Jump to content

Նամուս/Երկրորդ/XIV

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Սանամը, որ Շամախու ամենաեկեղեցասեր պառավներից մեկն էր, զանգակների ձայնը լսելով, իսկույն չարշովը գցեց գլխին։

— Սուսան, մինչև հետ գալս, չայը պատրաստիր, որ ցրտից գամ, մի երկու բաժակ տաք-տաք խմեմ, — հրամայեց նա, դռներից դուրս գնալիս։

— Աչքիս վրա, — պատասխանեց Սուսանը և շտապեց կատարելու յուր սկեսրոջ հրամանը։

Անցավ մի քառորդ ժամ Սանամի դուրս գնալուց, Սուսանը գնաց խոհանոց, ինքնաեռը կրակ գցեց և կրկին վերադարձավ սենյակը։

Պսակվելուց հետո առաջին վեց շաբաթվա ընթացքում Սուսանի առողջությունը բավական կազդուրվել էր։ Նրա նիհարած և վաղաթառամ երեսի վրա կրկին սկսեցին երևալ նախկին կայտառության նշանները։ Բայց ավա՜ղ, այդ բարեփոխությունը երկար չտևեց։ Անցան առաջին շաբաթները, նա կրկին սկսեց թառամիլ, և այս անգամ ավելի արագ։ Սանամն այդ նկատում էր։

— Ախչի, ի՞նչդ է պակաս, որ օրեցօր էդպես հալվում մաշվում ես, — հարցնում էր նա ստեպ-ստեպ։

— Չեմ իմանում, — պատասխանում էր Սուսանը ամեն անգամ ծանր հառաչելով։

— Ախար էլի։

— Ով է իմանում, կարելի է, նրանից է։

— Ինչի՞ց։

— Պատճառավոր...

— Դրո՞ւստ, երկուհոգիս ես։

Եվ այսպես, վերջապես, Սանամը գտավ յուր հարսի մաշվելու պատճառը և դադարեց անհանգստացնելու նրան յուր միատեսակ և ձանձրացուցիչ հարցերով։

Երբ Սուսանն առանձնացավ սենյակում, նստեց թախտի վրա և սկսեց նիհարած ձեռներին նայել։

— Դրուստ է, շատ եմ լղարել, մատներս չոփեր են դարձել, ոսկորներս համրել կարելի է, — ասում էր նա ինքն իրան, ձեռները սեղմելով և բանալով։ Մի րոպեի չափ նա պարապեց յուր ձեռներով, հե՛տո դրեց կռնատակին և ընկավ մտածմունքի մեջ։

Դեռ երեկ գիշեր Սուսանը Սեյրանին երազում տեսավ։ Ինչպե՜ս փոխվել էր Սեյրանը, ո՛րքան ուրախ և զվարթ էր։ Սուսանն երբ նրան տեսավ ուրախ, ինքն էլ ուրախացավ։ Նա մոտեցավ յուր սիրեցյալին, բռնեց նրա ձեռից, ուզեց որ խոսի, բայց սիրեցյալը մի ծուռ հայացք ձգեց Սուսանի վրա, ձեռը խլեց, երեսը շուռ տվավ և, առանց մի խոսք ասելու, հեռացավ։ Արտասուքն աչքերին Սուսանը նայում էր Սեյրանի հետևից, բայց նա ուշադրություն չէր դարձնում, գնում էր ու գնում։ Նա, կարծես, փախչում էր Սուսանից, ինչպես մի զարհուրելի գազանից։ Սուսանը բարձր ձայնով գոչեց նրա հետևից․ «Սեյրան, մի փախչիր, ես եմ, ես եմ, Սուսանդ եմ»։ Սեյրանը մի քանի վայրկենաչափ երեսը դարձրեց Սուսանին։ Ով տեր աստված, որքան զարհուրելի էր նրա դեմքը։ Նրա աչքերն այրվում էին, բերանից կրակ էր դուրս գալիս, ինչպես թոնրից։ Նա աջ ձեռը բարձրացրեց դեպի երկինք, մի բառ արտասանեց, բայց ի՞նչ էր այդ բառը — Սուսանը չլսեց։ Հետո Սեյրանը կրկին երեսը շուռ տվավ Սուսանից և սկսեց փախչել։ Սուսանը վազ տվավ, որ հասնի, բայց ինչպես կարող էր հասնել նրան։ Սեյրանը վազ է տալիս ինչպես ձի։ Սուսանին մինչև անգամ այնպես թվաց, որ Սեյրանը մեջքից ներքև ձի էր, իսկ վերևը մարդ։ Տեր աստված, տեր աստված, այդ ի՞նչ է նշանակում, ի՞նչպես բացատրել այդ երազը։ Երեկ առավոտյան գոռալով ու սարսափած Սուսանը զարթնեց քնից և իսկույն բաց արավ «Եֆիմերդեն» ու մտիկ տվավ։ — «Օրը բարի է, երազը քառասուն օրն կատարի»։

Քառասուն օր, ախ ինչ ուշ, ի՞նչպես պիտի կատարվի։ Տեր աստված, դու չարը խափանես, բարին առաջացնես։ Սուսանը երեք անգամ երեսը խաչակնքեց։ Սեյրանը նրանից խռովել է — այս նա գիտե։ Բայց մի՞թե այժմ ատում է։ Անկարելի բան է։ Չէ, Սուսանը չի հավատում, որ Սեյրանը նրան ատելիս լինի։ Սեյրանն ատել չի կարող, չի կարող. նա սիրում է, նա սիրում է խելագարի պես։ Այդ է վատը, այդ է Սուսանի անտանելի ցավը։ Մայրն ասում է, որ Հայրապետն այժմ ուզում է հաշտվել Սուսանի հոր հետ, որ նրանք էլի առաջվա պես շարունակեն իրանց բարեկամությունը։ Իսկ Մարիամ բաջին չի ներում Սուսանին, նա չի ուզում հաշտվել։ Քանի-քանի անգամ Սուսանն յուր մորն ուղարկել է, որ նրան յուր մոտ բերի, բայց չի եկել։ Խեղճ կնիկ, եթե դու ամեն բան հասկանայիր, եթե դու Սուսանի ցավերն իմանայիր, կարելի է, որ քո որդին այսօր «օլքա-օլքա չընկներ»։ Ասում են, որ նա Շուրայումն է։ Ինչո՞ւ է գնացել, ի՞նչ գործ ունի այնտեղ։ Մազերը փշաքաղվում են, մարմինը զարզանդում է, երբ միտն է ընկնում, որ Սեյրանն այնտեղ կարող է Ռուստամին պատահել։ Հա, երկուսն էլ, երկուսն էլ կկործանվեն, տաքարյուն տղերք են։ Հազար անգամ երանելի կլիներ Սուսանը, եթե նրանց տեղը ինքը կործանվի։ Սեյրանը, երևի, ուզում է Ռուստամից հանել յուր վրեժը։ Բայց ինչո՞վ է մեղավոր Ռուստամը։ Տեր աստված, տեր աստված, հերիք է ինչքան Սուսանին պահեցիր, ա՛ռ այժմ նրա հոգին, ազատիր նրան վերջապես։

Սուսանը կռները հենեց ծնկներին և գլուխը դրավ ձեռների ափերի մեջ։ Եվ այդ ժամանակ նրա առաջ սկսեց պատկերանալ յուր անցյալը։ Նա մտաբերեց յուր մանկությունը, երբ Սեյրանի հետ ամառ օրերը գլխաբաց արեգակի տակ «տիկին-տիկին» էր խաղում։ Նա հիշեց երկրաշարժի օրը, երն ինքը Սեյրանի հետ մնաց հողի տակ։ Երանի, հազար երանի, եթե հենց այն օրը մեռներ, ինչո՞ւ նրան ազատեցիր, աստված։ Ինչո՞ւ։ Որ նա ինքն էլ չարչարվի, ուրիշներին էլ չարչարե՞, հաա՞։

Հետո Սուսանը մտաբերեց ուսումնարանական կյանքը, հիշեց դեղնած ու պշկած Հերիքնազին, որ օրական հինգ անգամ ստիպում էր յուր աշակերտուհիներին «Հայր մերը» կրկնել և ամեն անգամ ինքը, երեսը դեպի աղոթարան չոքած, ձեռները կրծքին ծալած, աղոթում էր, կապտած շրթունքները շարժելով։ «Մեռավ խեղճ կնիկը, գնաց այն աշխարհ, նրա հոգին հիմա արքայությունումն է։ Հա, երանի քեզ, կույս, որ դու այս ցավերը չես քաշել, աշխարհից հեռացած և աստծուն նվիրված»։

Այնուհետև Սուսանը մտաբերեց յուր ընկերուհիներին։ Սուսամբարն ասում է, որ ինքնասպանի հոգին առանց դատաստանի դժոխքն է ուղարկում։ Վայ Սուսանին, վա՜յ Սուսանին, սատանան