Նապաստակն ու աղվեսը
Անտառի մեջ բարձր տեղում,
Որտեղ քամին պար էր խաղում,
Մազը մետաքս, մորթը փափուկ,
Խելքից թեթև, ոտքից չափուկ,
Նապաստակը տուն էր շինել
Ու աղվեսին դրկից եղել:
Տուն էր շինել թեև ցածրիկ,
Տուն էր շինել թեև նեղլիկ,
Բայց շատ հարմար, այն էլ փայտից,
Պաշտպանվում էր տաքից, ցրտից:
Աղվեսինը թեև լայն էր,
Թեև երկու աչքանի էր,
Բայց շատ ցուրտ էր, ողջը ձյունից,
Այդ էր եկել տիրոջ ձեռքից:
Բուք օրերին. ցուրտ ձմռանը,
Երբ վառվում էր վառարանը,
Տան օճորքից ջուր էր մաղում
Եվ աղվեսը միջին լողում:
Մի օր ընկավ հալհլոցը,
Տունը առավ կաթկըթոցը,
Դեռ չհասած մարտի կեսը՝
Անտուն մնաց մեր աղվեսը,
— Ոտդ պաչեմ, ա՜յ Շահզադե,
Ցրտի ձեռքից ինձ ազատե.
Մի անկյուն տուր տանդ միջին,
Ծառա արա քո առաջին:
Խոսք եմ տալիս, ես ամեն օր
Լվամ, կարեմ քո հինն ու նոր,
Եփեմ, թխեմ, քեզ ծառայեմ,
Տունդ տեղդ կարգին պահեմ:
Ա՜խ, իմ տունը լավի պես լավ
Չորս օրումը տակից հալավ, —
Աղվեսն ասաց նապաստակին,
Որ կանգնել էր դռան շեմքին:
— Լա՛վ. ներս արի, դրկի՜ց աղվես,
Բայց խնդրում եմ՝ ինձ հետ վարվես...
Կռիվ, ուշունց ես չեմ սիրում,
Հին բաներն էլ չեմ քըրքըրում:
Ու աղվեսը մտավ տունը,
Ճաշը կերավ, առավ քունը,
Քնից զարթնեց, դես դեն նայեց,
Տան տիրոջը խիստ հայհոյեց.
— Ա՜յ, վա՜յը տամ էդ քո գլխին,
Դու տանտե՞րը, ես աղախ՞ին.
Տան մեծ մասը քեզի պեսի՞ն.
Դռան տակը՝ խան աղվեսի՞ն.
Դե՜հ, դուրս կորի, ծուռաչք շլդիկ,
Պոչ էլ չունի, սրա՜ն մտիկ:
Նապաստակն ու արջը
Նապաստակը իրանն առավ,
Տունը թողեց ու դուրս թռավ,
Ետ չնայեց, վազեց, լացեց,
Քեռուն գտավ, ցավը պատմեց.
— Ա՜յ իմ քեռի, ա՜յ արջ ախպեր,
Էն աղվեսը չար, սրտամեռ
Փայտե տունս ձեռքես առավ,
Դուռը փակեց, իրանն արավ:
— Քրոջ որդի, է՛, ամոթ չէ՞,
Որ դու կուլաս, քեռիդ սաղ չէ՞ :
Արի գնանք ես էն փչին
Մի լավ դաս տամ տանը միջին:
Թող չերկարի, ասեմ կարճը,
Քրոջ որդին, քեռի արջը
Եկան կանգնան տան դռանը,
Վառած գտան վառարանը:
Սրտոտ քեռին դուռը ծեծեց
Ու աղվեսին հերսոտ կանչեց.
— Տո՜, փո՜ւչ աղվես, ասա ինչո՞ւ.
Էս իմ եթիմ քրոջ մանչու
Փայտե տանը տեր ես դառել
Ու նրան էլ դուրս ես արել:
— Ամեն խոսքի մի՜ հավատա,
Նապաստակը ի՞նչ Շահզադա.
Ձեռքե գալիք. մարդ խաբելիք:
Դեհ, հեռացեք, դռնես կորեք:
Ու աղվեսը դռան ծակից
Վառարանի թեժ կրակից
Բերեց ցանեց արջի վրան.
Մի լավ խանձեց դունչն ու բերան.
Փախավ արջը դունչը այրած,
Քրոջ որդին հետը առած:
Նապաստակն ու գայլը
Անտուն-անտեղ նապաստակը
Գնաց նստեց ծառի տակը,
Մաղիկ-մաղիկ մըղկտալով
Ցավն էր պատմում բարձր լալով.
— Ինձ լա՛վ խաբեց կեղծավորը,
Դուրսը թողեց էսպես օրը.
Մի տեղ չկա, միջին քնեմ:
Լացը լսեց գայլը դանդաղ,
Եկավ ասաց՝ ա՛յ քեզ մատաղ,
Ինչի կուլաս մաղիկ-մաղիկ,
Կտրատելով սիրտ ու աղիք:
— Է՛, գա՜յլ եղբայր, բանս բուրդ է,
Վրես բարակ, օրը ցուրտ է.
Էն աղվեսին թող չմնա,
Տանս միջին գրողի գա:
Ու սկզբից ինչ կար-չկար,
Նապաստակը բարակ-երկար
Պատմեց գայլին, հետն էլ լացեց,
Աղի-աղի արցունք թափեց:
— Դու քեզ խղճա, ի՜մ նապաստակ,
Զուր մի՜ կորցնի դու ժամանակ,
Գնանք, ցույց տուր էն աղվեսին:
— Է՜, քիչ առաջ քեզ ինչ ասին,
Չէ որ արջից դու ուժեղ չես:
— Ա՛յ միամիտ, ի՞նչ ես խոսում.
Ես եմ ուժեղ, ճիշտն եմ ասում:
Արջն ի՞նչ է որ, վախկոտ կատու,
Էնքան քաջ է, ինչքան որ դու:
Լավ, վերջապես, վեր կաց գնանք,
Քո տան տեղը մի իմանանք,
Էն աղվեսին ես մի քաշ տամ,
Ոսկորները քեզ բաժին տամ:
Գայլ, նապաստակ ճամփա ընկան:
Շատ չտևեց, արագ եկան,
Եկա՛ն... և ի՞նչ. հեռվից տեսան
Մի վառ կրակ, վրան՝ կաթսան,
Ժիր աղվեսը գոգնոցն հագին,
Վրեն մաքուր, արգին-կարգին,
Դունդունալով ճաշ էր եփում,
Ու շերեփով քափը թափում:
Կերակուրը յուղոտ-սոխոտ,
Հո՛տ էր բուրում, մի անո՛ւշ հո՛տ,
Որ ծեր գայլին կալեց-կապեց,
Ախորժակը խիստ գրգռեց:
— Ինչ էլ լինի՝ էս աղվեսին
Բան չեմ ասի ես տան մասին,
Կերթամ մոտը, բարև կտամ,
Կերակուրից կհոտմըտամ,
Դեհ, աղվեսն էլ խոմ խամը չէ,
Որ քաղցածին չճանաչե, —
Ասաց գայլը ինքը իրան,
Լըպըստելով դունչն ու բերան:
Ու վերջապես տեղը հասան:
Երբ որ ճաշի կաթսան տեսան,
Գայլը չոքեց, գլուխ տվեց
Աղվեսին ու խոսել ուզեց:
Դեռ չէր բացել նա բերանը,
Քաջ աղվեսը իր դռանը՝
Հարձակվեցավ խեղճի վրան,
Գոչեց, ճըչաց զիլ, բարձրաձայն.
— Կորի՜, քավթառ, շուտ արա՜, թե՜զ
Նապաստակի պաշտպանին տե՛ս:
Էդ ե՞րբ առար վկայական,
Դարձար գլխիս գեշ փաստաբան:
Նապաստակն ու աքաղաղը
Անտուն անտեր նապաստակը
Դարձյալ եկավ ծառի տակը,
Մաղիկ-մաղիկ մըղկտալով՝
Ցավն էր պատմում բարձր լալով.
— Ինձ լավ խաբեց կեղծավորը,
Դուրսը թողեց էսպես օրը.
Անտուն, անտեր ես ի՞նչ անեմ,
Մի տեղ չկա՝ միջին քնեմ:
Ձայնը լսեց աքաղաղը,
Իսկույն թողեց իրա խաղը,
Վազեց եկավ ծառի տակը,
Որտեղ կուլար նապաստակը:
— Ինչի՞ կուլաս, ա՛յ իմ շլդիկ՜,
Ա՜յ խըլըշտիկ,
Մի՜ լար, մի՜ լար, չարդ տանեմ,
Պատճառն ասա՝ մի ճար անեմ:
Նապաստակը տեղը տեղին
Պատմեց եղածն աքաղաղին:
— Որ էդպես է
Էլ մի՜ սպասե,
Էլ մի՜ տզզա,
Հետս վզզա,
Տան տեր դառի,
Ինձ մի՜ վառի:
Մժեղի պես նրան կտցեմ,
Աղվեսն ինչ է՝ հետը մրցեմ:
Մութը մթին,
Ժամը ութին
Արագ, արագ,
Առանց ճրագ
Հերոսները
Շուտ տեղ հասան.
Ու անսասան
Քաջը գոչեց ձայնը փոխած,
Ալ արյունը աչքը կոխած.
— Ես ոչ արջն եմ, ոչ էլ գայլը,
Աշխարհք կառնե շորիս փայլը,
Ես իշխանն եմ մեծ, վարդերես.
Սուր եմ կախել հինգ գազ ու կես:
Էլ չի պրծնի գող աղվեսը,
Թե որ գտնեմ նրան ներսը:
— Ա՜յ, էս ո՞վ է վարդերեսը,—
Դուռը բացեց խան աղվեսը
Ու էն մթով
Դիպավ գետնով,
Լեղապատառ
Ընկավ անտառ:
Աքաղաղն ու նապաստակը,
Որ քաշում էր տան փափագը,
Տուն ներս մտան,
Սեղան նստան,
Հաշտ ու բարիշ լավ ընթրեցին
Ու էդպես էլ լավ ապրեցին: