Jump to content

Նամակ ռուսաց թագավորին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նամակ ռուսաց թագավորին

[ 1 ]

Իրիկնապահին՝ Արթին պապիս նստելու տեղը կամարակապ դարբասի նիշն էր, որի ներքևի մասը, գետնից մետրաչափ բարձր, կոկիկ տաշած էր, քարե աթոռի պես սարքած։

Կնստեր իր տեղը, կկռթներ հոնի կարմիր մահակին, գլուխը մի կողմի վրա կթեքեր, և եթե զրույցընկեր չունենար, ինքն իրեն կխոսեր ու քթի տակ կժպտար։ Երբ նա ժպտում էր, նրա կապույտ աչքերը փոքրանում էին, և աչքերի տակ շարվում էին բարակ կնճիռներ։ [ 2 ]

Դարբասի մոտ իրիկնապահին նստելը պապիս հին սովորությունն էր։ Կովերը արոտից էին տուն գալիս, վարից՝ հոգնած ու դանդաղ քայլերով եզները, պառավ ատամների տակ ծամելով ճամփի եզրից պոկած խոտը։ Ու նստած տեղից պապս մեզնից մեկին մի բան էր պատվիրում։

— Էգուց Ալա եզը վարի չտանեք,— կամ թե՝ մի տեսեք էն քուռակն ինչի՞ է կաղում։

Հետո պիտի վեր կենար, խոտը հոնի փայտով հավաքեր և մոտեցներ Ալա եզին կամ շոյեր քուռակի հիվանդ ոտքը։

Մութն ընկնելուց ժամի զանգերը ծլնգում էին։ Առաջին ծլնգոցին պապս փափախը կհաներ, կխաչակնքեր, թեկուզ այդ պահին կանգնած լիներ Ալա եզան մոտ։ Եվ խաչակնքելիս հոնի փայտը ձեռքից բաց չէր թողնում։

Մենք բոլորս էլ գիտեինք, որ խաչակնքելուց հետո ձայն է տալու․

— Նազու աղջիկ, դռները բաց արա․․․

Նազու աղջիկը տատս էր, ծերությունից մի քիչ կռացած, ականջի մեկը խուլ։ Եվ Նազու աղջիկը դռնակը բաց էր անում, դռնակը ճռռում էր, ինչպես սայլի անիվը սառույցի վրա։

Դռան շեմքին նստելն ուներ և մի ուրիշ նպատակ։ Գյուղի մեծ փողոցը մեր տան առաջովն էր անցնում։ Ուրիշ գյուղից եկողը մեր տան կողքով պիտի գնար։ Հանդից տուն դարձողները՝ որը մի խուրձ խոտ շալակին, որը՝ լուծի կապերն ուսին ու բեզարած եզներն առաջն արած, որը էշի վրա, ոտները գետնին քսելով,— մի խոսքով, իրիկնապահին ով անցներ փողոցով, պապիս պիտի ասեր «բարի իրիկուն»։ Պապս էլ նրանց պիտի հարցներ, թե վարը պրծա՞ն, կամ թե այսինչ սարի խոտը ինչպես է։

Մի անծանոթ մարդ եթե անցներ փողոցով, պապս մեզանից մեկն ու մեկին շտապ կասեր.

— Հենց էր ղարիբ լիներ… Շուտ հասի կանչի, թող մեր տունը գա…

Վազում էինք և մինչև չիմանայինք, թե ո՞ւմ հյուրն է, նրան բաց չէինք թողնում։ [ 3 ]

— Պապի, էն ղարիբը Իսաջանենց ղոնաղն էր, նրանց տունը գնաց։

Եվ պապս պիտի միտք աներ, թե նորեկը Իսաջանենց որի՞ հյուրն է, ե՞րբ է եղել նրանց տանը, ի՞նչ ծանոթություն կար նրանց միջև։ Եթե կասկածեր, կնոջը պիտի հարցներ.

— Նազու աղջիկ, հերու էր, թե մեկել տարին էն որ Իսաջանենց Ադամի տղան սարուշենցի բրուտին կանչեց։

Էն ղարիբը նմանեցնում էր բրուտին։

Տատս եթե խուլ ականջն էր դարձրել նրա կողմը, պիտի գլուխը թեքեր, մի անգամ «հը՞» ասեր և ապա հայտներ իր կարծիքը սարուշենցի բրուտի մասին։

Անասունները տեղավորելուց հետո, եթե ամառվա գիշեր էր, պապս տնքալով բարձրանում էր թախտը, արխալուղի կոճակներն արձակում, և հնձվորի նման գլխին կապում սպիտակ շորը։ Հողի գավաթի մեջ սառած սպասից մի քանի գդալ ուտելուց հետո, թիկնում էր բարձին և ննջում։

Առավոտ ծեգին ամենից կանուխ նա էր վեր կենում։ Քաղցր քնի մեջ, մանավանդ երբ լուսաբացին զովը պաղեցնում էր օդը և քունն ավելի անուշ դարձնում, պապս ձայն էր տալիս մեզ․

― Դե, վերեք[1], հրեն արևը դուրս եկավ հա՜․․․

Մենք ավելի էինք ներս խցկվում վերմակի տակ ու սկսում սուտ խռմփացնել։ Ու մեկ էլ մի ձեռք վերմակի տակ խտղտացնում էր մեր կրունկները։ Ծլոնգ էինք անում, նստում անկողնում և տրորում մեր քնատ աչքերը։

― Դե հա՜ վերեք… Տղամարդն էլ էդքան քնի՞։ Հրես ձմեռը էնքան արջաքուն տա՜ք…— ասում էր և հոնի փայտի ծայրով դիպչում մեր մարմնի բաց մասերին և ինքն էլ մեզի հետ ծիծաղում։

― Վերեք, ես ձեր ժամանակ կարգին տղամարդ էի։ Հրեհ ձեր պսակվելու վախտը մոտենում ա հա՜, վերե՜ք…

Մենք այն ժամանակ ութ֊տասը տարեկան երեխաներ էինք։ Ու պիտի վեր կենայինք, քնաթաթախ աչքերով չջոկեինք, թե ով ում տրեխն է հագնում, պիտի կռվեինք իրար [ 4 ] հետ, թե ո՞վ է եզները տանելու և ո՞վ է գնալու վարի։ Բայց ավելորդ էր մեր խոսքն ու կռիվը, որովհետև պապս արդեն որոշել էր աշխատանքը, իսկ Նազու աղջիկը մեր պաշարի կապոցները կախել էր բակի ցից փայտերից։

Եվ արևածագին սկսվում էր գյուղի ծանր աշխատանքի առօրյան։

Ձմեռն էր լավ։ Աշխատանք քիչ կար, տավարը գոմում էր, խոտն ու դարմանը՝ մարագում։ Պապս ոչ նստում էր դարբասի քարին և ոչ էլ պառկում բակի թախտի վրա։ Արև օրերին նրա փոխարեն հավերը, սառած գետինը կոխ տալով, մոտենում էին, վիզները երկարում, թռչում ու շարվում թախտի վրա, գլուխները ծածկում թևերի տակ։

Պապս քուրսու մոտից չէր հեռանում։ Նա սովորություն ուներ գյուղի հրապարակը գնալու։ Քուրսու մոտ կնստեր, բրդե շալը ուսին կգցեր ու կմտմտար, երբեմն ինքն իրեն կժպտար, բարի և անչար մարդու ժպիտով։

Մանավանդ ձմեռը հյուրն անպակաս էր։ Ով էլ լիներ, ինչ գործով էլ գար, մի օրվա փոխարեն պապս նրան պահում էր երկու, երեք օր։ Եթե հեռու գյուղերից իր վաղեմի ծանոթը, կամ թուրք «քիրվան[2]», նրան տեսության էր գալիս, մեր տունը դառնում էր հարսանքատուն։ Նստում էին մինչև աքլորականչը, պատմում անցած օրերից, վերհիշում մեռած մարդկանց, վաղուց եղած դեպքեր ու վաղեմի պատմություններ։

Մենք էլ էինք նստում այնքան, մինչև քունը հաղթեր, գլուխներս հենեինք քուրսու թախտին, մինչև տատը բոթեր մեզ, զարթեցներ ու վեր կենայինք, որպեսզի վերմակի տակ մի քիչ էլ լսեինք նրանց զրույցը։

Պապս այնքան էր պատմել իր գլխով անցածը մեզ և հյուրերին, որ հենց խոսքի կծիկը հետ տար թե չէ, մենք պիտի իմանայինք, թե որն է պատմում՝ այն, ինչ եղավ գյուղի ավերակ մատուռում, երբ ջահել ժամանակ պապս ընկերների հետ գրազ էր բռնել, գիշերով գնացել փափախը դնելու մատուռի ներսը, ու մի աղվես դուրս էր թռել, վախից պապս [ 5 ] գյուղի ճանապարհը կորցրել և մինչև լույս բոստաններում պտույտ էր տվել,— թե ինչպես սարում գայլերը հարձակվել էին ձիու երամակի վրա, ինքը պահվել էր ձիերի արանքում և մի կերպ ազատվել։

Պատմությունն անելիս պապս միշտ կամ ջահել օրերին էր երանի տալիս, կամ էլ առանձին շեշտով խոսքը վերջացնում․

— Աշխարհքս միշտ կմնա, ասա մարդը սևերես չմնա…

Աշխարհի չար ու բարուց անտեղյակ, միամիտ երեխաներ էինք։ Մեզ համար ամենից հզորն ու սարսափելին գյուղի գզիրն էր։ Տանուտերը, որր նստում էր հարևան գյուղում, մեր գյուղի գործերը տեսնում էր գզիր Իբիշի ձեռքով։ Մեկ էլ գզիրը տնկվում էր կտարի վրա, կամ կռանում էր և երդիկից կանչում.

— Քյոխվից հրաման կա․․․ Տերության խարջը երեք օրում ուզում են։ Չտվողին՝ Սիբիր։

Եթե հրամանը հասարակ էլ լիներ, Իբիշը խոսքը վերջացնում էր սպառնալիքով։ Ոչ մի խնդիր և ոչ մի աղերս չէր կարող փափկացնել նրա սիրտը։

— Ուզում ես թագավորի հողից ինձ քոչացնե՞ն[3]… Չէ՛, չէ՛, բե՛ր։ Ես ի՞նչ պատասխան պիտի տամ քյոխվին։ Ուզում ես խալխի մեջ ինձ խայտառակ անի՞։ Բե՛ր, թե չէ Սիբիր հա՜…

Գզիր Իբիշը մեզ սարսափելի և հզոր էր թվում, որովհետև պապս, որ մեր աչքում անվախ մարդ էր, գայլ ու գազան տեսած,— նա էլ էր խեղճանում, երբ գզիրը կանչում էր երդիկից, կամ թե երբ դարբասի քարին նստած ժամանակ գզիրը մոտենում էր և չոր ու կոշտ հայտնում տանուտերի հրամանը։

― Մեր տան կերած, աղ ու հացը քոռացնի աչքերդ, Իբի՛շ…

Պապս էր ասում այդ խոսքերը, երբ գզիրը հեռանում էր այնքան, որ չլսի ասածը։

Եվ ամեն անգամ, երբ գար ու գնար Իբիշը, պապիս [ 6 ] ժպիտը կորչում էր, մոռանում էր մեզ էլ, տունն էլ, եզն ու կովն էլ։ Ամեն մի այցից հետո նա խոր թառանչով ասում էր․

― Ախ, Եգոր, մի էստեղից դուրս գայիր․․․ Յարաբ[4] աչքիս լինելու քեզ տեսնեմ…

Այդ որ ասեր, մենք էլ էինք տխրում, չնայած մեզնից ոչ ոք չէր տեսել մեր քեռի Եգորին, որին տարիներ առաջ աքսորել էին։

Նրա աքսորման մասին հակասական պատմություններ կային, որոնցից ոչ մեկը ճշմարիտ չէր։ Գիտեինք միայն, որ քեռիս զինվոր եղած ժամանակ ընդդիմացել է և իբրև թե հրացան է քաշել հրամանատարի վրա։ Մեզ համար մութն էր այդ պատմությունը, չէինք տեսել ո՛չ նրան, ո՛չ էլ գիտեինք այն երկիրը, որտեղ, ինչպես պապս էր ասում, «ամառ֊ձմեռ ձյուն է»։ Իր որդու մասին պապս մեզ հետ չէր խոսում, և եթե ձմռան գիշերներին քուրսու մոտ նստած հյուրերից մեկն ու մեկը պատահմամբ կամ անզգույշ հարցով հիշեցնում էր նրան այդ մասին, պապս «էհ՜» էր անում, ուսերը թոթվում և մի քիչ լուռ մնալուց հետո շարունակում զրույցը։

Այդ դեպքը մի ստվեր էր մեր լույս օրերի վրա։ Մեծերը տխրում էին, տատս արտասվում էր, երբ նայում էր սնդուկում պահած որդու գուլպաներին։ Եթե մենք նրան հարցնեինք, թե հեռո՞ւ է քեռին, նա պատասխանի փոխարեն պիտի կռանար, համբուրեր մեզ, մի֊մի բան էլ ձեռքներիս դներ։

Ամիսներով մոռացվում էր այդ պատմությունը։ Վարուցանքի հետևից էինք ընկնում, աշխատում էինք լուսաբացից մինչև իրիկուն և մեզ թվում էր, թե մեր ընտանիքում ոչինչ չի պատահել և մեր տան գլխին չի ծանրացել ոչ մի հոգս։

Սակայն անհայտ աղբյուրներից երբեմն լսվում էին լուրեր, մանավանդ հարևան գյուղերում, և այնտեղից էլ այդ լուրերը որպես շշուկ հասնում էին պապիս ականջին։ Մերթ ասում էին, որ նրան տեսնող է եղել և ուրիշի անունով ապրում է այսինչ քաղաքում, պապս ձի էր նստում, գնում լուրը ստուգելու և հուսահատ վերադառնում։ Մերթ պատմում էին, թե սահմանն անցել և գնացել է Իրանի հողը, և իբրև թե նամակ [ 7 ] է ուղարկում մեզ, բայց նամակը ճանապարհին բռնում են։

Սոսկալին այդ անհայտությունն էր, որովհետև եթե ստույգ իմացվեր, որ նա այլևս չկա, լաց կլինեին, և տարիների հետ կհալվեր մորմոքը։ Սակայն մերոնց վիշտն անթեղած կրակ էր, որ մերթ բոցավառվում էր որպես պայծառ հույս, մերթ դառնում մարմրին տվող տկար կայծ։

Պատահում էր, որ ձմռան գիշերին մեզնից մեկն ու մեկը հանկարծ զարթնում ու գլուխը հանում էր վերմակի տակից։ Այդ գիշերներին շատ անգամ տեսնում էինք տատիս ու պապիս քուրսու մոտ նստած։ Երբեմն նրանք լուռ ննջում էին։ Տատս հանկարծ սթափվում էր, աչքերը տրորում, մոտեցնում բրնձով լի ամանը, և մատով մեկ֊մեկ ընտրում բրինձը։ Նրանք իրար հետ խոսում էին, ամեն գիշեր համարյա նույն ձևով, նույն հանգով։

— Բա ի՞նչ ասաց։

— Կտեսնեմ․․․ Ասում էր շատ ա դժվար․․․

― Հը՞։

— Դժվա՛ր ա, դժվա՛ր․․․

— Տվածնիս աչքերն առնի, բա հիմա ինչ է ուզում․․․

— Ճարներս ինչ, պիտի տանք․․․ Տեսնենք մի խաբար կբերի՞։

Ու մենք հասկանում էինք, թե կա մի մարդ, որ եթե մտքում դնի, ստույգ լուր կբերի մեր Եգոր քեռուց։ Ո՞վ էր այդ մարդը, մենք չգիտեինք։ Հայտնի էր, որ երբեմն գզիր Իբիշը մեր տնից յուղ ու պանիր էր տանում նրա համար։ Մի անգամ էլ երկու ոչխար տարավ ու հենց գոմի շեմքին երդվեց, որ անպատճառ նրան կասի։ Գզիրը ոչխարը քշեց հարևան գյուղը, որտեղ ապրում էր տանուտերը, և որի տանը շատ անգամ լինում էր պրիստավը։


* * *

Աշնան մի օր պապս, որ առավոտ կանուխ ձի էր նստել ու գնացել հարևան գյուղը, ուրախ֊ուրախ ձիուց իջավ, սանձը հանեց ձիու գլխից ու մինչև ձին ներս կմտներ գոմի [ 8 ] դռնով, շտապեց մեզ հայտնելու, որ տանուտերից տեղեկացել է, թե քեռիս ողջ է և գտնվում է այսինչ քաղաքում։

― Անունն ինչ էր էն անտերի․․․ Տես է՜, հուշ եմ ասել։ Լեզվիս պտկին էր, ամբողջ ճանապարհին ասում էի, որ մտահան չանեմ։

Հարկավոր էր խնդիր ուղարկել ամենաբարձր տեղը՝ հենց իրեն՝ ռուսաց թագավորին, ինչպես ասել էր տանուտերը։ Պապիս պատմածը մեզ թվում էր հեքիաթ։ Եվ մինչդեռ տատս ուրախությունից շփոթվել ու անվերջ աղ էր լցնում ապուրի մեջ ու խառնում, մենք զարմացած նայում էինք մեր կարճլիկ, մազը սպիտակ պապին, որի կապույտ աչքերը պայծառացել և վառվում էին հույսի հրճվանքով։

— Պապի, թագավորը նամակդ որ ստանա, ի՞նչ պիտի անի։

— Կկարդա, հրաման կտա պրիստավին, որ Ադամով Եգորին, որտեղ որ է, սաղ֊սալամաթ հասցրեք իրեն հորը։

— Բա ո՞նց է գնալու նամակը։

— Էհ, դուք հլա աշխարհքի որտե՜ղն եք․․․ Փոշտ[5] կա, յասաուլ կա, պրիստավ կա։ Տանելու են թագավորի ձեռքին դնեն։ Քյոխվան ասում էր, որ պիտի լավ թղթի վրա գրել տաս, ղալամն[6] էլ ոսկի պիտի լինի, թե չէ ընդունիլ չեն։

Ու մանկական երևակայությամբ պատկերացնում էինք ոսկե գրիչը, որով փայլուն թղթի վրա գրում են պապիս խնդիրքը, բառերը պսպղին են տալիս, նամակը սարերի վրայով և թռչունի թևով հասնում է ոսկե մի տուն, և թռչունը նամակը դնում է թագավորի թախտին։

Այդ իրիկուն տատս ջոկեց պանրի յուղոտ կտորները, լցրեց մի մորթու մեջ և բերանը կապեց։ Երբ պապս պատվիրեց պոչը ծաղիկ երինջին գիշերը կուշտ խոտ տալ, մենք հասկացանք, որ նա յուղ ու պանրի հետ քաղաք է տանելու և պոչը ծաղիկ երինջին, որը մեր բոլորի սիրելին էր, մեր աչքի լույսը։

Սակայն ոչ ոք չառարկեց։ Առավոտ կանուխ բոլորս ոտքի [ 9 ] էինք, և մեզնից ամեն մեկն աշխատում էր ավելի շոյել երինջի մեջքը, խոտի մեջ եղած չոր ծաղիկները ջոկել ու տալ նրան։

Պապս ձիու թամբին կապեց յուղն ու պանիրը և երինջին առաջ արավ։ Դարբասից դուրս գալուց, երինջը ետ նայեց դեպի կիսաբաց դուռը ու բառաչեց։ Գոմից նրան ձայն տվեց նրա պառավ մայրը։

Երբ ձին ու երինջը ծածկվեցին բոստանների պատերի հետևը ու միայն երևում էր պապիս փափախը, որ սև կատվի պես վազում էր պատի վրայով,— մենք մի քիչ էլ կանգնեցինք ու ներս մտանք։

Երկու օր հետո պապս վերադարձավ։ Իր խնդիրքը գրել էր տվել Միրզա Դավիթին և տանուտերի օգնությամբ հանձնել փոստը։ Պոչը ծաղիկ երինջն էր գնացել, յուղն ու պանիրն էլ։ Փոխարենը պապս բերել էր թղթի մի փոքրիկ կտոր, որ նրան տվել էին նամակն ընդունելուց հետո։

— Նազու աղջիկ, լավ տեղ դիր, աչքի լույսի պես պահիր։ Պատասխանն էլ թղթովն ա գալու։ Թե որ կորա՜վ…

Եվ Փոքրիկ թուղթը, որ շորի մեջ ամուր փաթաթելուց հետո տատս դրեց սնդուկի մեջ, մեզ համար դարձավ և՛ ամենից թանկը, և՛ ահավորը։

Ի՞նչ կար այդ փոքրիկ թղթի մեջ, ո՞ւր է մեր պոչը ծաղիկ երինջը, մորթեցի՞ն, թե՞ բառաչում է ուրիշի գոմում։ Մտածում էինք այնքան, որ հոգնում էինք, քնում ու երազի մեջ տեսնում երինջին, որ խոտի տեղ ախոռում ուտում էր թուղթ…

Մի ձմեռ անցավ, բայց նամակի պատասխանը չեկավ։ Ամբողջ գյուղը այդ մասին և պապս էլ միամիտ պարծանքով պատմում էր, որ ինքը ռուսաց թագավորին նամակ է ուղարկել։ Մեր տունը հյուր եկողներին նա նկարագրում էր, թե ինչպես է Միրզա Դավիթը խնդիրքը գրել։

— Է՜, մենք էլ ասենք ապրում ենք։ Էնպես ղալամ ունի, որ քարին դնի, քարը կճաքի… Ինձ որ տեսավ, երեսիս նայեց, թե Արություն ապեր, ուզում ես ասեմ, ինչի ես եկել ինձ մոտ։ Ասաց թե դու ուզում ես, որ Թագավորին նամակ գրեմ տղիդ համար։ Մնացի զարմացած։ Օրենքի գրքերը բաց [ 10 ] արեց, կարդաց, կարդաց, մինը դրեց, մյուսը վերկալավ, վերջը գտավ։ Ոսկե ղալամը դրեց թղթի վրա… Մի զարմացք էր որ։ Էդպե՜ս էլ գիր, էդպես էլ զորություն…

Ունկնդիրն իր հիացմունքն էր հայտնում Միրզա Դավիթից և նրա գրչից, իսքն իր հերթին անում մի պատմություն սրա իմաստությունից ու հնարագիտությունից։

— Ասենք թե անունը միրզա[7] է, բայց ադվակադից[8] էլ գիտուն է։

— Պապի, բա պատասխանը ինչո՞ւ չի գալիս…

— Այ որդիք, հենց իմանում եք թե թագավորը ունի֊չունի էդ հոգսն ունի։ Կռիվ կա, ժողովուրդին կերակրել կա։ Օրը ես հազար ասեմ, դու երկու հազար իմացի,— էդքան նամակ ու խնդիրք ա ստանում։

Հալբաթ[9] մի օր էլ մերը ձեռքը կհասնի… Բա էս թուղթն ինչի՞ համար են տվել։ Էդպես էլ վրան գրած է․ Արություն Ադամովից նամակ ռուսաց թագավորի վրա։


* * *

Եկավ գարունը։ Մի օր էլ գզիր Իբիշը ձայն տվեց, որ հարևան գյուղում ժողով կա։

— Թազա պրիստավ են դրել, ա՜յ ժողովուրդ, թազա քյոխվա են ընտրելու։ Տունը մի մա՜րդ…

Տանուտերի ընտրությանը պապս չգնաց։ Ալա եզն այդ օրը տնքում էր, նրա պնչերից ծորում էր ժահրոտ[10] լորձունք։ Պապս տաք մոխիր էր կախել եզան ճակատին, շոյում էր նրա մեջքը և փաղաքշական խոսքեր ասում։

Մի քանի օր անց, երբ հիվանդ եզը ոտքի կանգնեց, ու ոտքերը զգուշությամբ փոխելով սկսեց լիզել բակի քարերը, պապս դարձյալ նստել էր իր սովորական տեղը, աչքը հանդից տուն դարձողներին։ Ու մեկ էլ երևաց գզիրը։ [ 11 ]

― Թազա պրիստավը քեզ էգուց առավոտ կանչել ա։ Վախտով[11] էնտեղ լինես, թե չէ ասում են հերսոտն ա․․․

— Խեր լինի, Իբիշ․․․— հարցրեց պապս, տեղից վեր կենալով։

— Հաստատ տեղեկություն չունեմ։ Ինձ էդպես ա հրամայել։

― Ո՞վ։

— Թազա քյոխվան, Մուքելանց Առստամը։

Պապս էլ ոչինչ չհարցրեց։ Իբիշը հեռացավ։ Լավ նշան չէր Առստամի մասնակցությունը։ Նա հին հաշիվ ուներ պապիս հետ։

— Ի՞նչեր էր ասում բայղուշը[12],― հարցրեց տատս։

— Առստամը կանչել ա, թազա քյոխվան։

— Հը՞,— պապս նորից կրկնեց։

— Պատասխանը եկած չլինի՞,— ասաց տատս։

— Կարող ա։ Վախտն ա. եկած էլ չլինի, հրես որտեղ որ ա կհասնի։ Համա ասեց պրիստավն ա կանչում։ Հը՞,— դարձավ նա մեզ։

Մենք հաստատեցինք, որ Իբիշն այդպես ասաց․ և որպեսզի ավելի ստույգ իմանայինք, պապս մեզ ուղարկեց նրա մոտ մի անգամ ևս հարցնելու։ Գզիրը նախ մեզ վրա բարկացավ, թե չենք թողնում, որ հանգիստ հաց ուտի, ապա մեզ հայտնեց, որ պապիս կանչողը պրիստավն է, բայց ինքը հրամանը ստացել է Մուքելանց Առստամից։

— Հենց քու ասածն ա լինելու, Նազու աղջիկ,— ասաց պապս մեզ լսելուց հետո։— Երևի պատասխանը եկել է, կամ թե ո՞վ գիտի, թագավորի կողմից մի հարցմունք պիտի անի։

Քնելուց առաջ պապս ինձ պատվիրեց առավոտը կանուխ վեր կենալ։ Ես նրան պիտի ուղեկցեի և այնտեղ նրա ձին պիտի պահեի, մինչև պապս ներկայանար պրիստավին։

Ուրախությունս անչափ էր։ Ես պիտի տեսնեի հարևան գյուղը, պապիս թարքին[13] նստած պիտի բարձրանայի սարի գագաթը, որ մեր բակից անչափ հեռու էր երևում։ Վերջապես [ 12 ] ես պիտի տեսնեի պրիստավին։ Այս մտքի վրա ուրախությունս տեղի էր տալիս ահավոր երկյուղի։

Լուսաբացին մի անգամ ձայն տալուց իսկույն վեր թռա և արագ հագնվեցի։ Բակում պապս հագցնում էր ձիու սանձը։ Քիչ հետո երկուսով նստեցինք ձին ու ճանապարհ ընկանք։

Երբ հեռացանք գյուղից, ամեն ինչ ինձ համար նոր էր և անծանոթ։ Իմ հարցերին վերջ չկար։ Ու դեռ մեկի պատասխանը չստացած, մյուսն էի տալիս, իսկ պապս դողդոջ ձայնով պատասխանում էր, երբեմն կանչում ձիու վրա և սանձը ձգում, երբ ձին ոտքը դիպցնում էր քարին։

— Հրե՜ն է՜, էն սպիտակ տունը, կտուրն էլ կարմիր,— ցույց տվավ պապս սարի գագաթից,— պրիստավն էնտեղ է նստում։

— Պապի, որ թագավորը գրած լինի, թե իրավունք եմ տալիս, քեռին քանի՞ օրում կգա։

— Մի աչքը ճպելում[14]։ Թագավորի համար ինչ։ Ուզենա մի օրում հագար ոչխար մորթել կտա։

― Հազար ոչխա՜ր…

Քիչ հետո մենք սպիտակ շենքի մոտ էինք։ Ինչքա՜ն նորություն կար ինձ համար։ Այստեղ փողոցներն ավելի լայն էին, տներն ավելի գեղեցիկ։ Փողոցում շատ ժողովուրդ կար։ Խանութների առաջ մարդիկ խռնվել էին իրար՝ յուղ էին ծախում, կով, բուրդ, մեկը գովում էր իր ապրանքը, մյուսը բարձրաձայն սակարկում գնորդի հետ։ Մի քանի հոգի բարեվեցին պապիս։ Այդ ինձ ուրախություն պատճառեց։

— Էս հեռու տեղը որտեղի՞ց են իմ պապիս ճանաչում,— մտածեցի ես։

Սպիտակ տան առաջ իջանք, ձին քաշեցինք բակի ստվերը։ Սանդուղքի վրա նստել էին գյուղացիներ՝ հայ, թուրք, ոմանք զրուցում էին իրար հետ, ոմանք պատի ստվերում պառկել էին, գլխատակին աղլուխի[15] մեջ փաթաթած պաշարը։ Պապս մոտեցավ և խառնվեց նրանց։ Մի րոպե ես նրան [ 13 ] իմ աչքից կորցրի․ սիրտս ահ ընկավ, և երբ տեսա նրա սև փափախը, կանչեցի․

— Պապի՜․․․

Ժպիտն երեսին մոտեցավ, պատվիրեց, որ ձիուն լավ նայեմ և չթողնեմ, որ մոտենա մյուս ձիերին։

― Քեզի քացի կտան, աչքդ վրան պահիր— և, հուսադրելու համար ասաց,— թե որ պատասխանը եկած լինի, քեզ համար խուրմա[16] եմ առնելու․․․

Նրա խոսքը կիսատ մնաց․ սանդուղքի գլխից մեկը կանչեց․

— Ադամով Արություն։

Ես տեսա, թե ինչպես պապս շտապեց արագ հասնելու սանդուղքին։ Աստիճանների վրա նստած գյուղացիները նրան տեղ տվին անցնի։ Հետո պապիս սև փափախը ծածկվեց դռների հետևը։

Ձիու սանձից պինդ բռնած, ես աչքս չէի հեռացնում փակ դռներից։ Երբեմն դռները բացվում էին, ներս ու դուրս էին անում պսպղան կոճակավոր մարդիկ, աստիճաններին նստած մարդկանցից ոմանք ոտքի էին կանգնում և նրանց խոնարհ գլուխ տալիս։ Իմ աչքին բոլորն էլ պրիստավ էին, ու ես չէի կարողանում ջոկել, թե նրանցից որն է ավելի մեծավորը։

― Պրիստավն էն է՞,— հացրի ես կողքիս նստած մի գյուղացու, որի գլխին փաթաթած կեղտոտ շորի վրա և երեսին կային արյան չորացած կաթիլներ։

― Էն ուրյադնիկ Վասոն ա․ պրիստավն օթախումն[17] ա,— ասաց նա։ Ես չհարցրի, թե ուրյադնիկը պրիստավի ի՞նչն է։ Սակայն հետաքրքրությունս ավելի սաստկացավ։ Եթե ուրյադնիկը այդքան շատ ոսկի կոճակներ ուներ, ապա ինչեր կլինի պրիստավի հագին։ Իսկ թագավո՞րը․․․

Ինձ թվաց, թե սպիտակ տան ներսը մեկը գոռգոռում էր և ոտքը խփում գետնին։ Սանդուղքի քարին նստած մարդկանց ցից ոմանք իջան և կանգնեցին բակում։ [ 14 ]

Հանկարծ դռները բացվեցին, երևացին մի քանի ձեռքեր, իրար խառնված մարմիններ, անթիվ փայլուն կոճակներ և այդ ամենի մեջ պապիս ալեհեր գլուխը։

Ձեռքերն իջնում էին նրա գլխին։

Ու մինչև ես բարձր կանչեցի, և ձիու սանձից բռնած վազեցի սանդուղքի կողմը,— պապս արդեն թափ էր տալիս փեշերը։ Վերևից մեկը ոտքով շպրտեց նրա սև փափախը։ Դռները նորից փակվեցին։

Մի քանի հոգի սիրտ արին և մոտեցան մեզ։ Սակայն ոչ ոք ծպտուն չհանեց։ Իսկ երբ սանդուղքի վրա երևաց ուրյադնիկը, նրանք իսկույն հեռացան։ Պապս փոշոտ գլխարկը թափ տվեց ու դարձավ ինձ․

― Ձին պահի, բալաս․․․ Պատասխանը չկա։

Բերանից արյուն եկավ։ Ես տեսա նրա ջարդված ատամը։ Արյունը թքի հետ խառնված կաթում էր նրա արխալուղի վրա։

Ձին մոտ քաշեցի։ Մեր գյուղացի մեկը օգնեց ինձ ու պապիս՝ ձին նստելու։

Մենք անխոս ճանապարհ ընկանք։

Պապս գլուխը կախել էր և ձախ ձեռքով բռնել ծնոտը։ Ես պինդ գրկել էի նրան, գլուխս հենել մեջքին։ Լսում էի ընդհատ շնչառությունը։

Նա հեկեկում էր։

Էլ չկարողացա ինձ զսպել և արցունքներս, ամբարտակը պատռած ջրի նման, ժայթքեցին դուրս։ Ես ավելի պինդ փաթաթվեցի նրա մեջքին։

Երեկոյան, երբ պապս ատամների ցավից տնքալով, հազիվ լսելի պատմում էր, թե ինչ եղավ ներսը, երբ ներկայացավ պրիստավին, երբ Մուքելանց Առստամը պրիստավի ականջին փսփսաց,— պրիստավը փրփրեց, հայհոյեց, և ոտքը գետնին տալով բղավեց․

— Ես քեզ ցույց կտամ, թե ինչ ասել է թագավորին նամակ ուղարկել։

Պապս իզուր էր փորձել թարգմանի միջոցով հայտնելու, թե ինքը ռուսաց թագավորին նամակ է ուղարկել միայն իր որդու՝ Եգոր Ադամովի մասին։ [ 15 ]

— Բերանս բաց արի թե չէ, մի անգամ խփեց։ Աչքերս սևացան․․․ Էլ միտս չի, թե ինչպես դուրս գցեցին․․․ Առստամը բեղի տակ ծիծաղում էր։


* * *

Այն օրից շատ տարիներ են անցել։ Պապս վաղուց է մեռել։ Նրա գերեզմանի հողը նստել է, և թեք է ընկել գերեզմանաքարը։

Մինչև վերջին րոպեն միամիտ ծերունին հավատում էր, որ մի օր պատասխանը գալու է։ Երբ հիշում էր այն օրը, դեմքն այլայլվում էր, և աղոտանում էր նրա հույսը։ Սակայն հետո նորից հուսադրում էր իրեն էլ, մեզ էլ։

— Նազու աղջիկ, ես մեռնում եմ։ Հուր Հավիտյան պարտական մնաս, թե պատասխանն ստանալիս չգաս և իմ գերեզմանին իմաց չտաս,— ասել էր նա վերջին լուսաբացին։

Նրանից մի տարի հետո մեռավ և տատս։

Նազու աղջիկն էլ դատարկ ձեռքով էր պառկել նրա կողքին։ Ու նրա հետ թաղել էին և թղթի այն կտորը, որ, իբրև թանկագին ավանդ, պառավը պահում էր սնդուկի մեջ։

Եվ այդպես էլ չիմացվեց, թե ինչ եղավ Եգոր Ադամովը։

… Շատ տարիներ են անցել։ Այդ անցյալը ինձ համար դարձել է հիշողություն, որ հետզհետե ընկղմվում է մոռացության անդունդը։ Միայն երբեմն աչքիս առաջ երևում է իմ Արթին պապի ալեհեր գլուխը, նրա կապույտ աչքերը և խեղճ ժպիտը։ Սակայն հանկարծ ավերվում է և այդ պատկերը, նրա ժպիտը դառնում է ցավ, և ծերունու ջարդված ատամից նրա արխալուղի վրա ծորում է արյունը։


1927—1930

Տողատակեր

  1. վերեք (բրբ․)— վեր կացեք
  2. քիրվա (թուրք.)― բարեկամ, եղբայր
  3. քոչացնել― տեղահան անել
  4. յարաբ― արդյոք
  5. փոշտ― փոստ
  6. ղալամ (արաբ.)― գրիչ
  7. միրզա— գրագիր
  8. ադվակատ— (ռուս.) փաստաբան
  9. հալբաթ (արաբ.)— իհարկե, անշուշտ, անտարակույս
  10. ժահրոտ— թարախոտ
  11. վախտով— ժամանակին
  12. բայղուշ (թուրք.)— բու, փոխաբերական՝ չարաղետ, չարագուշակ
  13. թարք (թուրք.)— թամբ, թամք
  14. մի աչք ճպելում― մի ակնթարթում
  15. աղլուխ (թուրք.)― թաշկինակ
  16. խուրմա— արմավ
  17. օթախ (թուրք.)— սենյակ