Նահատակները
Արտաքին տեսք
Ամեն կես գիշեր սև շիրիմներից
Նոքա լուռ ու մունջ
Աշխարհ են գալիս․․․ քնհատ երթերից
Լուսինն անտրտունջ
Ամպի արանքից կաթնածոր լույսի
Շողեր է մաղում՝
Այն հեզ դեմքերից դեռ չհանգած հույսի
Թույլ ժպիտ քաղում։
Եվ շրջում են լուռ, զգույշ երկրում
Լարված տագնապով
Գուցե թե երկրում, կամ թե եթերում,
Մի տեղից շուտով
Գեթ համր, անխոս մի չնչին նշան
Տա նրանց սրտին,
Որ կատարվել է․․․ և հանգիստ գնան
Գերեզման մտնին․․․
Ոչի՜նչ․․․ ո՛չ մի ձայն․․․ բուն է վույվույում
Գլուխը լալիս,
Արնաներկ գետեր վշտերով կայուն
Գնում են գալիս․․․
Եվ մի սուր ցավի խեղդված հեծկլտոց
Քամու թևերին,
Շրջում է երկրում։
1907 թ․