Jump to content

Նամակ Օդեսայից

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նամակ Օդեսայից
Հրապարակվել է «Մշակ» (Թիֆլիս)՝ 1897, № 36 (մարտի 27): Հեղինակն օգտագործել է Ա. ծածկանունը: Հրապարակվում է ժամանակակից ուղղագրությամբ:

Չենք կարող չհայտնել մեր անկեղծ համակրությունը մեր մի քանի հոգևորականներին, որոնք իրենց բարոյական պարտքը համարելով, աշխատում են դրդել հասարակությունը օգնելու թշվառ գաղթականներին: Նույնը արեցին մեր մի քանի օտար հոգևորականներ: Ցարիցինում գերմանական փոքրիկ կոլոնիայի պաստորը արտասվելով քարոզ էր խոսում և ցնցում իր փոքրիկ հոտի սիրտը՝ Հայաստանի կոտորածներից օրինակներ բերելով և ապա հանգանակություն սկսում: Սիմֆերապոլում խոսում է հայ կաթոլիկ վարդապետը և հասկացնում իր ժողովրդին, թե «Քրիստոսի խրատները կպատվիրեն մեզ օգնել տկարին, ձեռք կարկառել թշվառին, բայց որչափ ավելի մենք, ինչպես հայեր, պարտական օգնելու մեր թշվառ, անպաշտպան ազգին և մեր արյունակից եղբայրներին»: Իսկ լուսավորչական հոգևորականության լեզուն պապանձվել է… Ի՞նչ է անում մեր Բեսարաբիայի թեմի առաջնորդը, միթե նա չէ լսում հարստահարված ժողովրդի հառաչանքների ձայները: Ինչու չէ: Ոչ թե լսում է, այլ կարելի է, որ սույն տողերը գրելիս մի քանի ընտանիքները ընկած են եկեղեցու պատերի տակ անխնամ: Ի՞նչ է անում Օդեսայի հայ հասարակությունը, ի՞նչ է անում մեր քահանան: Այո՛, մեր անտարբեր, լեզուն կորցրած հասարակության մարդ է հարկավոր՝ մարդ, բառի բուն նշանակությամբ. Բայց ո՞ւր է այդպիսի մարդ, որ շունչ փչե, կենդանացներ մեռած հոգիները: Դժբախտաբար, չունենք: Մարդ չունենալուց ունեցածնիս էլ փակում ենք վանքերում՝ փտեցնելու համար: Եվ ամոթով ստիպված ենք հայտնել, որ Օդեսայում բոլորովին անխնամ եմ մնացել գաղթականները: Իսկ այստեղ դրանք քիչ չեն: Օդեսան գտնվում է Կովկասի և Բոլգարիայի ճանապարհի վրա: Տխուր տպավորությունների տակ խնդրում և աղաչում ենք Բաթումի և Բոլգարիայի եղբայրներին, որ բոլորովին արգելք լինեն և թույլ չտան ոչ մի դեպքում գաղթելու դեպի Բեսարաբիայի կողմերը, որովհետև դրանք միջոց չունենալով շարունակել իրենց ճանապարհը, ստիպված են մնալ այս կողմերը, առանց որևէ օգնության և ուրեմն զոհ պիտի գնան քաղցի և անօրենության: