Նամակ Բաքվից (1892, մայիսի 22)
Կ. Պոլսի աշխարհական պատգամավոր պ. Կյումյուշկերտյան և Զմյուռնիայի հոգևորական պատգամավոր Ծ. Վ. Արսլանյան կիրակի, մայիսի 17-ին այստեղից ճանապարհվեցին: Հարգելի հյուրերը մեր հասարակության վրա թողին շատ լավ տպավորություն և վայելեցին բուռն հարգանք և հյուրասիրություն այն բանի համար, որ նրանք հարգելով ընդհանուր հայ ժողովրդի ձայնը՝ նպաստել էին Խրիմյան Հայրիկի միաձայն ընտրության գործին: Կիրակի օրը մեր հասարակության մի նեղ շրջանում հյուրերին պատվեցին մի ճոխ ճաշով: Հայր Արսլանյան նույն օրը քարոզ խոսեց մեր եկեղեցում բնաբան վերցնելով «մի եմք» ավետարանի խոսքը. եկեղեցին հասարակությունով լի էր:
Նույն օրը հայր Խորենը պատարագից հետո կարճ կերպով բացատրեց ժողովրդին, խոսելով մեր մի քանի շռայլ սովորությունների վատ հետևանքների մասին և հորդորեց ժողովրդին գերեզմանատանը և տներում առհասարակ հոգեհաց տալու սովորությունը վերացնել: Պետք է խոստովանել, որ ճշմարիտ այդ սովորությունը շատերին թե պարտքի տակ է գցում ու թե վատ հետևանք է ունենում: Այդ սովորությունից առաջացել է մեզանում քելեխ ուտողների մի ահագին պրոլետարիատ, որը ապրելով գերեզմանատանը՝ անգործ սպասում են մի որևէ մեռելաթաղի: Այդ օր Խաչատուր Լազարյանց իր կնոջ մեռելահացի տեղ նվիրեց Շամախու օրիորդաց դպրոցին 100 ռուբլի, Բաքվի հայոց օրիորդաց դպրոցին 100 ռուբլի, իսկ իսկական աղքատների օգտին 50 ռուբլի: Օրինակը շատ մխիթարական է:
Նավթային աշխարհում տիրում է հուսահատ իրարանցում: Ամենքը լարված, սպասում են մի աներևույթ փրկարար ձեռքի: Հայտնվել է մի այդպիսի ձեռք. սա ինչ որ 4 երևելի դրամատերերից կազմված մի ընկերություն է, որը 10 միլիոն փող բանկում դնելով ապահովեցնում է մեր բոլոր նավթարդյունաբերողներին այն պայմանով, որ նրանք անպատճառ ամենքը միանան և երեք տարով պայմանավորվեն այսպես. հում նավթը 3 կոպեկ պուդը, կերոսինը 16 կ., իսկ մնացածը 2½ կ.: Ընդհանուր օգուտ կմնա այս գներով 3 պուդ սև նավթին 6 կ., նույն քանակությունից զտած կերոսինին նույնպես 6 կ.: Սակայն այդ բանին ոչ մեկը մեր գործարանատերերից լուրջ չէ վերաբերվում, ամենքը ծիծաղում են և համարում այդ ընկերության անդամներին խելագարներ, մոռանալով որ նրանք առաջարկում են 3 տարի պայմանաժամանակ: Մոռանում են մեր նավթատերերը և այն ժամանակը, որ շատ հին չէ, երբ սև նավթը 7 կոպեկ էր, կերոսինը 22 կ., մնացորդը 3-4 կոպեկ:
Այսպես թե այնպես այդ բանը գլուխ չի գա, որովհետև մեր մեջ անպայման միություն անկարելի է առաջ բերել: