Նախընտրական ուղերձ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին
Սիրելի հայրենակիցներ,
Փետրվարի 19 ին դուք կանգնելու եք ձեր ապագան սեփական ձեռքերով կերտելու լրջագույն պատասխանատվության առջեւ։
Սերժ Սարգսյանի ընտրության պարագայում մեր երկրում որեւէ դրական տեղաշարժ չի լինելու, այլ ընդհակառակը, ավելի են ծավալվելու այն բոլոր արատավոր երեւույթները, որոնք առկա էին Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, այսինքն.
- Շարունակվելու է ժողովրդի անխնա կեղեքումը եւ ազգային հարստության կուտակումը փոքրաթիվ մարդկանց ձեռքում.
- Խորանալու է հասարակության բեւեռացումը. հարուստներն ավելի են հարստանալու, իսկ աղքատներն՝ ավելի աղքատանալու.
- Տնտեսության ահագնացող մոնոպոլիզացումը վերջնականապես սպառնալու է միջին եւ մանր գործարարության գոյությանը.
- Չեն դադարելու իրավապահ մարմինների, հարկային տեսչության, մաքսային վարչության կամայականություններն ու օրինազանցությունները.
- Արտագաղթի շարունակվող գործընթացը վերածվելու է դեմոգրաֆիական աղետի.
- Վիժեցվելու է աննախադեպ հանցագործությունների՝ 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության, քաղաքական մյուս սպանությունների, բենզինի ու գազի ներկրման հետ կապված մեքենայությունների բացահայտումը.
- Չի հաղթահարվելու Հայաստանի քաղաքական եւ տնտեսական մեկուսացումը. մեծանալու է Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը։
Մինչդեռ իմ ընտրության պարագայում տեղի է ունենալու նշված փակուղային զարգացումների ճիշտ հակառակը, այն է՝ ավազակապետական համակարգի կազմաքանդում, սահմանադրական կարգի վերականգնում, ժողովրդավարական ազատությունների կենսագործում, օրինականության հաստատում, տնտեսավարողների համար հավասար հնարավորությունների ստեղծում, ազատ մրցակցության ապահովում, սեփականության անձեռնմխելիության երաշխավորում, կառուցողական արտաքին քաղաքականության իրականացում եւ այլն։ Գումարած՝ ժողովրդի սոցիալական վիճակի կտրուկ բարելավմանն ուղղված այն բոլոր միջոցառումները, որոնք արտացոլված են իմ ծրագրում։ Դրանք են.
- Առաջիկա հինգ տարիների ընթացքում միջին աշխատավարձի եռակի եւ միջին կենսաթոշակի քառակի բարձրացումը.
- Պետական պարտատոմսերի թողարկման միջոցով քաղաքացիների խորհրդային ավանդների հատուցման արագացումը.
- Երեխաների ծննդյան համար մայրերին տրվող միանվագ նպաստների զգալի հավելումը.
- Զինվորական ծառայությունից խուսափած երիտասարդների նկատմամբ համաներման կիրառումը.
- Բուհական ուսման վարձերի ձեւավորման կանոնակարգումը եւ դրանց աճը զսպող մեխանիզմների մշակումը.
- Պետության կողմից սոցիալական շինարարության լայնածավալ ծրագրի իրականացումը, եւ այլն։
Ընտրությունն, այսպիսով, կայանալու է ոչ թե անհատների, այլ երկրի զարգացման երկու հնարավոր ճանապարհների միջեւ, որոնցից մեկը անխուսափելի կործանման, մյուսը՝ փրկության ճանապարհն է։ Այլ կերպ ասած՝ մեկը ներկա ավազակապետական վարչախմբի եւս տասը տարվա տիրապետության մղձավանջն է, մյուսը՝ նորմալ պետություն կառուցելու հեռանկարը։ Ամեն ինչ կախված է ձեր կամքից ու վճռականությունից, ձեր քաղաքացիական պարտքը կատարելու պատրաստակամությունից, երկրի ապագայի կերտումը ձեր սեփական գործը համարելու գիտակցությունից։ Կատարեք ձեր պարտքը, եւ ոչ մի դաժանաբարո ուժ, ոչ մի բռնություն, ոչ մի ընտրակեղծիք չի կարող կասեցնել մեր ընդհանուր հաղթանակը։ «Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի, Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան»։
21 հունվարի, 2008թ.