Նախկին սովետական հանրապետությունների ճանաչման, ինքնորոշման և սահմանների մասին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նախկին սովետական հանրապետությունների ճանաչման, ինքնորոշման և սահմանների մասին

Արա Պապյան

Հայ քաղաքական մտքի դաշտում կան բազմաթիվ դեգերող մոլորություններ, այսինքն՝ շատերը կրկնում են մտքեր, որոնք բնավ չեն համապատասխանում իրականությանը և որևէ հիմք չունեն միջազգային իրավունքի մեջ: Դրանցից է այն թյուրըմբռնումը՝ իբր Եվրամիության պետությունները, 1991-1992թթ. ճանաչելով նախկին Սովետական Միության հանրապետությունների անկախությունը, միաժամանակ ճանաչել են այդ պետությունների սահմանների անձեռնմխելիությունը:

1991թ. դեկտեմբերի 16-ին Բրյուսելում Եվրոպական համայնքի (European Community)[1] երկրների արտաքին գործոց նախարարները Եվրոպական խորհրդի խնդրանքով[2] իրենց դիրքորոշումն ամփոփեցին անկախության ուղին բռնած երկրների ճանաչման գործընթացի նկատմամբ մեկ միասնական հռչակագրի մեջ: Փաստաթուղթը պաշտոնապես անվանված է. Հռչակագիր «Արևելյան Եվրոպայում և Սովետական Միության [տարածքում] նոր պետությունների ճանաչման ուղենիշների» վերաբերյալ (Declaration on the “Guidelines on the Recognition of New States in Eastern Europe and in the Soviet Union”): Միջազգային իրավունքում հռչակագիրը (declaration),[3] անկախ ստորագրողների քանակից, միակողմանի փաստաթուղթ է (unilateral act): Այսինքն, այն քաղաքական դիրքորոշման արտահայտում է, սակայն կատարման համար պարտադիր իրավական փաստաթուղթ չէ, թեև կարող է լինել նաև այդպիսին:[4] Քանի որ Եվրոխորհուրդը, որի խնդրանքով մշակվել է միասնական դիրքորոշումը, ինչպես նաև արտգործնախարարների հավաքը, պաշտոնական կառույցներ չեն (որովհետև նրանց գոյությունն ու լիազորությունները ամրագրված չեն ԵՄ պայմանագրերի մեջ), ուստի նշյալ փաստաթուղթն առավելապես քաղաքական բնույթի է, քան իրավական:

Հռչակագրի նախաբանում արտահայտված է փաստաթղթի էությունը. «Համայնքը և դրա անդամ երկրները վերահաստատում են իրենց հավատարմությունը Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի և Փարիզի ուխտի սկզբունքների նկատմամբ, հատկապես՝ ինքնորոշման»:

Այստեղ առկա է կարևոր մի քանի հանգամանք.

ա) վերոնշյալ փաստաթղթի հիմքը հավատարմությունն է ազգերի ինքնորոշման սկզբունքի նկատմամբ, քանի որ նախաբանում առանձնանշված է միայն այդ սկզբունքը;

բ) անկախացող երկրների ճանաչումը ինքնորոշման սկզբունքի իրականացում է;

գ) անկախության ճանաչումը պայմանավորված չէ տվյալ երկրի մեջ գոյություն ունեցող վարչական միավորի կարգավիճակով կամ ընդհանրապես որևէ վարչական միավորի առկայությամբ կամ սահմաններով;

դ) չկա որևէ հիշատակում, այսպես կոչված, տարածքային ամբողջականության մասին:

Մինչև փաստաթղթի կետերի վերլուծմանն անցնելը, անհրաժեշտ եմ համարում շեշտել միջազգային իրավունքի մի խիստ կարևոր սկզբունք. փաստաթղթերը գործում են ամբողջության մեջ, և դրանց կետերը փոխկապակցված են: Այսինքն, եթե կողմերից մեկը չի իրականացնում պարտավորություն պարունակող որևէ դրույթ, դրանով նա խաթարում է փաստաթղթի ողջ էությունը և չի կարող վկայակոչել տվյալ փաստաթղթի իր համար իրավունքները պարունակող կետերը: Կարճ ասած՝ ամեն ինչ կամ ոչինչ:

Հռչակագրի առաջին կետն իր «հարգանքն է հայտնում ՄԱԿ-ի կանոնակարգի հիմնադրույթների, Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի և Փարիզի ուխտի պարտավորությունների նկատմամբ, հատկապես նրանց, որոնք վերաբերում են օրենքի իշխանությանը, ժողովրդավարությանը և մարդկային իրավունքներին»:

Ակնհայտ է՝ այստեղ առանձնանշված են օրենքի իշխանությունը, ժողովրդավարությունը և մարդկային իրավունքները: Սկզբունքներ, որոնք ո՛չ անկախացումից առաջ, և ո՛չ էլ անկախացումից հետո երբեք չեն հարգվել Ադրբեջանի կողմից, հատկապես այդ երկրի հայազգի քաղաքացիների նկատմամբ:

Երկրորդ կետը խոսում է «էթնիկ, ազգային խմբերի և փոքրամասնությունների իրավունքների երաշխավորման մասին»: Իրավունքներ, որոնք դարձյալ երբեք չեն հարգվել Ադրբեջանի կողմից:

Միայն երրորդ կետում կա հիշատակում «բոլոր սահմանների անձեռնմխելիության հարգանքի» մասին, և միաժամանակ նշված է դրանց փոփոխելու հնարավորությունը՝ «խաղաղ ճանապարհով և ընդհանուր համաձայնությամբ»: Քանի որ, ինչպես նշեցինք վերը, Հռչակագիրը խարսխված է Հելսինկիի եզրափակիչ փաստաթղթի, Փարիզի ուխտի, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնակարգի սկզբունքների վրա, ուստի «սահմանների անձեռնմխելիություն» հասկացությունը պետք է մեկնաբանվի ըստ այդ փաստաթղթերի: Իսկ այդ փաստաթղթերում խոսքը բնավ էլ չի գնում սահմանների բացարձակ անձեռնմխելիության մասին, այլ «ուժի կամ ուժի սպառնալիքի» կիրառմամբ դրանց փոփոխելիության անընդունելիության մասին:[5] ԵՄ երկրները խնդրո առարկա Հռչակագրով, հաշվի առնելով, որ ԽՍՀՄ կազմալուծումով առաջանում էր իրավական վակուում, մինչև անկախացող երկրների կողմից վերոհիշյալ հիմնարար փաստաթղթերի ստորագրումը, այդ փաստաթղթերի երաշխիքները տարածում էին անկախացող երկրների վրա, որպեսզի վերջիններիս զերծ պահեին արտաքին զինված հարձակումներից: Օրինակ, Աֆղանստանը չհարձակվեր Թուրքմենստանի վրա, կամ Ֆինլանդիան՝ Ռուսաստանի: Այստեղ անհրաժեշտ է ընդգծել, որ «սահման» ասածն այն է, ինչ սովետական իրականության մեջ հիշատակվում էր և ամրագրված էր օրենքով որպես «պետական սահման» (государственная граница): Այսինքն, կար սովետաթուրքական սահման և չկար հայ-թուրքական սահման, կար սովետալեհական սահման և չկար բելառուս-լեհական սահման: Հետևաբար չկար, միջազգային իրավունքի առումով և ոչ թե կենցաղային ընկալմամբ, հայ-ադրբեջանական սահման, կամ բելառուս-ռուսական սահման:

Ամփոփելով Եվրամիության կողմից նախկին սովետական և արևելաեվրոպական մի շարք երկրների ճանաչման ուղենիշների քննությունը՝ կարելի է անել հետևյալ եզրակացությունները.

1. Փաստաթղթի հիմքն ինքնորոշման սկզբունքն է, որը չի սահմանափակված միայն կամ որևէ միութենական հանրապետությունով կամ վարչական այլ միավորով:
2. Հաջորդականության սկզբունքի կիրառմամբ օրենքի իշխանությանը, ժողովրդավարությանը և մարդկային իրավունքներին մնացած բոլոր սկզբունքների նկատմամբ տրվել է առաջնային կարգավիճակ:
3. Որպես երկրորդ հիմնական սկզբունք Հռչակագիրը վկայակոչում է էթնիկ, ազգային խմբերի և փոքրամասնությունների իրավունքների երաշխիքը:
4. Ուղենիշների մեջ չկա ճանաչվող կազմավորումների սահմանների բացարձակ անձեռնմխելիության սկզբունք, այլ՝ հարգանք այդ սկզբունքի նկատմամբ և սահմանների փոփոխման հնարավորություն խաղաղ ճանապարհով և ընդհանուր համաձայնությամբ:

Հետևաբար.

ա) «սահման» ասածը և «սահմանների անձեռնմխելիություն» ասածը պետք է հասկանալ միջազգային իրավունքի տեսանկյունից և չցուցաբերել կամայական մոտեցում;

բ) Ադրբեջանը, որը կոպտորեն, բազմիցս և հետևողականորեն ոտնահարել և ոտնահարում է Հռչակագրի մեջ ամրագրված սկզբունքները, չի կարող վկայակոչել նույն փաստաթղթի միայն մի կետը և փորձ անել իր իրավունքները պաշտպանել դրանով:


Հղումներ և ծանոթագրություն[խմբագրել]

  1. Եվրոպական Միության անվանումը մինչև 1993թ.-ի նոյեմբերի 1-ը:
  2. Չշփոթել Եվրոխորհրդի (Council of Europe) կամ Եվրոմիության խորհրդի (Council of the European Union) հետ: Եվրոխորհուրդը, որը հաճախ վկայվում է որպես Եվրոպական գագաթաժողով (European Summit) գումարվում է տարին առնվազն 4 անգամ և ներառում է ԵՄ անդամ երկրների պետության կամ կառավարության ղեկավարներին և Եվրոհանձնաժողովի նախագահին (President of European Commission):
  3. Fleischhauer C.-A. Declaration. In: Bernhardt R. (ed.) Encyclopedia of Public International Law. Amsterdam, 1992, v. I, p. 971.
  4. Fiedler W. Unilateral Acts in International Law. In: Bernhardt R. (ed.) Encyclopedia of Public International Law. Amsterdam, 2000, v. IV, p. 1018.
  5. Այդ մասին Ավելի հանգամանալից տե՛ս. Պապյան Ա. Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ժողովրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության լույսի ներքո. Ազգ, 22.05.2007, էջ 4; Պապյան Ա. Կրկին Հայաստանի Հանրապետության սահմանների և Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին. Ազգ, 28.06.2007, էջ 4:


3 օգոստոսի, 2007թ.