnլորը ծունկ չոքեցին Մեծ Ծերունու գերեզմանի առաջ սառը գետնի վրա և կարծես թե այդ սասանելի լռության մեջ մի անտեսանելի մեծ խորհուրդ կատարվեց... Երեք անգամ ծունկ չոքեց ամբոխը և երգեց «Вечная память...».

Ապա հող լցրին գերեզմանի մեջ, թումբ բարձրացավ, որի վրա դարսեցին պսակները, և ամբոխը հեռացավ։

Այժմ ոչ մի գերեզման և ոչ մի կապանք չի շղթայում նրա մեծ հոգին — այժմ նա ազատ է վերջապես...

Փա՜ռք և երկրպագությո՛ւն նրա լուսեղեն անվա՜ն...