Նամակներ Գարեգին Լևոնյանին (Շուշանիկ Կուրղինյան)
- Հարգելի պարոն Գարեգին.
Շնորհակալությամբ ստացա թերթդ՝ «Գեղարվեստը», ողջունում եմ համակրանքի և խրախուսանքի արժանի աշխատանքդ՝ ցանկանալով սրտանց կատարյալ հաջողություն։
Ուղարկում եմ երկու կտոր գրվածք ևս, մոտ ժամանակում կուղարկեմ արձակներ։
Շ. Կուրղինյան
Խարկով
- Հարգելի պ․ Գ․ Լևոնյան
Ափսոս, որ մոռացել էի․ «Միտինգը» լույս է տեսել մի թերթում, «Ո՞ւմ ինչը» անտիպ է։
Վերջին ուղարակծներս էլ այժմ ինձ տաղտկալի են երևում։ Ուղարկում եմ նորերը։ Վարվեցեք ըստ ձեր հայեցողության։
Ինչպես կտեսնեք, կա և թուրքահայ բարբառով։ Թե ինչո՞ւ․ այնպես։ Այդ բարբառը խիստ ճկուն է և իրեն հատուկ բառերով ու հոլովներով նպաստավոր սիրուն հանգեր շարահյուսելու․ միայն ա՛յս։
Գրել եք․ «Բարևիր ինձ չճանաչող զավակներիդ»։
Զավակներս ձեզ ճանաչում են․ մեծ հաճույքով թերթում «Գեղարվեստը» և զարմանում, որ ամիսը մի անգամ լույս չի տեսնում, հայ իրականությունը նրանց դեռ անծանոթ է․․․
Զավակներս ձեզ հարգում են, որպես եզակի մի մարդու, որ առաջինն ու վերջինն է գրեթե, ով հարգել է իրենց մոր աղքատիկ երգը, անշահ ցանկություններով նեցուկ դառնալ համեստ փորտի անվստահ քայլին։
Հիշո՞ւմ եք, գուցե շատ է անցել, օրերի ու տարիների մի երկար շարան։ Ես այժմ էլ տեսնում եմ ձեր ժպտուն դեմքը, լսում ձեր ձայնը․ «Քաջ կացեք, շատ կարդացեք, գրեցեք և գրեցեք, ձեր մեջ ես տեսնում եմ բանաստեղծական կայծ․․․» և այլն, և այլն։
Եվ տարիներով գուրգուրած երազս իրականացրիք―երգս տպված էր «Տարազում»։
Պատահում են դեմքեր, դեպքեր, որ չեն մոռացվում բնավ, հենց այդ պատճառով էլ երեխաներս գիտեն, թե ով է Գ. Լևոնյանը․․․
Ընդունեցեք Արշակ, Շավարշ, Արշականուշ և Արշամիկ Կուրղինյանների ջերմագին ողջույնները։