Նամակ Պարսկաստանից (2)
ՆԱՄԱԿ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻՑ
Թավրիզ, հունվարի 24
Մինչդեռ Տաճկաստանը յուր հոգեվարքի տագնապի մեջ քրիստոնյաներին նոր արտոնություններ, նոր իրավունքներ է շնորհում, և մահմեդականներին հավասար ազատություններ է տալիս, որ այսպիսյավ յուր գլխի վերա պտուտվող փոթորիկը հեռացնե, և կրկին յուր զոհերի արյունը ծծելու բախտին վերադառնա, — Պարսկաստանի մեջ քրիստոնեից դեմ եղած եղեռնագործությունները օրըստօրե սարսափելի կերպարանք են ստանում:
Հիշենք մի անցք:
Ղարադաղի Քեյվանու գավառի Սըղըն կոչված հայաբնակ գյուղը դիվանի գրքերում նշանակված ունի 25 թումեն (70 ռուբլ.) արքունի հարկ, որը նա պարտավոր էր վճարել կառավարությանը: Բայց գյուղի Բաղըր-խան անունով տերը փոխանակ հիշյալ գումարի (70 ռուբլ.) գյուղացիներից մի քանի ամիսների ընթացքում փայտի և մտրակի զորությամբ ստանում է 2550 ռուբլ.: Այդ բավական չէ, կրկին սկսում է Բաղըր-խանը պահանջել գյուղացիներից 1800 ռուբլ.: Ծեծը, բանտը և ամենատեսակ չարչարանքները չեն կարողանում դուրս բերել արդեն աղքատացած գյուղացիներից վերջին գումարը: Չեղած տեղից վճարել մի այսպիսի նշանավոր գումար, անհնարին բան է: Բռնավորը, — սպառելով յուր բոլոր տանջանքները խեղճ գյուղացիների վերա, երբ տակավին տեսնում է յուր նպատակը չկատարված, — ձեռք է առնում մի ուրիշ միջոց, մի չար միջոց, որի գործ դրվելու ժամանակ, հայը չէ խնայում ոչ միայն յուր գույքը, այլև յուր հոգին... Չարագործը ձեռնամերձ է լինում գյուղացիների կրոնական սրբություններին...
Ս. ծննդյան օրը, երբ գյուղի ժողովուրդը հավաքված է լինում եկեղեցում, երբ սեղանի վերա կատարվում է ս. մկրտության խորհուրդը, հանկարծ մի խումբ խանի մարդիկներից թափվում են եկեղեցում: Նրանք ջարդուփշուր են անում խաչերը, խորտակում են բոլոր եկեղեցական սպասները, բռնում են քահանային և ժողովրդի ծերերին, սկսում են ծեծել, սպառնալով, թե բոլորին կմորթեն նույն տաճարի մեջ, եթե չուզենան տալ խանի պահանջած արծաթը: Եվ մի քանի սրբապիղծ չարագործություններից հետո, որոնց հիշելն անգամ սարսափ է բերում, քահանային մի քանի ծերերի հետ տանում են բանտարկում, իսկ մյուսներին հաջողվում է փախչել:
Կրոնքը հայի զգալի կետն է, նա համբերող է, քանի զրկանքը չէր վերաբերում այս կետին. իսկ երբ թշնամու սրբապիղծ ձեռքը սկսավ այնտեղ ևս շոշափել, այն ժամանակ նորա ստրկացած ոգին զարթնում է, բողոք է բարձրացնում...
Բացի խանի բանտումը բռնվածներից գյուղի բոլոր տղամարդիկը հավաքվում են և ճանապարհ են ընկնում դեպի Դավրեժ քաղաք, բողոքելու այս բռնակալության դեմ: Նրանց մեծ մասը ցրտի սաստկությունից սառչում են և մնում են ճանապարհի վերա զանազան տեղերում, իսկ 51 հոգի հասնում են Դավրեժ քաղաքը: Նոքա Անդրեաս արքեպիսկոպոսի առաջնորդությամբ դիմում են Ատրպատականի կառավարության գլխավոր ներկայացուցչի` Սահաբ-դիվանի մոտ: Հայոց առաջնորդը, պատմելով անցքը և նորան առիթ տվող պատճառները, ավելացնում է, եթե գյուղացիներին բավականություն չտրվի, և չարագործը ըստ արժանվույն չպատժվի, նա ստիպված կլինի դիմել Պարսկաստանում գտնված եվրոպական տերությանց միջամտությանը: Սահաբ-դիվանը հանգստացնում է առաջնորդին և խոստանում է անել պարտ ու պատշաճ տնօրինությունները: Ճշմարիտն խոստովանել պետք է, որ պետության այս բարձր պաշտոնակալն, յուր Ատրպատական գալու օրից, ամեն գործերի մեջ ցույց է տվել արդարություն և խղճմտանք, և մանավանդ քրիստոնյաներին վերաբերյալ դեպքերում նա միշտ արդարադատ է գտանվում և ողորմած:
Եվ այս դեպքում նորին վսեմության գործ դրած միջոցները բավականին ազդու պետք է համարել. նա անցքը մանրամասնաբար Թեհրանի Բարձ. Դռանը հաղորդելեն ետ, իմացում է տալիս նորին բարձրությանը թագավոր ժառանգին, որ նույնպես Դավրեժումն է գտանվում, և երկուքը միասին Ղարադաղ մարդիկ են ուղարկում սաստիկ հրամանով, որ Բաղըր-խանը բերվի և յուր պատիժը կրե:
Այժմ հարցն դորանումն է, արդյոք կարելի՞ է այս գազանը դուրս քաշել յուր բույնից: Բաղըր-խանը և նորա նման Չալաբիան կոչված խաները Ղարադաղի լեռների աստվածներն են, իսկ խեղճ ժողովուրդը — նոցա թշվառ զոհը: Շատ ժամանակ չէ անցել, որ հայոց եկեղեցվո սրբությունը շան վզից քարշ տվող չարագործը մնաց անպատիժ. նա ևս Ղարադաղի գազաններիցն էր...
Բայց հուսով ենք, որ նորին վսեմության Սահաբ-Դիվանի օրերով, այսպիսի եղեռնագործությունք, որ պատիվ չեն բերում մի բարեկարգվելու շավղին մեջ ընթացող տերության, բոլորովին բարձված կլինին, խաղաղության մեջ դրվելով գյուղացիների վիճակը, որի գլխավոր պատճառն է հարկերի անկարգ դրությունը և կալվածատերերի հարստահարությունը: