Jump to content

Նամակ խմբագրության (Հ․ Թումանյան, 1911)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նամակ խմբագրության
Աղբյուր. ԵԼԺ հ6, էջ 347
ծ. ― էջ 624

<ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ>

Թիֆլիս, 6 հոկտեմբերի

Հարգո պ. Կատոն,

Դուք «Սուրհանդակի» № 406-ում¹ «ցանկալի» եք համարում իմանալ թե՛ այն լրագրի համարները և թե՛ ձեր խոսքերը, որոնցով դուք պայքարի ժամանակ ճգնել եք քաղաքական անբարեհուսության կասկած հարուցանել ձեր հակառակորդների դեմ։ Պատրաստ եմ, հարգելի պ. Կատոն, բայց ավելի զարմանալի մարդ եք դուք, քան թե կարող էի երևակայել։ Հենց այսօր, երբ դուք գրում եք ձեր տողերը, թե ե՞րբ եք այդպիսի վարմունք ունեցել, որ ուրիշների դեմ կասկած հարուցանի, հենց այսօր, ասում եմ, բանակռիվ կա «Հորիզոն» և «Հովիտ» շաբաթաթերթի մեջ ձեր հետևյալ տողերի համար, որ Պոլսի ցուցակի մասին խոսելիս գրել եք «Հովիտի» № 38-ում․ «Ցուցակի մեջ գրված անուններից պարզվել է նախ, որ նրանք բոլորեքյանք էլ, շատ չնչին բացառությամբ, պատկանում են այն կուսակցությանը, որի օրգանն է «Հորիզոն» լրագիրը...», բայց դուք ավելի շատ և ավելի տգեղ փաստեր եք ուզում ձեր գրածներից։ Շատ գեղեցիկ, դրանից ավել ի՞նչ եք տվել։ Ես խոստանում եմ մի պատիժ հանձն առնել ու տեսնել ձեր հոդվածները և նրանցից հանել այն, ինչ որ ինձ առիթ է տվել այդպիսի համոզում կազմելու ձեր վերաբերմամբ։ Սակայն մինչև այդ իմ աշխատանքը կատարելը, Զեզ, պ. Կատոն, դիմում եմ մի տարօրինակ խնդրով։ Ասացեք խնդրեմ, դո՞ւք եք արդյոք նաև «Հովիտի» ու «Սուրհանդակի» «Կ-ն»-ը, «Իրազեկը» և վերջապես Ս. Չերքեզյանը։ Գիտե՞ք ինչու եմ անում այս խնդիրը, որովհետև այս մեր ապականված ժամանակներում շատ փուչ մարդիկ կան, որ զանազան կեղծ անուններով, մինչև անգամ միաժամանակ մի քանի կեղծ անուններով, գրում են ամեն բան և ամենքի դեմ ու հրապարակում կանգնում որպես անտեղյակ, անմեղ աստուծո գառը։ Եվ մինչև անգամ նեղանում են, երբ իրենց սեփական խոսքերը վերագրում ենք իրենց։ Պատահել է, որ նրանք այդպիսի դեպքերում, նույնիսկ սպառնացել են դատարանով, այնքան առաքինի ու վիրավորված են ձևացել։ Մի շատ տգեղ սովորություն է սա, հարգելի պ. Կատոն, որից կկամենայի դուք Ձեզ ազատ հայտարարեք իմ վերևի հարցին պատասխանելով և ապա հանգիստ խղճով անցնեիք գործին։

ՊԱՏԱՍԽԱՆ Պ<ԱՐՈՆ> ԿԱՏՈՆԻՆ

Հարգելի պ. Կատոն. «Սուրհանդակ» թերթի № 408-ում տված ձեր պատասխանից երևում է, որ ձեզ իսկի դուր չի եկել իմ տված այն հարցը, թե արդյոք դո՞ւք եք նաև «Կ-ն», «Իրազեկ» և Ս. Չերքեզյանը։ Մի հարց, որ ես շատ գեղեցիկ եմ գտնում և շատ է հարկավոր, որ իմ հերթին կարողանամ ձեր հարցի պատասխանը տալ։

Դուք իմ հարցից խուսափելու, այլև ինձ շփոթելու համար պայման եք դնում, որ նախ և առաջ ես հայտնեմ թե խուզարկու ոստիկանության պաշտոն ունեմ։ Եվ սպասում եք, որ պիտի սարսափեմ։

Ընդհակառակը։ Դուք իսկի չեք սխալվում, պ. Կատոն, որ խուզարկուի պաշտոն ունեմ, բայց ոչ թե գաղտնի ոստիկանության, այլ այն ժողովրդի, որի բանաստեղծներից մինն եմ, և եթե կուզեք, նրանից էլ դուրս, մինչև ուր կկտրեն աչքերս ու կհասնի ձեռքս։ Եվ չեք սխալվում, եթե բացականչում եք՝ չգիտենք որտեղ է վերջանում բանաստեղծությունը և որտեղ է սկսվում գաղտնի խուզարկուի պաշտոնը։

Գրողները, բանաստեղծները միաժամանակ ոչ այլ ինչ են, եթե ոչ գաղտնի խուզարկուներ, որ ոչ միայն ձեր կեղծ անունները հրապարակ կբերեն, այլև ձեր կեղծ հոգին ու կեղծ մտքերը, որ ավելի խորն են ծածկված։

Այդ աստվածային գաղտնի խուզարկությունն է, որ հայտնագործում է մութը արարածների գաղտնի գործերը, աղաղակում է հրապարակում, և այդպիսով հսկում է բարոյական օրենքներին ու շատ նվիրական բաների՝ գաղտնի սրիկայությունների դեմ։

Գաղտնի խուզարկո՜ւ․․․

Գիտե՞ք, գաղտնի պարոն Կատոն, եվրոպական մեծ բանաստեղծներից