Նամակ Ջուլիա Փուշմանին
Կպատրաստվեի քեզ գրելու, երբ այս առավոտ ստացա ամուսնույդ նկարահանդեսի հայտագիրը[2]։ Դժբախտաբար միայն ցուցակը ալքե անցնելով պիտի բավականանամ և միակ լուսանկարը, որ կա մեջ, մտածել կուտա ինձ, որ պարոն Փուշման, ինչպես միշտ, այս անգամ ալ հաջողած է խլել բազմախորհուրդ արևելքի խոր գաղտնիքներեն մի քանին և կտավին վրա սևեռել գույներու այն ուղու համանվագը, որ իր հոգիին մեջ ունի։ Կմաղթեմ իրեն այն լայն ու ամբողջական հաջողությունը, որուն այնքան արժանի է և որը ամեն բանե առաջ իրեն պիտի տա բարոյական բավականություն։ Մեծ հույս ունիմ նաև, որ այդ ցուցահանդեսեն հետո կորոշեք Բարիզ գալ[3]։ Եվ ինչպե՞ս այս տարի Բարիզ չի գաք, երբ գաղութային ցուցահանդեսը դեպի ի Բարիզ կքաշե ամեն երկրներե մեծ բազմություններ։
Մեծապես կհուսամ, որ քու նամակդ այդպիսի լավ լուր մը պիտի բերե ինձ։ Նախորդ նամակումս մանրամասն գրեր էի իմ աշխատության ծրագիրներուս վրա։ Միշտ կշարունակեմ աշխատիլ և հույս ունիմ, որ հանգրվանե հանգրվան պիտի հասնիմ նպատակիս։ Դժվարություններ շատ կան, բայց ի՞նչ մարդ կըլլայի, եթե դժվարություններու առաջ կանգ առնեի և ո՞վ չունի կամ չէ ունեցած դժվարություններ։
Սոֆիս և Հրանտս լավ են և առողջ[4]։ Սոֆին միշտ իր պաշտոնին վրա է և Հրանտս ուսումը կշարունակե։ Երկու տարիեն կհուսամ, որ հաջողի դառնալ Jhdenieur chimique և ես ալ շունչ կառնիմ։ Ձեր զավակները ինչպե՞ս են։ Կհուսամ, որ հանգիստ են և գոհ իրենց զբաղումներեն։
Սիրելի Յուլիաս, մի մոռնար ինձ և անմիջապես գրե։ Հիշե Սկյուտարի վարդաշատ պարտեզները ու ծաղկյալ ու բուրումնավետ ճամբարները, որոնց վրայեն անցած ենք հույսերով և երազներով լեցուն։ Այն Սկյուտարը, որ կար, չիկա այլևս, բայց միայն մեր հիշողության մեջ և երկուքով հիշել և պահպանել մեր կյանքի գեղեցկագույն պահերը անքակտելի կապ մըն է[5]։ Միշտ, երբ կվերհիշեմ իմ պատանեկական տարիներս, կհիշեմ և քեզ, որովհետև այդ ժամանակներեն, բառին իսկական իմաստով, մնացած ենք ես և դուն։ Շատ սիրալիր և հարգալիր բարևներ Ձեր ամուսնույն և զավակներուն և շատ ջերմ համբույր քեզ։
Նշումներ
[խմբագրել]- ↑ Հովսեփ Փուշմանի կինը՝ Յուլիան (Ջուլիետ), Արուս Ոսկանյանը և Զ․ Եսայանը մտերիմ ընկերուհիներ էին։
- ↑ Խոսքը ամերիկահայ անվանի նկարիչ Հովսեփ Փուշմանի ցուցահանդեսի հայտագրի մասին է, որ Զ․ Եսայանին էր ուղարկվել Նյու Յորք։
- ↑ Հովսեփ Փուշմանը հաճախ էր ցուցահանդեսներ կազմակերպում Նյու Յորքում, Լոս Անջելեսում և այլ քաղաքներում և ամենուրեք արժանանում մեծ ընդունելության։
- ↑ Զապել Եսայանի դուստրը և որդին։
- ↑ Զ․ Եսայանի մանկական հիշողությունները և հայրենի բնության նկարագրությունը իրենց մարմնավորումը գտան նրա «Սիլիհտարի պարտեզները» հուշագրության մեջ, որն առանձին գրքով լույս տեսավ 1935 թ․ Երևանում։