Նամուս/Երկրորդ/XVII

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
XVI Նամուս

Ալեքսանդր Շիրվանզադե

[406]

[407]
էր խառնիճաղանջ ամբոխով։ Մեծ թե փոքր, կին թե տղամարդ,

ամենքը դիմում էին դեպի Սանամի տունը, որ այդ ժամանակ ներկայացնում էր սիրտ մորմոքող տեսարան։

Ոստիկանները աշխատում էին հետ մղել ամբոխը, բայց ամենքը ձգտում էին մի կերպ առաջ շարժվել։

— Հայիֆ, հայիֆ էն գյոզալը, — լսվում էր այս ու այն կողմերից։

— Ասում են, որ ինչքան` գյոզալ էր, էնքան էլ լավ հոգի ուներ։

— Խեղճ ողորմելին անմեղ տեղը փչացավ գազանի ձեռքին։

— Ռուստամը իսկի մեղավոր չէ, — մեջ մտավ մոտ քսան ու երկու տարեկան մի երիտասարդ եվրոպական ձևով հագնված։

— Հապա՞։

— Մեղավորը մեր քաղաքի վատ սովորությունն է։ Երեսը կապած աղջկան տալիս են մի անծանոթ տղայի։ Տղան ուրիշների խոսքին հավատալով, ուրիշների խոսքերով էլ կարծիք է կազմում յուր կնոջ մասին։ Եթե մեկը մի ծուռ բան է ասում, թեև սուտ, նրա աչքերը արյունով լցվում են, խելքը կորցնում է և ահա այդպես է անում։

— էհ, աստված ինչ որ գրել է մեր ճակատին, պիտի կատարվի, մնացյալը դատարկ բան է, — ընդհատեց երիտասարդին մի քառասուն տարեկան մարդ։

— Հայիի՜ֆ, հայի՜ֆ։

Այսպիսի և ուրիշ նման ցավակցական դարձվածներ էին լսվում անդադար ամբոխի միջից։

Սենյակներից մեկում հատակի վրա ձգված էր Սուսանի արյունաշաղախ և արյունաքամ դիակը։ Պատուհանի վերին ապակիներից առավոտյան լուսո ճառագայթները խուռն ամբոխի վրայով հազիվ ներս սահելով, լուսավորում էին դիակի բաց երեսը։ Խաղաղության հրեշտակը յուր թևերը տարածելով այդ պայծառ երեսի վրա, հովանավորում էր նրան մի տեսակ մռայլ ստվերով։ Պարսկական շքեղանկար գորգը, որ սփռված էր դիակի տակ, ծածկվել էր Սուսանի արյունով։ Դիակի շուրջը հավաքվել էին

Սուսանի ծնողները, ազգականները, բարեկամները և մոտակա
[408]
հարևանները։ Գյուլնազը, անսպասելի տարաբախտության հարվածով

փշրված մայրը, չոքել էր յուր զավակի անշունչ դիակի գլխի կողմում և ողբում էր։ Նա փետտում էր յուր ալեխառն մազերը և կեղեքում կուրծքը եղունգներով։ Երբեմն դուրս էր թռչում կրծքից մի կատաղի վայրենի գոռոց, և ամբոխը սարսռում էր այդ ձայնից։ Դիակի աջ կողմում կանգնած էր ծերունի Բարխուդարը ձեռները ծոցում խաչաձև ծալած։ Նրա գունասպառ դեմքի վրա կենդանության եթե մի նշան կար, այդ նրա խոցոտված սրտի կսկիծը արտահայտող աչքերն էին, որոնք բևեռված էին Սուսանի խաղաղ և հանգիստ դեմքի վրա։

Դիակի ձախ կողմում նստած էր Սուսամբարը։ Ի՞նչ էր անում Սուսամբարը, — այդ ոչ ոք չէր կարող հասկանալ։ Նա մերթ կատաղաբար համբուրում էր յուր դժբախտ ընկերուհու երեսը, մերթ անհագությամբ լիզում էր նրա փակ աչքերը, երեսը, ձեռները, գլուխը և մերթ հեռու քաշվելով, փետտում էր յուր մազերը և սուր եղունգներով կեղեքում մերկացած կուրծքը։

Սուսամբարի հետևից երկու երիտասարդներ աշխատում էին հետ մղել Սուսանի դիակից Սմբատին։ Սմբատի դեմքը ահռելի էր։ Նրա կուրծքը բաց էր և մազերը խճճված ու ճակատին թափված։ Նրա վառված աչքերը փայլում էին կատաղի հրով, և նա անդադար գոռում էր.

— Բա՛ց թողեք, անիծվածներ, բա՛ց թողեք, ես պիտի խեղդեմ, պիտի շանսատակ անեմ, Ռուստա՛մ...Ռուստա՛մ...

Բայց երիտասարդները Սմբատին իրանց գրկում սեղմած, աշխատում էին մի կողմ քաշել նրան։

Սուսանի դիակի ոտների կողմում չոքած էր Մարիամ բաջին։ Արտասուքի բուռն կաթիլները դուրս թափվելով աչքերից, ողողում էին նրա նիհար ու պշկած երեսը։ Նա անդադար ոսկրացած ձեռները բարձրացնելով, մերթ ծնկներին էր խփում, մերթ մերկացած կրծքին։

Մարիամ բաջու հետևից պտույտ էր գալիս Հայրապետը։ Միամիտ ծերունին, կարծես, չէր կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում և ինչ է պատահել։ Նա զանազան տարօրինակ շարժումներ

էր անում։ Նա շարժում էր յուր ալեխառն գլուխը, ձեռները
[409]
տարածում օդի մեջ, շրջում էր այս ու այն կողմ, սրան ու

նրան զանազան անհասկանալի հարցեր առաջարկելով։ Նա գոռում էր, գոչում, և ոչ ոք նրա վրա ուշադրություն չէր դարձնում։

Մինչ դիակի շուրջը կատարվում էր այդ տեսարանը, Սանամի ննջարանում տեղի ուներ մի ուրիշը։ Երկու ոստիկանները սենյակի դռներում կանգնած, հետ էին մղում Սանամին, որ գոռալով, մազերը փետտելով, կուրծքը ճանկռտելով, գլխամոլոր ձզտում էր ներս։ Նրա հետևից խռնվում էր ամբոխը մեծ բազմությամբ։

— Անիծվեք, գյուլլախորով իլիք, բաց թողեք, բալիս երեսը տեսնեմ, նրան տանում են...

Իսկ ի՞նչ էր անում ողբերգության գլխավոր դերակատարը, Ռուստամը։ Նրա ճակատագիրը պարզ էր։ Ռուստամի աջ կողմում կանգնած էր ոստիկանապետը, ձախ կողմում մի փոքրիկ սեղանի շուրջը նստած էր քննիչը։ Ստեպ-ստեպ ակնոցները ուղղելով, քննիչը խոժոռ դեմքով նայում էր հանցավորին և զանազան հարցեր

առաջարկում։ 

Ռուստամը լուռ էր և գլուխը քարշ ձգած։ Նա, կարծես, քննիչի հարցերը չէր լսում։ Քննիչը տեսնելով, որ Ռուստամը համառությամբ լռում է և բացի «ես եմ սպանել»-ից, ոչինչ չի ուզում պատասխանել, գրիչը դրավ սեղանի վրա և ասաց ոստիկանապետին.

— Տարեք բանտը, պահեցեք մի առանձին տեղ մինչև իմ գալը։

Ռուստամին դուրս տարան։ Բայց նա հենց նոր էր ոտը դրել պատշգամբի վրա, ամբոխի միջից հանկարծ լսվեց մի աղաղակ, և նույն վայրկյանին ճանապարհի հագուստով մի երիտասարդ առաջ վազեց։

— Սեյրանը, ախ, դու Հուլիանոս, թողեք շանսատակ անեմ, — գոռաց Ռուստամը, կամենալով վազել դեպի երիտասարդը։

Ոստիկանները նրան պահեցին։ Սեյրանը բացականչում էր.

— Բռնեցեք Ռուստամին, մի թողեք մոտենալ Սուսանին։ Ես սուտ եմ ասել, սուտ, խաբել եմ։ Սուսանը անմեղ է, անմեղ է

հրեշտակի պես. խալը մայրս է տեսել բաղնիքում, ես չեմ տեսել։
[410]
— Նա անմեղ էր, հոգիս էլ կորավ, — բացականչեց Ռուստամը

և թուլացած ընկավ ոստիկանների գիրկը։

Ամբոխը Սեյրանին ճանապարհ տվավ, Սեյրանը վազեց ներս, ուր ձգած էր նրա անմեղ սիրեկանի արյունաքամ դիակը։

Անցավ մի րոպե, և դրսում եղողները լսեցին մի թնդյուն։

Այդ ատրճանակի ձայնն էր։

— Բալաս վա՛յ, բալաս վա՛յ։

Այդ Մարիամ բաջու ձայնն էր։

1885 թ. Թիֆլիս։