Jump to content

Նամուս/Երկրորդ/VII

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

առաջ։ Քառորդ ժամից հետո հասան Ռուստամի տուն և ծանր քայլերով մտան բակը։ Այստեղ նորապսակների դեմ դուրս թափվեց կանանց և տղամարդկանց մի ուրիշ խումբ, որի գլխին կանգնած էր Սանամը մետաքսյա հագուստով զուգված ու զարդարված։

Սանամի դեմքի վրա խաղում էր զվարթ ժպիտ։ Նրա` երիտասարդական կենդանությունից վաղուց զրկված` աչքերը փայլում էին ներքին գոհունակությամբ։ Արդարև նրա ուրախությունն անսահման էր։ Չէ՞ որ նրա իղձը կատարվում էր և, վերջապես, նրա միակ ու սիրելի որդին պսակվում էր։ Նրա մայրական սիրտը զարկում էր միայն և միայն յուր որդու բախտավորությամբ։ Եթե կար մի ուրիշ անձնավորություն, որ թեև ուրիշ զգացմունքներից դրդված, բայց նույնչափ այդ գիշեր ուրախ էր, որչափ Սանամը — այդ Շըպպանիկն էր։ Այս անգամ նա ձեռները մինչև բազուկները և գլխի կարճլիկ մազերը ներկել էր հինայով մի առանձին հոգացողությամբ։ Երբ հարսանիքի հանդե՛սը ներս մտավ, Շըպպանիկը իսկույն դուրս ընկավ նորապսակների դեմ և, երկայն բազուկները վեր քաշելով, սկսեց պարել զուռնայի եղանակով։

— Աստոծ շաննոոր անի, այ օղուլ, Շըպպանիկը չինար բոյիդ մատաղ, — բացականչեց նա, ընկնելով Ռուստամի վզովը և մի քանի անգամ համբուրելով նրա ճակատն ու թշերը։

Հետո, բաժանվելով Ռուստամից, շարունակեց պարելը։

— Ղայթաղի ածեցեք, ադա՛, — հրամայեց նա զուռնաչիներին և, կռնատակից հանելով մի ափսե, պահեց յուր գլխից վեր, պարը շարունակելով։

Սանամը ծոցից քսակը հանեց և մի բուռն արծաթադրամ թափեց բաժակակալի մեջ։ Չորս կողմերից հանդիսականները հետևեցին նրան, և մի քանի րոպեում Շըպպանիկի ափսեն լեցվեց պղնձե, արծաթե և թղթե դրամներով։ Երաժիշտների վառված աչքերը ագահությամբ ճանապարհ դրին այդ փողերը մինչև Շըպպանիկի գրպանը, որտեղից վերջինի աջ ձեռը հեռանալով, մի վիրավորական նշան արավ զուռնաչիներին։ Վերջապես, Շըպպանիկը ասպարեզից դուրս եկավ, յուր հնձով բավականացած, և նրա տեղը մեջ մտավ պառավ Սանամը։ Երաժիշտները իրարու աչքով արին և ավելի սաստկացրին զուռնաների ծվծվոցը։ Սանամը յուր հաստլիկ մարմինը լխլխացնելով և մինթանայի փեշերը ֆռռացնելով, սկսեց պար գալ։ Ռուստամը հնգանոց թղթադրամի ծայրը թքով թրջեց և խփեց յուր մոր ճակատին։ Սուսանն յուր լղարած, դողդոջուն ձեռով հանեց մի կապույտ թղթադրամ, ամոթխածությամբ դրավ յուր սկեսրոջ ափի մեջ։ Հանդիսականները ոգևորվեցին, և ամեն մեկը շտապեց յուր լուման ասպարեզ հանել։ Սանամը հավաքված փողերը հանձնեց զուռնաչիներին և դուրս ևկավ ասպարեզից։ Այնուհետև հանդիսականներից մեկը մի մեծ ափսե բռնեց նորապսակների գլխին, և ներկա եղողները մի առ մի հերթով ձգեցին իրանց նվերները։ Որը ձգեց թուղթ փող, որը ոսկի, որը մի որևէ ոսկեղեն կամ արծաթեղեն, որը մի որևէ հագստացու և այլն։ Վերջապես, զուռնան դադարեց և հանդիսականները ներս մտան ընթրելու։

Սուսանին տարան կանանց բաժինը, որ Սանամի հարևանի տանն է, իսկ Ռուստամը մնաց տղամարդկանց բաժնում։

Իբրև նորահարս, Սուսանը, քաղաքի ավանդության համաձայն, պարտավոր էր ամբողջ ընթրիքի ժամանակ ոտքի վրա կանգնած մնալ։ Բայց այս անգամ այդ ավանդության դեմ մեղանչեցին։ Հանդիսականներից մի քանիսը, որոնք ներկա էին այս գիշերվա անսպասելի անցքին և Սուսանի ուշագնացության ականատես, համոզեցին վերջինին և նստացրին սենյակի ծայրում, հատուկ յուր համար պատրաստած փափուկ մետաքսյա մինդարի վրա։ Գյուլնազն և Սուսամբարը նստեցին նրա կողքին, մեկը — աջ, մյուսը — ձախ։ Ընթրիքի ժամանակ Սուսամբարը անդադար քչփչում էր Սուսանի հետ թաքուն, այնպես որ ոչ ոք նրանց լսել չէր կարող, մանավանդ որ բոլորը զբաղված էին ավելի ուտելով, քան նորահարսով։

— Խեղճս գալիս է նրա ծնողներին, հիմա ես գիտեմ ինչ օրումն են նրանք, — ասում էր Սուսամբարը։

— Չեմ իմանում, թե այսքան մեղքերիս համար ինչ պատասխան պիտի տամ ահեղ դատաստանի առաջ, — քչփըչաց Սուսանը։

— Դո՞ւ ինչ մեղավոր ես։

— Չ՛է, Սուսամբար, մեղավորն ես եմ, հորս տանջողն էլ ես եմ։ էհ, երկնային թագավոր, փառք քո զորությունին, փա՛ռք, ինչ պիտի անեմ։ — Ինքդ քեզ մի տանջիր, առանց այդ էլ վրեդ մի ոսկոր է մնացել ու մի կաշի։

— Երանի կլիներ, որ այն էլ շուտով հողի տակ փտեր, ես էլ կհանգստանայի, կհանգստանային ուրիշներն էլ։ Մտիկ արա, Սուսամբար, կողքիս նստած մորս, մտիկ արա նրա երեսին, տես, թե նա ինչ օրն է ընկել։ Տես, խեղճ կնիկը կռները ծոցում ծալած մոտս այնպես է նստել, որ, կարծես, իմ թաղման հանդեսն է կատարվում այստեղ։ Ուրիշները ուտում են, խմում, ուրախանում, բայց նա, կարծես մյուս աշխարհ է թռել։ Ախ ծնողներ, ծնողներ, սպանեցի ես ձեզ իմ հիմարությամբ։

Այս խոսքերն արտասանելիս Սուսանի աչքերից դուրս թափվեցին արտասուքի առատ կաթիլներ և ողողեցին նրա մաշված ու գունասպառ երեսը։ Նա արտասուքը խեղդեց, նրա կուրծքը ծանր շնչառությունից սկսեց բարձրանալ ու ցածրանալ այնպես, որ կարծես թշվառ նորահարսը մահվան մահիճում լիներ։ Հանդիսականներն այդ չնկատեցին, բացի Սուսամբարից։ Չէր նկատում նույնպես և Գյուլնազը, որ, աչքերը սեղանի մեջտեղին հառած, արձանացած, նստած էր։ Նրա աչքերը կորցրել էին իրանց նախկին կրակոտ փայլը, և կենդանության մի թույլ նշան էր մնացել նրանց մեջ։ Նրա պշկած երեսը տեղ-տեղ ծածկվել էր կնճիռներով, և մի խորը գիծ նրա ոսկորացած ճակատի մեջտեղով ուղղագիծ անցնելով, բաժանում էր կուչկուչված հոնքերը իրարուց։

— Սուսամբա՛ր, — շշնջաց կրկին Սուսանը։

— Հըմ, խոսիր, հոգիս, ի՞նչ ես ուզում, — հարցրեց Սուսամբարը, թեքվելով դեպի նրա ականջը։

— Մի բան որ հարցնեմ, ճշմարիտը կպատասխանե՞ս։

— Սուսամբարը ե՛րբ է քեզ սուտ ասել, որ հիմա ասի, — պատասխանեց Սուսամբարը խորը հանդիմանական եղանակով։

— Ճշմարի՞տ է, որ ասում են, թե աստված ինքնասպանի հոգին առանց դատաստանի է հանձնում սատանաներին։

— Այդպիսի բաների վրա խոսելու Ժամանակ չէ, հարսանիքդ է։ Մեղք է, Սուսան, մի՛ խոսիր։

— Չէ՛, Սուսամբար, թե ինձ սիրում ես — պատասխանի՛ր։

— Դատարկ-դատարկ քիչ խոսիր, քեզանից կխռովեմ։ — Աստծուդ սիրես, դու — քո միակ եղբորդ արևը։

— Ո՛ւֆ, դե իհարկե այդպես է։

— Ի՞նչպես, ինքնասպանները դժո՞խքն են ընկնում։

— Հա՛։

— Թե մեղք էլ չունենան, արդար լինե՞ն։

— էլ արդա՞րս որն է։ Սպանությունից հետո էլ ինչ արդարություն մնաց։

— Ուրիշի չի սպանում հո, իրան է սպանում էլի։

— Հապա ինքը մարդ չի՞։

— Բայց ինչո՞ւ առանց դատաստանի։

— Հերիք է։

— Ասա՛, եթե ինձ սիրում ես։

— Ինքնասպանի համար դատաստան չկա։ Մենք արարիչ աստուծո պատկերով ենք ստեղծված։ Մարդասպանը աստուծո պատկերն է սպանում ու նրա դատաստանով է դժոխք գնում։ Բայց երբ որ մարդ ինքն իրան է սպանում, նա գիտե՞ս ինչ է ասում աստծուն։

— Ի՞նչ։

— Տես, ասում է, ով աստված, քեզանից այնքան ամաչում եմ, որ քո պատկերովդ ինքս էլ չեմ ուզում ապրել։

— Մեղա, մեղա քեզ, տեր աստված, դու չարը խափանես, — շշնջաց Սուսանը հառաչելով և երեք անգամ երեսին խաչակնքելով։

— Ինչո՞ւ համար էիր հարցնում։

— Հենց այնպես։

— Տեսնում ես, որ մեր տերտերներն էլ ինքնասպանին օրենքով չեն թաղում։ Հիմա դու ասա՛․ որ մի մեռել առանց «համբիսկի» թաղվի, էլ նա ի՛նչ երեսով պիտի ահեղ դատաստանի առաջ կանգնի։

— Փառք քեզ, աստված, դու բարին առաջես, — ասաց կրկին Սուսանը և հետո ընկավ մտատանջության մեջ։

Մինչդեռ կանանց բաժանման մեջ նորահարսը յուր ընկերուհու հետ զբաղված էր այս մռայլ խոսակցությամբ, տղամարդկանց բաժնում նորափեսային ուրիշ միտք էր տանջում։

Ինչո՞ւ համար էին այն մարդիկ հարձակվում նորապսակների վրա։ Ո՞վ էր այն տղան, որ հիշոցներ էր տալիս։ Սեյրան․․․ Սեյրան, այդ ի՞նչ անուն է, որ Սուսանի բերանից լսեց Ռուստամը։ Երևի, Սուսանի բարեկամներից մեկն էր, որ հարսանիքատանը հարբել էր, Սուսանի ծնողների հետ կռվել ու եկել, որ ճանապարհին ոխը նորապսակներից հանի։ Չէ, այդպես չէ, այստեղ մի բան կա, որ ոչ ոք, ոչ ոք չի ուզում ասել Ռուստամին։ «Թուրք էր, շառլատանների մեկն էր», ասում են, փիե՛, նա հայերեն էր խոսում, ի՞նչպես թե թուրք էր։ Չէ, անպատճառ մի թաքուն բան կա, Ռուստամի սիրտն էլ վկայում է այդ։ Չէ, Ռուստամը անպատճառ պիտի իմանա, թե չէ՛ — սիրտը կտրաքի։

Այդպես էր մտածում նորափեսան սեղանի շուրջը պտույտ գալով և հանդիսականներին զանազան ծառայություններ անելով։ Նա յուր կասկածանքով լի հայացքը ձգում էր հերթով հանդիսականներից ամեն մեկի վրա և խորը նայում, կարծես, կամենալով կարդալ նրանց դեմքերի վրա գաղտնիքը։ Բայց հանդիսականների դեմքերը ոչինչ չէին արտահայտում, բացի ուրախ տրամադրությունից գինու ու արաղի ազդեցությամբ։ Ռուստամը մանավանդ ստեպ-ստեպ նայում էր Սմբատին, որ, գլուխը կրծքին թեքած, ընթրիքին չէր մասնակցում։ Երբ Ռուստամը նայում էր, Սմբատը խույս էր տալիս նորափեսայի զննող հայացքներից։ Ռուստամի սուր աչքերը այդ նկատում էին, նկատում և կրկնապատկում նրա կասկածը։ — «Նա ինչո՞ւ հաց չի ուտում, հը՞ըմ, ինչի՞ վրա է մտածում։ Նա երեսիս էլ չի ուզում մտիկ անել, տե՛ս, տե՛ս, ինչպես է աչքերի տակով մտիկ անում։ Տեսեք, տեսեք, պստիկ-պստիկ պատառներ է դնում բերանը ու ծամում, իբրև թե ուտում է։ Չէ՛, մի բան կա, որ հացը բողազովդ ներս չի գնում։ Հը՛մ, ի՞նչ բան է, բա ես չկարողանամ իմանա՞լ։ — Չէ՛, ես պիտի իմանամ, պիտի իմանամ․․․»

Մինչդեռ այդ կասկածավոր մտածմունքները չարչարում էին Ռուստամին, խնջույքը հետզհետե կենդանանում էր։ Սկսվեցին կենացներ։ Թամադան մի կարճահասակ, նիհար, կարմրադեմ, հաստ և շեկ բեղերով մի մարդ էր։ Դա մի հին գրագիր էր, որ երկար տարիներ քաշքշվել էր պետական հիմնարկություններում։ Ինչպես Շըպպանիկն էր Շամախում հայտնի և նշանավոր որպես «զարանգիզի», այդպես և այս հին չինովնիկն էր հայտնի իբրև թամադա։ Ո՛ր հանդիսում, ո՛ր հարսանիքում, վերջապես, ի՛նչ ուրախության տեղերում որ լիներ, նա միշտ թամադա էր ընտրվում, և այս պատճառով քաղաքում նրան կոչում էին ո՛չ յուր անունով, այլ — «թամադա-Կըճի»։ «Թամադա-Կըճին» նախ և առաջ հրամայեց խմել նորապսակների կենացը։

— Թագավոր-թագուհիի կենացը, հուռա՜, — գոռաց նա, բաժակը բարձրացնելով։

— Հափ հափ, հուռա՛, — կրկնեցին հանդիսականները, բաժակները պարպելով։

Հետո «թամադա-Կըճին» հրամայեց կրկին լցնել բաժակները։

— «Կնքահայր-Սոլդուշի» կենացը, — դարձյալ գոռաց նա։

— Հուռա՛։

— Մեկ էլ լցրեք բաժակներդ։

Հանդիսականները լցրին իրենց բաժակները։

— Ղոսպոդա, — սկսեց թամադան, — էքստըրըննի օբշիյ կանպանիի կենացը։

— էքստըրըննի, էքստըրըննի, հափ-հափ հուռա՜, — բացականչեցին միաբերան բոլոր հանդիսականները և կրկին դատարկեցին իրանց բաժակները։

Այնուհետև թամադա-Կըճին մեկ էլ լցրեց բաժակը, բարձրացավ ոտքի, ձախ ձեռը դրավ կողքին և կարճլիկ իրանը դուրս ցցեց։ Հանդիսականները հետևեցին նրա օրինակին։

— Ղոսպոդա՛, զա՛, — սկսեց թամադան մի առանձին շեշտադրությամբ։

— Զա՛, — կրկնեցին բոլոր հանդիսականները։

— Զդարովիե, — շարունակեց թամադան։

— Զդարովիե, — կրկնեցին բոլորը։

— Նաշեղո։

— Նաշեղո։

— Սմբա՛տա։

— Սմբա՛տա։

— Բարխուդա՛րիչա։

— Բարխուդա՛րիչա։

— Վի՛պիոմ։ — Պի՛պիոմ։

— Հափ-հափ հուռռա՜, — ավարտեց թամադա-Կըճին։

— Հուռռա՜, — կրկնեցին հանդիսականները։

Եվ այսպես, հանդեսը կենդանացավ, երաժիշտները ոգևորվեցին։ Թառի լարերը պարսիկ նվագողի թանձր հինայով ներկած բարակ մատների տակ լեզու ստացած, մի առանձին ոգևորությամբ էին արտահայտում արևելյան Մուսայի հառաչանքները։ Շիրազի երգեցողի լայն կոկորդից ինքնուրույն ներդաշնակությամբ դուրս էին հեղվում անմահ Հաֆըսի սիրահարական խոսքերը։ Փոքրիկ զանգակներով զարդարված դահիրան անդադար պտույտ էր գալիս երգեցողի ձեռում։

Վերջապես, ընթրիքն ավարտվեց, և հարբած հանդիսականները շուռ ու մուռ գալով վեր կացան և սկսեցին հերթով պարել։ Չպարողները և պարով չհետաքրքրվողները քաշվեցին դահլիճի այս ու այն անկյունը և խումբ-խումբ հավաքված սկսեցին խոսել ու զվարճանալ։ Ամենքն ուրախ էին, ամենքի դեմքերի վրա փայլում էր բերկրություն, բացի երկուսից — Սմբատից և Ռուստամից։

Սմբատը մեն-մենակ հեռացած դահլիճի մի անկյունը, ծխում էր։ Ռուստամը գիժ ոչխարի պես անհանգստությամբ պտտում էր դահլիճի չորս անկյունները։ Կասկածը հետզհետե նրա մեջ զորեղանում էր անսպասելի կերպով, չնայելով, որ ընդամենը մի քանի ժամ էր, որ նրա մեջ ծագել էր այն։ Նա կասկածում էր ամենքին և ամեն բանի, կասկածում էր Սմբատին, կասկածում էր հանդիսականների ամեն մի առանձնախոսությանը, կասկածում էր մինչև անգամ երաժշտության այս ու այն եղանակը։ Երբ նա տեսնում էր, որ հյուրերից երկուսը առանձնացած խոսում են, իսկույն մտածում էր․ — «Անպատճառ ինձ վրա են խոսում, ախ, եթե իմանայի ի՛նչ են խոսում»։ Եվ նա զգուշությամբ մոտենում էր խոսողներին, և, երեսը նրանցից դարձնելով, թաքուն ականջ էր դնում։ Բայց երբ լսում էր, որ խոսակցությունը բոլորովին մի ուրիշ առարկայի մասին է, նույն զգուշությամբ հեռանում էր, ինքն իրան ասելով․ «գիտեմ ինձ վրա էին խոսում, բայց, երևի, ինձ տեսան, խոսքը փոխեցին»։

Մի անկյունում նրա ականջին հասավ մի խոսք, և նա մնաց մեխված տեղն ու տեղը։ Այս անգամ խոսողները երկու երիտասարդներ էին, որ գինու ազդեցությունից հազիվ կարողանում էին ոտքի վրա կանգնել։ Ռուստամը կանգնած էր նրանց հետևում, այնպես որ չէր նկատվում։

— Քեզ ասում եմ մինչև կոկորդը, այ մինչև այստեղ, — ասում էր խոսողներից մեկը, ձեռով ցույց տալով յուր կոկորդը։

— Ա՛ քիշի, չէ՞, ցըը՛ ցըը՛։

— Դու մեռնես, եթե սուտ ասեմ։

— Հապա նրան թողած, ինչի՞ դրան եկավ։

— Փահ, երեխա ե՞ս, հապա հե՞րը։

— Չուզե՞ց։

— Չէէ՛։

— Խեղճ աղջիկ, հիմա ով է իմանում, սիրտը բլթբլթըմ է։

— Հը՛մ, իսկի խոսք կա՞, չտեսար ինչպես սիրտը գնաց։

— Տեսա, ինչպես չէ, նրան էլ տեսա։

— Տղի՞ն։ Ամա նամարդ ընկերները լավ փախան հաա։

— Ես էլ չեմ հավատում, որ աղջիկը...

— Դու իսկի ջահիլություն չես արե՞լ։ Ադա՛, ջահիլ աղջիկ, ջահիլ տղա, հըմ, — ասաց երիտասարդը, գլուխը խորհրդավոր կերպով շարժելով։

— Աստված մի արասցե, Ռուստամը իմանա հա՛։

Երաժիշտները կրկին պարելու եղանակ հնչեցին, և խոսողները շտապեցին պարի հանդեսը։

Ռուստամի դեմքը թղթի գույն ստացավ, աչքերը վառվեցին, շրթունքները կապտեցին, ծնկները թուլացան, և քիչ մնաց թավալվեր դահլիճի հատակի վրա։

— Ի՞նչ եմ անում, տղամարդ չեմ, ի՞նչ է, — ասաց նա ինքն իրան, աշխատելով անտարբեր ձևանալ։

Նա բեղերը և շրթունքները կրծոտելով, մի քանի վայրկյան մնաց անշարժ։

— Չէ՞, էլի համբերություն է հարկավոր, կարելի է սուտ է, — ասաց նա կրկին ինքն իրան, — կարելի է այս մարդիկ նրանց թշնամիներն