Նանի նվերները
Արտաքին տեսք
Նանի նվերները
— Ծիփ-ծի՜փ, ծիփ-ծի՜փ, այ թխսամեր,
Ճուտիկներդ առ, դեսը բեր,
Կուտ եմ տալու՝ ընտրած կորեկ,
Եկեք կերե՛ք ու շուտ կորե՛ք։
Թուխսն եկավ՝ կրխկալե,
Ձագուկները՝ ծվծվալե,
Եկան նանի դուռը դառան,
Ժվժվոցով գլուխ տարան։
Նանը նրանց կորեկ տվավ.
Տես թե ինչպես աքլոր ու հավ,
Մեկը մյուսին կտկտալի,
Մեծ-մեծ կուտին են վազ տալի։
Իսկ թոռները՝ տղա, աղջիկ
Թնկթնկում են խունջիկ—մունջիկ,
Որ նանն իրենց մեկ-մեկ ընծա
Ձագուկներից բռնի ու տա։
— Տե՛ս էն ճուտիկ՝ կրմրշտուրիկ,
Քեզ եմ տալիս, սիրուն Սուրիկ,
Իսկ Գիսակին սպիտակ ձագը,
էն կռվարար գիժ որձակը։
— Չալտիկ ճուտն էլ, է՜յ, Գայանե,
Լավ պահպանի, էն քու փայն է,
Սևուկ-մևուկ աքլորիկն էլ՝
Թող Արմիկին լինի նվեր։
Իսկ ինձ մնա թխսամերը
Ու էն մարիկ ճուտիկները,
Որ մեծանան և ձու ածեն,
Նորից մեկ-մեկ թուխսը նստեն։