Jump to content

Նամակ Բաքվից (1893, նոյեմբերի 14)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նամակ Բաքվից
Հրապարակվել է «Մշակ» (Թիֆլիս)՝ 1893, № 9 (նոյեմբերի 18): Հեղինակն օգտագործել է Ա. ծածկանունը: Հրապարակվում է ժամանակակից ուղղագրությամբ:
Նոյեմբերի 14-ին

Երեկ Թաղիևի թատրոնում կայացավ մեր նորեկ դերասանական խմբի առաջին ներկայացումը: Ներկայացրին մինը այն անթիվ ֆրանսիական մելոդրամներից, որոնց մեջ անփախուստ են սուր, ատրճանակ, թույն, մենամարտություններ, դրամայի հետ զուգընթաց կատակներ, ծիծաղ հարուցանող դարձվածներ և այլն, և որոնք վաղուց պետք է արժանացած լինեին արխիվի:

Ոմանք ենթադրում էին, որ մուտքի կողմից ներկայացումը պետք է անաջող լինի, որովհետև ներկայումս Բաքվում երկու ռուսաց խմբեր կան, մեկը դրամատիկական, իսկ մյուսը օպերետային: Սակայն դահլիճը կեսից ավելի լի էր, չնայելով որ այդ օրը բարեգործական նպատակով սիրողների ռուսերեն ներկայացում կար կլուբում: Դա կարելի է ապացույց համարել այն բանի, որ թատրոն հաճախող հայ հասարակությունը զգում է մայրենի լեզվով ներկայացման պահանջը, հետևապես կարելի է հուսալ, որ խմբի մյուս ներկայացումները անհաջողություն չպտի ունենան:

Մի ներկայացումից, այն էլ մելոդրամի ներկայացումից, դժվար է դերասանների խաղի մասին մի բան ասել, բայց և այնպես երևում է, որ օր. Վարդիթերը պիտի կարողանա գրավել հասարակության ուշադրությունը: Օրիորդն ունի լավ ձայն, բեմական շարժվածքներ և բեմի վրա նա իրեն լավ է տիրապետում: Այդ երեկո նա շատ աջող խաղաց: Տ. Փառանձեմը, որ Բաքվում հայտնի է, և օր. Մարի-Հրանուշ իրանց անշնորհակալ դերերը լավ կատարեցին: Պ. Սաֆրազյան, այդ տաղանդից զուրկ դերասանը, այդ երեկո դերը չգիտեր: Սիրողներն անփորձ էին: Ավետյան, Վրույր և Ալեքսանյան նպաստեցին պիեսի հաջողության: Վերջինը, պ. Ալեքսանյան, ասում են հայտնի դերասան է, բայց այդ երեխո բախտ չունեցանք այդ բանում համոզվելու, հուսանք որ մյուս շաբաթ օրը, «Ավազակներում», Ֆրանցի դերում կտեսնենք այդ:

Պ. Վրույրի «Բարեկենդան» մի արարածով վոդևիլի ներկայացումը՝ շնորհիվ հեղինակի և տ. Փառանձեմի աշխույժ խաղին, կենդանի և աջող անցավ: Ցանկալի է, որ հասարակությունը անտարբեր չվերաբերվի դեպի հեռավոր երկրից եկած իր դերասանների ներկայացումները: