Jump to content

Նամուս/Առաջին/XIV

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Սուսանը մի խոր հառաչանք արձակեց կրծքից, հիշելով, թե ինչպես Սեյրանը նեղացած, դառնացած բաժանվեց իրանից։ Ո՞վ գիտե, նա դուրս եկավ, ո՛ւր գնաց․ ո՛վ գիտե, յուր անբախտ գլուխը ո՞ւր կտանի։ «Ախ աստված, ախ աստված, քո ձեռով կապել ես, քո ձեռով էլ բաժանում ես մեզ», ասաց Սուսանը, նայելով խոհանոցի սևացած առաստաղին։ Ինչո՞ւ, ի՞նչ մեղք են արել, որ աստված այդքան բարկացել է իրանց վրա և այսպես պատժում է։ «էհ, մեռնեմ քո սուրբ զորությունին, ինչ անեմ, թող քո կամքը լինի, դու ուզում ես մեզ չարչարել և չարչարում ես։ Ինքդ մեզ ստեղծել, այս աշխարհն ես գցել, մեր կրծքի տակ սիրտ ես դրել, որ այդ սիրտը այսօր մեզ մըղ-մըղ ուտի, այ, ինչպես այն որդն է ուտում փտած, սևացած կոճը ներսից»։

Սուսանը աջ ձեռը բարձրացրեց դեպի խոհանոցի առաստաղը, որտեղից լսվում էր որդի կըչկըչալու ձայնը։

— Ուֆ, ուֆ, սիրտդ մաշվի, դու էլ մի կողմից ես մաշում ինձ, ձայնդ կտրիր։ Կրակ է եղել մինչև օրս ինձ համար այս մի կտոր միսը։ Այն օրից, երբ ես ինքս ինձ ճանաչել եմ, չի պատահել, որ մի անգամ ուրախ լինեի։ Տխուր էի այն օրերն էլ, երբ Սեյրանը ձեռքիցս չէր դուրս եկել, տխուր էի այն գիշերն էլ, երբ մեր պատշգամբի վրա խոսում էինք։ Ես հենց առաջուց գիտեի, որ այսպես պիտի վերջանա մեր բանը․ իմ սիրտն էր ասում այդ»։

Օջախի մեջ այրվում էին չորացած փայտի կտորտանքը, իրանց պղնձագույն և մռայլ լուսով օգնելով ճրագի աղոտ լուսավորության։ Սուսանը նստած էր ուղիղ օջախի դիմացը։ Կրակի լուսավորությունից նրա մաշված դեմքը ստացել էր ավելի վշտալի, ավելի մելամաղձոտ տեսք։ Նրա ցամաքած շրթունքների վրա խաղում էր մի դառն ժպիտ, մի ժպիտ, որ արտահայտում էր ջախջախված սրտի սուր կսկիծը։

— Մեղա քեզ, տեր աստված, մեղա քեզ, — ասաց Սուսանը, երեսը խաչակնքելով, — մտքովս տեսակ-տեսակ բաներ են անցնում, վախենում եմ, որ դու կպատժես ինձ։

Երբ նա ուսումնարանումն էր, մի օր կույսը խոսելով աշխարհի ստեղծագործության մասին, ասաց, թե աստված նախ քան մարդուն ստեղծելը, աշխարհն է ստեղծել ու պատրաստել նրա համար։ Հետո մարդուն ստեղծելով, ասել է նրանց․ «Ադամ ու Եվա, էս ամենը, որ տեսնում եք, ծով ու ցամաք, կենդանիներ ու թռչուններ, բոլորը-բոլորը ձերն է։ Դուք եք նրանց տերն ու թագավորը, հրամայեցեք ու նրանք ձեզ կհնազանդվեն»։ Եթե էդպես է, եթե կույսի ասածը ճշմարիտ է, ինչու աստված մի բան խնայել է մարդուց, ինչու նա չի ասել «մարդ, քո սիրտն էլ քոնն է․ նրան էլ կարող ես հրամայել ու նա էլ քեզ կհնազանդվի»։ Ահ, եթե աստված այդ էլ ասեր, մարդը այսօրվա պես այսքան չէր տանջվիլ ու այսքան մեղքեր չէր գործիլ։ Ասում են թե խելոք մարդիկ իրանց սրտի ձայնը չեն լսում, ամեն բան խելքով են անում, երանի այդպիսիներին։ Սուսանի խելքն ասում է․ «ախչի, օրես դենը Սեյրանին չպիտի սիրես, որովհետև քո հոր նամուսն այդպես է ուզում», խելքն ասում է, բայց սիրտը հակառակում է։ Ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ։

Չկարողանալով իր հարցին պատասխանել, Սուսանը մի ձեռում ափսեն, մյուս ձեռում սրբիչը, ձգեց յուր հայացքը օջախի կրակի վրա, որ չրթչրթալով շարունակում էր այրվել։ Մոտ մի րոպե նա այդ դրության մեջ անթարթ աչքերով նայում էր կրակին։ Հետո, նա կրծքի վրա թափված թանձր մազերը հետ ձգելով, շարունակեց սրբել ափսեները։

— Չէ, չէ, ինչքան որ միտք եմ անում, էլի իմ ասածն է դուրս գալիս։ Վերցնենք հենց հորս, նա հո հիմար չի, նա հո յուր ասածի վրա հաստատ մնացող մարդ է, բայց տեսնում եմ, նա էլ ինչ որ անում է, էլի խելքով չի անում, սրտով է անում։ Ասում է թե «նամուսիս համար եմ կտրել իմ բարեկամությունը Հայրապետանց հետ»։ Մի հարցնող լինի, ի՞նչ ասել է նամուս։ Իմ կարճ խելքովս ես հասկանում եմ, որ նամուսը մարդուս սիրտն է։ Չէէ՞։ Հա՛, հայրս ասում է «սիրտս մղկտում է, երբ լսում եմ, թե քաղաքում ինձ վրա բաներ են խոսում»։ Սիրտս, սիրտս, սիրտս, ամենքն էլ իրանց սրտի վրա են գցում իրանց ցավերի պատճառը։ Հայրս ասում է․ «ես իմանում եմ, որ ինչ որ աղջկաս վրա խոսում են, սուտ է, բայց էլի ամոթից կարմրում եմ, երբ որ լսում եմ»։ Ինչո՞ւ է կարմրում, եթե չի հավատում։ — Որովհետև սրտին դուր չի գալիս։ Այո, հայրս էլ, նրա պես մարդն էլ չի կարողանում իրա սրտին տիրանալ և այսօր ինքն էլ է տանջվում ու մեզ էլ է տանջում։ Չէ՛, ամեն բան մարդու սրտիցն է կախված։ Մեղա քեզ, աստված, մեղա քեզ, աստված, մեզ շատ իրավունքներ ես տվել, բայց մեր սրտի իրավունքը ձեռումդ ես պահում։ Լավ, թո՛ղ քո կամքը լինի։ Ես գիտեմ, որ ինչքան էլ ուզենամ Սեյրանին մոռանալ, չեմ կարող։ Մի անգամ որ նա մտել է սիրտս, մեկ էլ այնտեղից դուրս կգա հոգուս հետ։

Սուսանը կուռը բարձրացրեց և արխալուղի թևով սրբեց արցունքը։

— Ինչ ուզում ես արա, աստված, քո կամքը սուրբ է, բայց մի բան եմ խնդրում, խնայիր ինձ, և իմ ծնողներիս և այս խնդիրս կատարիր։ Դու ինձ այնքան ուժ տուր, որ կարողանամ ապրել մինչև այն ժամանակ, որ ինձ պսակեն Ռուստամի կամ մի ուրիշի հետ, հետո մի քանի ամիս էլ ապրեմ, որ իմ ծնողներիս և իմ անունից ջնջեմ իզուր տեղը կպած կեղտը։ Այնուհետև ես ինքս հոժար կամքովս իմ հոգին քեզ կտամ, ինչու որ ես առանց Սեյրանի ապրողը չեմ։ Սեյրանիս համար էլ խնդրում եմ, աստված, որ նրա սրտից ինձ դուրս բերես ու խեղճ տղին չփչացնես։

Սուսանը բարձրացավ տեղից, ափսեները մաքրեց, չորացրեց և հավաքելով միատեղ, դուրս եկավ խոհանոցից։ Դեռ սենյակի դռներին չհասած, նրա ականջին հասավ ծնողների խոսակցության ձայնը։

Երկար ժամանակ էր, որ Բարխուդարը չէր խոսում Գյուլնազի հետ։ Սուսանը շատ զարմացավ, լսելով նրա խոսակցությունը և խիստ հետաքրքրվեց իմանալու, թե ինչի մասին են խոսում, չկամենալով միևնույն ժամանակ խանգարել ծնողներին։

Նա ափսեները դրավ մի կողմ, իսկ ինքը թաքնվելով բաց դռներից մեկի հետևում, սկսեց ուշադրությամբ լսել։

— Տասն անգամ ասել եմ, հիմա վերջին անգամն եմ ասում, ա՛յ կնիկ, որ ես արածս քեզանից լավ եմ հասկանում, — ասում էր Բարխուդարը ծանր և ամեն մի բառն առանձին շեշտելով։ — Իմ խելքը քամին չի տարել, որ աչքերս բաց-բաց ինքս ինձ ավելի խայտառակեմ։ Ի՞նչ կասեն լսողներն ու տեսնողները, քեզ եմ հարցնում, եթե աղջիկս Հայրապետի տղի վրա պսակեմ։ Չե՞ն ասիլ, որ էդ մարդու աղջիկը մի կտոր կեղտոտ շոր էր, տվին կեղտոտողին, որ ինքը լվանա։ Կասեն ու մի բան էլ կավելացնեն։ Դու ճանաչում ես մեր քաղաքացիներին, գիտես, որ նրանք ինչքան են սիրում ոտների տակ կոխոտել էն մարդուն, որ մի անգամ սլկվել ու ցեխի մեջ է ընկել։ Խելքի, եկ, թո՛ղ մեր երեսի աբուռը մի կերպ պահենք։

Վերջին խոսքերը արտասանելու ժամանակ Բարխուդարը ձայնը իջեցրեց, չնայելով որ սենյակում բացի Գյուլնազից ոչ ոք չկար, որովհետև Սմբատը խանութի աշակերտի հետ մյուս սենյակում քնած էին։

Լսելով յուր հոր վերջին խոսքերը, Սուսանի ամբողջ մարմնով մի դող անցավ։

— Մեռի՛ր, տափը մտի՛ր, Սուսան, էլ ի՛նչ երեսով ես ապրում, տե՛ս որքան ընկել ես հորդ աչքում։ Տեր աստված, տեր աստված, միայն քե՛զ է հայտնի իմ անմեղությունը, և դու հախը նահախին չես տալ։

— Վիզս կկտրեմ, գլուխս շների առաջ կգցեմ , թե որ աղջիկս էս ճրագի լույսի պես իստակ չլինի։ Հավատացիր, հաբխուդար, որ Սուսանս անմեղ է հրեշտակի պես, — պատասխանեց Գյուլնազը նույնպես հազիվ լսելի ձայնով։

— Հավատում եմ, բայց գնա դու քաղաքին էլ հավատացրու։ Երկու ձեռներ ունիմ, երկուսի բերանը կկապեմ, բաս մնացածինը։

— Հապա ինչպե՞ս կապենք, Բարխուդար, չար լեզուները, որ մեր երեխային տանջանքներից ազատենք։

— Ես մի անգամ ասել եմ, պրծել։

— Որ պիտի Քյոչարանց Ռուստամին տա՞նք։

— Թե նա էլ չեղավ, մի ուրիշին։

— Բարխուդար, պարզն եմ ասում, Սուսանս Սեյրանին է սիրում, նա ուրիշի հետ ապրել չի կարող։

— Ադա՛, ջառ ու ջհաննամը որ սիրում է, ես էլ իմ պատիվս եմ սիրում։ Թո՛ղ տասը Սեյրան-Սուսաններ փչանան, միայն թե անունս կեղտից սրբվի։

Տիրեց լռություն։

Սուսանը դռան ճեղքից ներս նայեց։ Գյուլնազը արտասվում էր։ Վերջին երեք ամիսները նա մի անգամ էլ չէր արտասվել, չնայելով իր դառն վշտերին։ Աղի արցունքները բուռն զորությամբ մի անգամից դուրս թափվելով նրա խորը թաղված աչքերից, կարկտի պես գլորվում էին նիհար ու մաշված երեսով։

Բարխուդարը չէր արտասվում։ Բեղերը ոլորելով և երբեմն կրծոտելով, նա մոլոր հայացքով սենյակի կոճերին էր նայում։

— Մայրս լաց է լինում, հայրս ո՛չ, — մտածեց Սուսանը։ — Բայց ի՞նչպես հայրս սփրթնել է, ինչպես նրա պռոշները կապույտ կապտել են։ Օօ՛օ՛, քեզ պես մարդն արտասվել չգիտե, քո բնավորությունից հեռու է սրտի վշտերը արտասուքով արտահայտելը։ Դու քո արցունքները բաց ես թողնում ներս, սրտիդ մեջ, որ ավելի բորբոքեն ցավերդ։ Օօ՛օ, ես իմանում եմ, դու մորիցս շատ ես տանջվում, այդ երևում է քո վառված աչքերից։ Խե՛ղճ մարդ, ինչո՛ւ ես քո օրը սևացնում։ Տեր աստված, մի հնար ցույց տուր, որ ես իմ ծնողներին ազատեմ այդ տանջանքից։ Եկ, ներս վազեմ, ընկնեմ հորս առաջ, արտասվեմ, ներողություն խնդրեմ, ամեն բան նորից պատմեմ, ասեմ․․․ ասեմ սխալվել եմ, հայր, բաշխիր։ Բայց օօօ՛, ի՛նչպես ասեմ, ինչպես երեսս կպատի նրա առաջ այսպես խոսելու և ինչ մեղք ունիմ։ — Չէ, ավելի լավն է, ես հենց վաղը առավոտը մորս հետ առանձին կխոսեմ։ Ես մորս կհավատացնեմ, որ Սեյրանին չեմ սիրում, թե ուզում եմ ուրիշին գնալ։ Այդ ամենից լավն է, խեղճ կնիկը կհանգստանա, էլ չի չարչարվիլ։

— Լսի՛ր, ինչ եմ ասում, — ընդհատեց լռությունը Բարխուդարը, — լաց լինելով բան չես կարող առաջացնել, լավն է մեր գլխի հոգսը խելքով տեսնենք։ Բանը վաղ թե ուշ պիտի վերջացնենք։ Շըպպանիկ է, ինչ զահրումար է, որ ասում ես շաբաթը հինգ անգամ գլխիդ է գալիս Ռուստամի կողմից, էգուց կամ մյուս օրը թե որ մեկ էլ եկավ, ասա՛, որ ես ղաբուլ եմ Սուսանին տալու։

— Ռուստամի՞ն։

— Հա, հենց Ռուստամին։ Թե որ ուզում են, թող հենց էս քանի օրերը նշանը բերեն, վերջացնենք։ էլ երկարացնելու տեղը չի, դու էլ խելքդ գլուխդ հավաքիր, ֆիքր արա, տե՛ս հարսանիքի համար ինչ որ հարկավոր է առնեմ բազարից։ Լսեցի՞ր։ Դա վերջին խոսքս է։

— Շըպպանիկը երկու շաբաթ է, որ ոտը մեր տնից կտրել է, — պատասխանեց Գյուլնազը, աչքերը սրբելով։