Jump to content

Նամուս/Առաջին/VII

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

էր երկու օրից հետո ճանապարհ ընկնել ուրիշ քաղաք, նրան պատվիրել էր մի չուխա պատրաստել այդ երկու օրվա ընթացքում։ Բարխուդարը շտապում էր յուր տված խոստումը կատարելու, որպեսզի ամոթալի չմնա մուշտարու առաջ։

Նրա դեմուդեմ նստած էր խանութի աշակերտներից մեկը և օգնում էր նրան։

Գյուլնազը և Սմբատը, սենյակի մի անկյունը քաշված, նիրհում էին։ Սուսանը կանգնած էր դրսի պատշգամբի վրա։

Ամառային էր այդ երեկոն և հիանալի։ Տասնօրյա լուսինը կապտագույն երկնքում փայլում էր յուր հրճվալի գեղեցկությամբ։ Նրա կապտագույն լուսո շողերը, մեղմությամբ թափվելով ցերեկվա անձրևով լվացված թթենիների վրա, շողշողացնում էին թրջված տերևները։ Կիսավեր քաղաքի համեստ բնակիչները վաղուց արդեն փողոցներից քաշվել էին իրանց ապաստարանները։ Տիրում էր մելամաղձային լռություն, որ ոչնչով չէր խանգարվիլ, եթե այս ու այն կողմից չլսվեին մի քանի շների հաչելու ձայները։ Իրանց հետքի թաթերի վրա եռանկյունաձև նստած, սրածայր դունչները վեր քաշած, նրանք անախորժ ձայներով ոռնում էին լուսնի վրա։ Ի՞նչ էին պահանջում այդ թշվառ չորքոտանիները պայծառ լուսնից — դա միայն իրանց է հայտնի։ Բայց նրանց անախորժ ձայները խանգարում էին գեղեցիկ գիշերի հրապուրիչ ներդաշնակությունը։

Սուսանը, արմունկներով հենված պատշգամբին, թավշամորթ ծնոտը դրած ձեռների ափերի մեջ, անթարթ աչքերով կանաչազարդ թթենու խտատերև ճյուղերի միջով նայում էր լուսնին։ Նրա սևագույն, երկայն ու կակուղ մազերը, սփռվելով ողորկ ուսերի վրա, հասնում էին մինչև նազելի կերպով թեքած մեջքը։ Եղանակը բավական ջերմ էր։ Սուսանը կարմիր թաֆտայից կարած բարակ արխալուղի մեջ ցուրտ չի զգում։ Նա նայում է լուսնին և մտածում։ Ի՞նչ էր մտածում։ Ոչինչ և ամեն ինչ։ Շատ բաներ էին անցնում նրա մտքով, բայց ոչ մեկը նրանցից երկար ժամանակ կանգ չէր առնում նրա գլխում։ Նրա պատանեկան վառվռուն երևակայության մեջ անցյալ կյանքից նկարվում էին տեսակ-տեսակ պատկերներ, որ շուտապտույտ կալեյդոսկոպի նման շրջաններ անելով, փոխարինում էին իրարու։ Սկզբում նա մտաբերեց յուր մանկության օրերը դեռ երկրաշարժից առաջ։ Նա հիշում էր այն լուսնյակ երեկոները, երբ ինքր յուր մոր կշտին սրահում նստած, ուշադրությամբ լսում էր վերջինի պատմությունը լուսնի և երկնքի մասին։ Սուսանը բառ առ բառ մտաբերում է այդ պատմությունը, որին այժմ էլ հավատում է։ Նա հավատում է, որ երկինքը առաջ երկրին շատ մոտ է եղել, այնքան մոտ, որ մարդու ձեռքը հասել է․ բայց մի անգամ մի կին երեխայի տեղը սրբել է լավաշով ու գցել դուրս։ Աստված տեսնելով, որ կինը իրան տրված առաջին պարգևը, հացը, այդպես ապականում է, բարկացել է, երկինքը վերցրել է ու հեռու քաշվել։ Իսկ լուսնի մասին Սուսանը մտաբերում է, որ նա, այսինքն լուսինը, Մարիամ աստվածածնի աղջիկն է եղել առաջ։ Թե նա զարմանալի գեղեցկություն է ունեցել, այնպիսի գեղեցկություն, որ մարդիկ նրա երեսին մտիկ անել չեն կարողացել։ Թե ով որ ուզեցել է մտիկ անել, նրա աչքերը լուսից և գեղեցկությունից կուրացել են։ Թե մի օր Մարիամ աստվածածինը լոշ թխելու համար խմոր հունցելիս նրա քաղցած որդիքը հավաքված են եղել իրանց մոր շուրջը։ Սրանց մեջ եղել է և աղջիկ Լուսինը։ Լուսինը շատ անհամբեր աղջիկ է եղել։ Նա գնացել է եկել ու յուր մոր, Մարիամ աստվածածնի գլուխը ցավացրել, թե «շուտ արա, մայրիկ, շուտ արա՛, լոշը թխիր, քաղցած եմ»։ Վերջապես, Մարիամ աստվածածինը համբերությունից դուրս է եկել, բարկացել է և խմորաթաթախ ձեռքով մի ապտակ է տվել Լուսնի գեղեցիկ երեսին։ Խմորի կտորները կպել են Լուսնի երեսին ու մինչև այժմ էլ չորացած մնում են։

— Այ, ղորթ որ հրեն, քանի-քանի տեղեր արատներ են մնացել, — ասաց ինքն իրան Սուսանը, նայելով լուսնի երեսին։

Հետո իսկույն նա մոռացավ լուսինը, և այս անգամ նրան զբաղեցրին ուրիշ հիշատակներ։ Անցան և այս հիշատակ¬ները, նրանց փոխարինեցին ուրիշները։ Սակայն այս բազմաթիվ խառնիխուռն հիշողությունների մեջ կա մի ուրիշ միտք, որի շուրջը պտտում են մյուսները, որը հանգիստ չի թողնում Սուսանին և որից նրա սիրտը բաբախում է։ Կա մի էակի կենդանի պատկեր, որ չի հեռանում նրա աչքերի առջևից։ Ահա նա, գլխաբաց ու ոտաբոբիկ դեմ ու դեմ գտնվող թթենու գագաթը բարձրացած, և ճարպիկ կատվի նման բարակ ճյուղերին կպած, յուր փոքրիկ ձեռներով թութ է քաղում։ Նա հագած է սպիտակ չթից կարած արխալուղ, որի բարակ փեշերը երեկոյան զովարար հողմի թեթև շարժումից օդի մեջ ֆռֆռում են։

— Սեյրան, Սեյրան, պինդ կանգնիր, որ չընկնես, — աղաղակում է ծառի տակից Սուսանը, գլուխը վեր բարձրացրած։

Բայց Սեյրանը չի լսում։ Քաղցրահամ պտուղը գրավել է նրա ուշը, և նա շտապով հատ-հատ պոկելով այդ պտուղը, լցնում է արխալուղի գրպանները։

— Սեյրան, Սեյրան, ինձ համար էլ թութ ածի, մենակ-մենակ մի՛ ուտիլ, — կրկին աղաղակում է Սուսանը։

Սեյրանը դարձյալ ուշադրություն չի դարձնում, նա, կարծես, բոլորովին մոռացել էր յուր սիրելի Սուսանին։ Ծառի տակ կանգնած Սուսանի սիրտը քիշ էր մնում տրաքի։ Նա անհամբերությամբ յուր փոքրիկ ոտերը խփում է գետնին ու գեղեցիկ ուսերը թափահարում, սուտ-սուտ լաց է լինում․ — «ըմ, ըմ, չեմ ուզում, ինձ էլ տո՛ւր, ը ը ը ը»։

Վերջապես, Սեյրանը լցրեց յուր երկու գրպանները և, արագությամբ ցած իջնելով ծառից, մոտեցավ Սուսանին, որ քաղած թութը նրա հետ բաժանի։

Այս երևակայությամբ էր հափշտակված Սուսանը, երբ հանկարծ յուր աջ ուսի վրա զգաց մի ինչ-որ ձեռի թեթև հարված։

Նրա մտածմունքները փարատվեցին։ Խորը քնից սթափվածի նման արմունկները քաշեց պատշգամբի ճաղերից, իրանն ուղղեց և նայեց հետ։ Նրա դեմ ու դեմ կանգնած էր մի միջահասակ պատանի, թուխ դեմքով, սև աչք ունքով։ Պատանին գլխաբաց էր․ նա հագած էր ամառային կապտագույն թեթև արխալուղ, որի կոճակները բաց էին կրծքի կողմից։

Սուսանը առաջին վայրկյանին չճանաչեց պատանուն և վախեցած կամենում էր ճիչ արձակել։ Բայց մինչև նրա ուշքի գալը, պատանին երկյուղածությամբ, ձայնը փորը գցած, ասաց․

— Սուսան, սո՛ւս, ձայն մի՛ հանիր, ես եմ։

— Սեյրան, դո՞ւ ես, ինչ ես ուզում, ինչո՞ւ ես եկել այս ուշ գիշերին։

— Սո՛ւս, սուս, բարձր մի՛ խոսիր, քաշվենք այն կողմը, հետո կասեմ։ Սեյրանը զգուշությամբ բռնելով Սուսանի թևից, տարավ նրան պատշգամբի մի անկյունը, որտեղից չէր երևում սենյակի ներսը։

Սուսանը չհակառակվեց։ Նա գրեթե անգիտակցաբար հետևեց Սեյրանին։ Կարծես, մի ինչ-որ ներքին անբացատրելի ուժ ստիպում էր նրան հպատակվել պատանուն։

— Ինչ որ ասելու ես, շուտ ասա ու գնա։

— Մի քիչ համբերիր, շունչս տեղս գա, հետո, — ասաց Սեյրանը, խոր շունչ քաշելով։

— Մայրս դուրս կգա, կտեսնի, էլ վա՛յ իմ հալին, շո՛ւտ ասա։

Սուսանը սկսեց դողալ։

— Եկել եմ քեզ տեսնելու։

— Վախենում եմ, Սեյրան, լավ ժամանակ չես եկել։

— Ուրիշ ժամանակ չէի կարող։ Սիրտս ուզում էր տրաքի, որ քեզ այսքան ժամանակ չէի տեսնում։ Քանի անգամ ուզեցել եմ թաքուն, գողի պես, քեզ մոտ գալու, բայց հարմար ժամանակ չեմ գտել։ Ինչպե՛ս ես, Սուսան, ասա տեսնեմ։

— Սուսանին գցել են տուն ու դռները երեսին կապել, էլ նրա երեսը չես կարող տեսնիլ, մինչև․․․ մինչև․․․

— Մինչև մեր պսակվելը, չէ՞, ի՞նչ են խոսում ծնողներըդ, ե՞րբ պիտի նշանդրեք անեն։

— Դա չեմ իմանում, բայց մի բան եմ նկատում, Սեյրան, հոր ու մորս մեջ։

— Ի՞նչ, — հարցրեց Սեյրանը վախեցած։

— Կասես, նրանք իմանում են, որ մենք տեսնվում ենք։

— էհ, աչքիդ է երևում։

— Չէ, Սեյրան, մեկէլ օրը խոհանոցից տուն էի մտնում, նրանք իմ մասին էին խոսում։ Հայրս տաքացած էր, ես որ մտա, սուս արավ։ Բայց մինչև ներս մտնելս — մի քանի խոսքեր հասան ականջիս։ Հայրս ասում էր․ «այ կնի՛կ, հրես ասում եմ, աչքերդ չորս արա, թե չէ, բեաբուռչություն կլինի հաա՜»։

— է՞հ, քեզ համար չի ասել, երևի։

— Չէ, չէ, անցյալ օրը չմուշկ կարող Եղիայի աղջիկն էլ մի էյհամ արավ։

— Սուսամբա՞րը։ — Հա՛, շատ սատանան է։

— Սուտ է, ես չեմ հավատում։

— Չէ, Սեյրան, էլ մի՛ գար ինձ մոտ։

— Չեմ կարող, սիրտս կճաքի, Մի՞թե չես խղճում ինձ։

Սուսանը, պատասխանի փոխարեն, մի խորը հառաչանք արձակեց կրծքից։

— Քանի որ ուսումնարանում էի, այնտեղ էի տանջվում, — շարունակեց Սեյրանը։ — Վարժապետի ասածները գլուխս չէին մտնում, ամեն օր դուրս էի փախչում, որ քեզ տեսնեմ։ Հիմա էլ հորդ դուքանումն է սիրտս ճաքում։ Շատ ժամանակ, որ միտս ես ընկնում, շըշկլվում եմ ու մեկ էլ տեսնես ասեղը մատս մտավ։ Հայրդ էլ, հո աստված ազատի, նրա մոտ մի սխալ չի կարելի անել, այնքան է թակում, որ կարծես մարդու հոգին ուզում է քթի ծակով հանել։

— Քեզ է՞լ է թակում։

— Հենց ինձ ու մեկ էլ եղբորդ։ Ասում է, ես ձեզ շատ եմ թակում, որ մյուսները տեսնեն և իմանան, թե իրանց էլ սիրելուց եմ թակում։ Սուսան, մեջքումս ողջ տեղ չի մնացել, կապույտ-կապույտ զոլեր են կոխել։ Նեղացել եմ, Սուսան, ուզում եմ դուրս գամ հորդ մոտից, բայց վախենում եմ, որ դուրս գալով, քեզանից զրկվեմ։ Ախ, երբ պիտի վերջանա մեր բանը։

— Բարեկենդանից առաջ չի կարող գլուխ գալ։

— Ի՞նչ ես ասում։ Ութ ամիս պիտի սպասե՞մ։

— Ճար չկա, հայրս փող չունի, փող է հավաքում հարսանիքիս համար։

Սուսանը կրկին հաոաչեց։

— Ինչո՞ւ չես ծիծաղում, Սուսան։

— Մարդու սիրտը պիտի ուրախ քինի, որ երեսն էլ ծիծաղի։

Մի քանի վայրկյան տիրեց լռություն։

— Մի՞տդ է, Սուսան, մեր երեխայությունը, — հարցրեց հանկարծ Սեյրանը։

— Ինչպես այն լուսինը։ Տես, սիրտս ինչպես թրթռում է մորթած ծտի պես, դա ինչի՞ցն է։

Սուսանը, այս ասելով, բռնեց Սեյրանի ձեռը և դրավ յուր ձախ կողքին։ Նրա սիրտը բաբախում էր։ Սեյրանը, մի ձեռը դրած նրա կողքին, մյուսը զգուշությամբ բարձրացրեց և սկսեց քնքշությամբ շոյել նրա գանգուր մազերը։ Եթե Սուսանը նույնպես յուր ձեռքը դներ Սեյրանի ձախ կողքին, կարող էր զգալ, ինչպես է բաբախում վերջինի սիրտը։ Անցան մի քանի վայրկյաններ, նրանք լուռ էին։ Սուսանը չէր նայում Սեյրանի երեսին, բայց վերջինը նայում էր։ Օրիորդի ձեռները պատանու ուսերի վրա դողում էին։ Դուրեկան և քաղցր էր նրա համար այս դողը։ Մի ինչ-որ կախարդական հեղուկ տարածվելով նրանց երակների մեջ, ախորժելի զգացմունքներ էր պատճառում։ Իսկ մի դյութիչ զորություն այդ րոպեին կաշկանդել էր նրանց լեզուները։ Սակայն լուռ էին լեզուները, իսկ սաստիկ բաբախող սրտերը նույն միջոցին ինչ որ գաղտնիք էին հաղորդում իրարու։

Անցավ մի քաղցր րոպե, մի րոպե, որ պարունակում էր յուր մեջ երկու պատանիների գոյության խորհուրդը։ Հանկարծ Սուսանը ձեռնեռը քաշեց Սեյրանի ուսից։

— Վայ, վարսս կտրվի, ի՞նչ եմ անում։

— Ի՞նչ պատահեց, Սուսան, — հարցրեց Սեյրանը, շփոթվելով։

— Գնա՛, հեռացիր, հերիք է։

Սուսանը կամեցավ փախչել, բայց Սեյրանը բռնեց նրա թևից և չթողեց շարժվելու։

— Բաց թող, եթե ինձ սիրում ես, մայրս դուրս կգա, — հակառակեց Սուսանը, աշխատելով ազատել յուր թևը Սեյրանի ձեռքից։

— Մոտեցիր ականջիդ մի խոսք ասեմ, հետո փախիր։ Սուսանը կամա-ակամա հնազանդվեց նրան։ Սեյրանը, թեքելով նրա գլուխը դեպի յուր կուրծքը, մի ջերմ համբույր դրոշմեց նրա թավշամորթ այտերից մեկին։

— էգուց գիշեր էլ այս ժամանակ դրսում սպասիր, — ասաց նա շունչը կտրած և բաց թողեց Սուսանին։

— Այդ ինչ արիր, Սեյրան, — շշնջաց Սուսանը, անգիտակցաբար արխալուղի թևով սրբելով համբույրի տեղը։

Բայց Սեյրանն արդեն հեռացել էր։