Jump to content

Նամակներ Աննա Բուդաղյանին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նամակներ Աննա Բուդաղյանին
Բնագիրը՝ ԳԱԲ, Աննա Բուդաղյանի ֆոնդ, 304/17։
1927, մարտի 13, Լենինական
Աննա Բուդաղյանին[1]

Ստացեր եմ Ձեր նամակը և Շիրվանզադեի նամակը[2] հանձներ եմ իրեն։ Երկու օր է որ Լենինական եմ և հիացած եմ այն բոլորով, որ տեսա։ Քաղաքը արդեն իսկ ավերված քաղաքի երևույթ չունի[3]։ Շնորհիվ Խ. Միության լայն, շատ լայն աջակցության և մյուս հանրապետություններու եղբայրական և շուտափույթ օգնության՝ երկրաշարժի հետևանքները դարմանած են արդեն։ Պետք է նաև ըսել, որ տեդվույն իշխանությունը արտակարգ և խղճամիտ եռանդով կազմակերպած է ամեն ինչ։ Մեծ տպավորություն ըրավ իմ վրաս գործարանը և Շիրակի ջրանցքը, ուր գացի այսօր հակառակ ճամբու դժվարություններով եղանակի պատճառով։ Այս իրիկուն կմեկնիմ Թիֆլիզ[4], ուրկե կգրեմ դարձյալ Ձեզ։ Կուզեմ և ընդարձակ գրել Սիմոնիկին[5] և կմտածեմ Ձեր հասցեին ուղղեք գրությունս։

Տիկին ջան, անշուշտ իմացաք տիկին Յուզբաշյանի մահը։ Չեք կարող երևակայել, թե որքան ցավ պատճառեց ինձ։ Ճամբա չելած այնքան ուրախությամբ կմտածեի, որ Մոսկվայի մեջ պիտի կրկին տեսնեմ զինքը։

Կխնդրեմ իմ հարգալիր զգացմունքներս հայտնեք Ձեր ամուսնույն, շատ բարևներ Ֆեհրատին և շատ, շատ համբույրներ Ձեզ։

Ձերդ սիրով և հարգանքով
Զապել Եսայան

1927 թ. սեպտեմբերի 5, Բարիզ
Աննա Բուդաղյանին

Այս երկտողըս կղրկեմ Ձեզ իմացնելու համար, որ ստացա Ձեր վերջին նամակը։ Հետևյալ օրն իսկ պետք էր մեկնեի Լիոն, ուր հրավիրված էի բանախոսություն մը ընելու։ Այսօր Լիոնեն կվերադառնամ Բուլիկեն։ Կհուսամ, որ շուտով կուգամ Բարիզ և այլևս ավելի անմիջական միջոցներով կհետապնդեմ Փափազյանի վիզայի խնդիրը[6]։ Կնախատեսեմ կարգ մը դժվարություններ, նկատի առնելով ներկա ընդհանուր կացությունը, բայց, ինչ արած, պետք է հաջողիլ։ նոր լուր չստացա իմ ծանոթես։ Բուլիկեն վերադառնալիս կգրեմ՝ կրկին և թերևս ժամադրություն տամ իրեն Բարիզի մեջ։

Մեծապես շնորհակալ կըլլամ Ձեզ, եթե ինձ իմացնեք Սիմոնիկի ժամանման թվականը։ Ընդհանուր կացությունը, մանավանդ օտարականներու համար, շատ արագ ընթացքով կդառնա ծանրակշիռ։ Մասնավոր տեղեկություններ ունիմ, որոնք ինձ կներշնչին մտահոգություններ։ Անհամբեր եմ Բարիզ վերադառնալու, բայց այդ մասամբ ինձմե կախում չունի։ Կհուսամ, սակայն, որ այլևս չեմ ուշանար և հաճույքը կունենամ Ձեզ տեսնելու։

Ջերմագին բարևներ Ձեր ամուսնույն և Ֆերհատին, և Ձերդ լավագույն զգացումներով՝

Զապել Եսայան

Նշումներ

[խմբագրել]
  1. Բուդաղյան Աննա Ավագի (1880-1964) ― թատերական գործիչ, տեժիսոր, դերասանուհի։ Երկար տարիներ եղել է Բաքվի հայ թատրոնի ռեժիսոր։ 1914-1920 թթ․ որբանոցներ է բացել Բաքվում։ Ֆրանսահայ թատրոնի երկրորդ շրջանի սկզբնավորումը կապված է Աննա Բուդաղյանի անվան հետ։ Շիրվանզադեի, Զ․ Եսայանի, Հովհաննես Մասեհյանի խնդրանքով Բուդաղյանը կազմակերծում է «Մայրենի բեմ» թատերախումբը։ Նրա ջանքերով է ստեղծվել ազգային ճակատի թատերական մասնաճյուղը Փարիզում։
  2. Աննա Բուդաղյանը Փարիզի «Հայ բեմ» թատերախմբի համար պիեսներ ձեռք բերելու նպատակով հաճախ էր դիմում հայ դրամատուրգներին և հատկապես Ալ․ Շիրվանզադեին։
  3. Նկատի ունի Լենինականի 1926 թ․ երկրաշարժը, որը հիմնովին քանդել էր քաղաքը։
  4. Եսայանը Երևանից մեկնում է Թիֆլսի և այնուհետև՝ Լենինական, Բաքու, Լեռնային Ղարաբաղ, ամենուր զգում է նոր կյանքի շունչը, ստանում հարուստ տպավորություններ, որոնք իրենց արտահայտությունն են գտնում նրա լրագրային հոդվածներում և հրապարակային դասախոսություններում։
  5. Փիրումյան Սիմոն (Սիմոնիկ) ― կովկասահայ պետական-հասարակական գործիչ, լրագրող։ 1925 թ․ Անդրկովկասյան հանրապետությունների և Հայաստանի առևտրական ներկայացուցիչը Փարիզում։ ՀՍԽՀ կառավարության ներկայացուցիչը Ազգերի լիգայում Նանսենի հետ։
  6. Վահրամ Փափազյանը Փարիզի իր մի խումբ բերակամների ցանկությամբ և օգնությամբ հրավիրվելու էր Ֆրանսիա՝ հյուրախաղերի, որտեղ միաժամանակ նշվելու էր նրա բեմական գործունեության 20-ամյակը։ Այդ հարցով շահագրգռված էին Զապել Եսայանը, Աննա Բուդաղյանը, Ա․ Չոպանյանը և ուրիշներ։