Jump to content

Նալբանդին զայրույթը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՆԱԼԲԱՆԴԻ ԶԱՅՐՈՒՅԹԸ


   Երբ բացվեց դպրոցը Մեսրոպ-Սահակին,
Դողդըղաց տափը Սուրբ֊Խաչի բակին,
Քարքարուտ գետինն փլչեց, ճաթեցավ,
Մեջեն Միքայել Նալբանդն հայտնեցավ...

   5 Գանգեսն ալ այն օր շատ ալեկոծվեց,
Ժայռուտ ափերը փշրեց, կործանեց.
Այնտեղ ալ մեկ ջոկ շիրիմ բացվեցավ,
Մեջեն Բաբաջան աղան դուրս եկավ։

   Հական թոթափել թըռավ սըլացավ,
10 Ամպ ու օդ ճըղքեց, եկավ կաչնեցավ
Հանդեպ Նալբանդին, սեր ու կարոտով
Մեկ մեկու տվին ու առին բարով։

   Ասաց Նալբանդը՝ «Գիտե՞ս, Բաբաջան,
Այսօր կը տոնե մեզի Նախջվան,
15 Եվ այսուհետև քաղաքիս տըղայք
Անշուշտ պիտ լինին իսկական քաջ հայք.

   Այսօր պիտ դադրի ազգիս դառ վիճակ,
Արդեն չեն լինիլ նոքա խայտառակ՝
Ինչպես ցայժմ էին լեզվե ու կրոնե
20 Զրկած, թուլացած։ Այսօր մեզ տոն է...

   Դե, ի՞նչ ենք կորցնում մենք թանգ ժամանակ,
Ըշտապենք շուտով, Նախջվան երթանք,
Ուր երախտագետ ազգակից մեր հայք
Մեր հիշատակին կանեն պատարագ։

   25 Անշուշտ որ ամեն մեկ հայի բերան
Բյուր անգամ կօրհնե Նալբանդ, Բաբաջան.
Թերևս հայոց մեջերեն կոթող
Մեր հիշատակին գըտնըվի խորդող»։

   Եկան Նախջվան ու մըտան դպրոց,
30 Տեսան որ մեկ նիշ ալ չիկար հայոց.
Կարծեցին հանկարծ, որ մոլորվել են,
Դիպմամբ օտարի դպրոցը մըտել են։

   Կարդացին կանոնք այդ հեգ դպրոցին,—
«Հայ լեզու սովորել շատ հարևանցի»—
35 Եվ լուսավորչական սորվեցնող հավատ
Ընտրած է տերտեր լիրբ ու անհավատ։

   Վերատեսուչն է ոմն հայատյաց,
Մի հույլ տըգետներ վարժապետ ընտրած.
Այլ և ինքն ընտիր մի հովանավոր,
40 Ամենի գլուխ մի հայ խելացնոր...

   Ոչինչ չըտեսան որ համոզեին,
Թե նոքա հայի դպրոցումն էին.
Հայ ժողովրդին քարողն անգամ
Թուրքերեն կարդաց մեր հայ քահանան։

   45 Երբոր Նալբանդը տեսավ այս հրեշին,
Երեսը դեղին կըտրեցավ խեղճին.
«Այ զըվոտ, ասաց, դու որին շունն ես,
Այս հանդիսի մեջ դու ինչ գործ ունես։

   Դու ու քեզի պես մարդիկ այն չէի՞ն,
50 Որ ինձ վաղաժամ սև հող մըտցուցին.
Բանի որ ազգիս մեջ էի կենդան,
Ամեն մեկ քայլիս չի դըրի՞ք դարան։

   Այս էր փափագած ձեր վարժատունը,
Օր առաջ մոռցնող Հայի անունը,
55 Որի մեջ սորվող ամեն մի տըղա
Իր հայ եղածեն պիտի ամընչնա։

  Երնեկ ինձ լափեր ժանդ կոկորդիլոս,
Երնեկ ինձ կուլ տար ահեղ Ովկիանոս,
Երնեկ կորցնեի իմ բերած ոսկին,
60 Որ ոչ դեղ, այլ թույն եղավ Հայ ազգին։

  Բայց դու խելագար, թշվառ Նախջվան,
Ալ չի գանգատիս չար աստղիդ վըրան.
Ինչ քեզ վատ արիր՝ այն կամավ արիր,
Չարի բարվո մեջ՝ միշտ չարն ընտրեցիր։

  65 Այնպիսի օրեր դեռ ևս պիտ գան,
Որ այս օրերուս հայք երնեկ պիտ տան,
Բայց ուշ կը լինի, զի քու Բարեկամք
Կը լինին արդեն սև, գեճ հողի տակ»։—

  Նալբանդը, հետն յուր Բաբաջան մտերիմ
70 Գլխակոր գնացին դեպ իրենց շիրիմ...
Իսկ մեր տեր Եղիան, հետն ալ Փախալյան,
Չի ցանած՝ առատ հունձի տեր եղան։