Jump to content

Նամակ Երևանից (1893, դեկտեմբերի 14)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նամակ Երևանից
Հրապարակվել է «Մշակ» (Թիֆլիս)՝ 1893, № 20 (դեկտեմբերի 14): Հեղինակն օգտագործել է Ա. ծածկանունը: Հրապարակվում է ժամանակակից ուղղագրությամբ:
Դեկտեմբերի 5-ին

Սրանից մի քանի ժամանակ առաջ՝ տեղիս հայ վաճառականները պայմանավորվեցին և համարյա թե բոլոր վաճառականների ստորագրությամբ մեկ խնդիր ներկայացրին նահանգապետին, խնդրելով՝ որ կարգադրություն անի՝ կիրակի օրերը խանութները փակելու համար:

Խնդիրը հասավ իր նպատակին:

Բայց հազիվ անցել է չորս ամիս և ահա մի քանի վաճառականներ նորից խախտեցին այդ պայմանը, որը շատերին տալիս էր թե բարոյական և թե ֆիզիկական հանգստություն:

Այդ տեսակի վարմունքը վաճառականների կողմից հակակրելի է մանավանդ այն պատճառով, որ առանց դրան էլ գործակատարների վիճակը շատ աննախանձելի է:

Ահա մի փոքրիկ նկարագրություն՝ վաղ առավոտյան ժամը 6-ին, ամառը 4-ին, գործակատարները գալիս են խանութ: Խանութը մաքրում են: Երկու ժամից հետո գալիս է մեր խազեինը: Աշակերտին ուղարկում է թեյի՝ տալով նրան մեկ թղթում կոլոլած թեյ և 2-3 կոպեկ փող, իսկ եթե գործակատարները մի քանի հոգի են, թեյի ջուրը ստացվում է 5 կոպեկի: Ճաշին թե ինչ են ուտում և որքան՝ այդ ամոթ ենք համարում մինչև անգամ գրելու: Գոնե հանգիստ մեկ կտոր հաց ուտեին, այդ էլ չկա: Ո՞վ ինչ անի, որ «թարս մուշտարին» հենց սատանի պես ճաշի ժամանակ է գալիս: Այդպիսով գործակատարի աննախանձելի կյանքը անցնում է մինչև շաբաթ օրը: Գալիս է և կիրակի օրը: Առավոտը գործակատարը պետք է խանութը բաց անի ավելի վաղ, որովհետև ժամը 9-ին ոստիկանատան ծառայողը ստիպում է խանութները փակելու մինչև կիրակյա պատարագի վերջը: Այդ ժամանակ «խազեինը» հրամայում է, որ խանութի դռները կիսակողպեն: Կողպելուց հետո պետք է գործակատարները խանութի առաջ կանգնած լինեն, որովհետև եթե մուշտարին գալիս է, գործակատարներից մեկը պետք է մուշտարու հետ ներս մտնի առևտուր անելու, իսկ մյուսը դրսից պետք է կողպի:

Իսկ եթե «խազեինը» բարեհաճել է գնալ ուրիշ տեղ, կամ եթե ցանկանում է, որ ինքն էլ համարվի խանութ կողպողների թվում, մի քանի հայտնի բաներ դուրս է դնում սեղանի վրա ծախելու համար, իսկ ինքը գնում է մի տասը քայլ հեռու կանգնում:

Ժամը 12-ը դեռ չլրացած, «խազեինը» ուրախացած հրամայում է՝ «դե՛, խանութը բաց արեք»:

Ահա գործակատարի խղճուկ վիճակը: Մենք կարծում ենք, որ այսպես վարվող վաճառականներին զսպել կարող է հենց ինքը վաճառական դասակարգը, բարոյապես պարտավորեցնելով՝ չխախտել դրված պայմանը: