Jump to content

Նավզիկե

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նավզիկե

Արիփկին, Արփիկին,
Իզաբելլային
Իմ ամենաչքնաղ երկը
Ե. Չար. 1936. 21. IX
 
ՀԻՆ ՆԱՎԶԻԿԵ[1]

Նայադների՜ նման, նայադների՜ նման
Կարոտներիս ձայնով կանչում է ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով մորմոք ու կորուստի կսկիծ...

Մանկությունից անդարձ՝ իմ օրերում անցած,
Տարիներիս կարմիր ավազի մեջ —
Ինձ թվացել է միշտ, որ կարոտիս կառչած՝
Ինձ սպասում է իմ Նավզիկեն...

Նախ՝ կարոտի նման դեռ անծանոթ կյանքի,
Բիլ ծովերում նավող նավակի մեջ՝
Իբրև ցնորք գայթող կամ երազանք անգին—
Հեռուներից կանչեց իմ Նավզիկեն։

Եվ օրերում ապա, տարիներում անդարձ,
Վայրկյաններիս կարմիր ավազի մե՛ջ—
Երազեցի ընդմիշտ, թե կարոտիս կառչած՝
Ինձ սպասում է իմ Նավզիկեն...

Մերթ աղջկա նման, մերթ մանկական տեսքով,
Մերթ որպես կին՝ տեսած երազի մեջ,—
Մերթ իբրև կույս անեղծ, մերթ մի Մանոն Լեսկո —
Պատկերացել է ինձ — իմ Նավզիկեն։

Մերթ սպիտակ, որպես մարմարոնյա արձան,
Մերթ միկենյան կավե մի վազի պես,—
Մերթ եբենյա[2] մարմնով եգիպտուհի դարձած՝
Հմայել է հեռվից իմ Նավզիկեն։—

Մերթ կոնքերով ողորկ, որպես ձուլած արծաթ,
Մերթ որպես էգ մի օձ երազի քեզ՝
Մերթ՝ աչքերով կանաչ, մի կին դարձած —
Անեղծ մի կույս կարծած իմ Նավզիկեն։

Մերթ շորերով շրշուն, մերթ ծածկոցով ծածան,
Մերթ՝ լուսնային շղարշ հագածի պե՛ս,—
Ամբողջովի՛ն մերթ գոց, մերթ մերկացած՝
Կնությունը բացած — իմ Նավզիկեն...

Նա մերթ կանչել է ինձ սրինգային ձայնով,
Մերթ՝ քնարի քնքուշ նվագի պես,—
Մերթ՝ դարերո՛վ ծանոթ, մերթ միայն նո՛ր
Ինձ հարազատ ձայնով — իմ Նավզիկեն։

Վերելքներում անծայր, հովիտներում այն ցած,
Կամ ծովափնյա ոսկե ավազի՛ մեջ,—
Մերթ շառաչում ծովի, մերթ լճերում անձայն,—
Ես լսել եմ քո քայլքը, իմ Նավզիկե՛։

Ես սպասել եմ քեզ յուրաքանչյուր վայրկյան,
Եվ երազել, որ երթըս երազվի քե՛զ,—
Յուրաքանչյուր վայրում, յուրաքանչյուր վայրկյան,
Կնոջական ցնորք իմ, իմ Նավզիկե...

Ե՛վ հանճարեղ երգում, և՛ հանճարեղ գրքում,
Ե՛վ հանճարեղ ամեն կտավի մեջ,—
Ե՛վ հյուսիսում, և հին Արևելքում,
Եվ հարավում դեղին, իմ Նավզիկե՛։

Շրջադարձում, երթում, քայլափոխում ամե՛ն,
Հսկող հսկա դեպքի, կամ դավի պես,—
Ես սպասել եմ, որ կամ դու, կամ ես
Կըճանաչենք իրար, իմ Նավզիկե՛։

Յուրաքանչյուր բացվող առավոտվա, կամ իմ
Յուրաքանչյուր տեսած երազի մեջ,—
Անգամ մի դուռ է երբ իմ դեմ բացում քամին —
Հանդիպումդ եմ հսկում, իմ Նավզիկե։

Մանկությունից իմ լուրթ — մինչև կեսօրն իմ թեք,
Իմ օրերում՝ անցած երազի պես,—
Ես սպասել եմ, որ — ահա կելնես իմ դեմ,
Ամենօրյա ցնորք իմ, Նավզիկե՛։

Ե՛վ իմ գրքերն ամեն, և՛ իմ երգերն անմեռ,
Ե՛վ բորբք հուրն իմ այս ծարավի կեզ,—
Ի՛նչ որ արել եմ ես, ի՛նչ անելու եմ դեռ —
Քեզ գտնելու համար է, իմ Նավզիկե՛...

Եվ մինչև օրն այն սև, մինչև դառնա նսեմ,
Մինչև ավյունս ամբողջ նվազի — քեզ
Ես փնտրելու եմ իմ ուղիներում լուսե,
Անհասնելի — իմ սեր, իմ Նավզիկե՛...

Ե՛վ պոետի հռչակ, և՛ փառքի տենչ խորին,
Ե՛վ արնաքամ երգի, երազի սե՛ր, —
Ես տենչացել եմ՝ լոկ հավատալով, որ ինձ
Դեռ սպասում ես դու, իմ Նավզիկե՛...

Որ վարդերի՛ս անդարձ, տարիներիս հնձած,
Անդառնալի ցնդած երազի տեղ —
Իմ օրերի վերջում, իբրև անհուն ընծա —
Ինձ ժպտալու ես դու, իմ Նավզիկե...

Նայադների՜ նման, նայադների՜ նման,
Կարոտներիս ձայնով կանչել ես ինձ,—
Խոստանալով սիրո անհատնելի հմայք
Եվ թողնելով լոկ մահ ու կարոտի կսկիծ։

II

Կնոջս՝ Արփենիկ Չարենցի հիշատակին

Նայադների՜ նման, նայադների՜ նման,
Կարոտներիս ձայնով կանչեց նա ինձ,—
Նա խոստացավ սիրո անհատնելի հմայք
Եվ ինձ թողեց միայն մահո՛ւ կսկիծ...

Նաժիշտներով իր յոթ շրջապատված՝
Նաժիշտներով սիրո և դավի կե՛զ,—
Իբրև հոժա՛ր կամքով մահապարտված՝
Ընդունեց սերն իմ սև — իմ Նավզիկեն...

Կարոտներիս ծովի կղզիներում անցած
Դու իմ կղզին եղար միակ ոսկե,—
Բայց սև աղետ դարձավ ու մահացու հանցանք
Քեզ համար սերն իմ սև, իմ Նավզիկե...

Եվ վարդագույն, ինչպես մի վարդագույն մարջան,
Կարոտներիս կարմիր ավազի մեջ—
Դու ժպտացի՛ր, անցար, աներևույթ դարձար,
Օ, մահացու իմ սեր, իմ Նավզիկե...

III

...Արդեն նայիվ դարձած նայադների նման,
Նայադների նման քնքուշ ձայնով՝
Խոստանալով գարո՛ւն ու գարնային հմայք՝
Այն ո՞վ է ինձ կանչում, այն ո՞վ...

Ինչպես Ուլիս՝ տրված կարոտներիս կայմին՝
Նայադների չքնաղ երգի՛ն գերի՝
Ամբողջովին տրված իմ հուշերի ձայնին,
Ես մոտեցա կրկի՛ն այն ափերին...

Մի՞թե կրկին, իբրև վերադարձող Ուլիս՝
Մի անհնար, չքնաղ երազի մե՛ջ —
Պիտի տեսնեմ կղզի՛ն այն, ուր սիրով լի՝
Ինձ հանդիպեց մի օր — իմ Նավզիկեն...

Նո՛ւյն նայադներն ահա — և կախարդիչ նույն երգը,—
Բայց ավելի՛ անհուն ու հմայիչ...
Եվ մոտենում է նո՛ւյն կախարդական եզերքը՝
Բայց... ինչո՞ւ է թվում նա ամայի...

Նո՛ւյնն են ափերը լուրթ,— և պտույտի ելած
Նո՛ւյն աղջիկներն ահա,— և Նավզիկեն...
Բայց նա նայեց անթարթ և աչքերում ցոլաց
Անդառնալի անցածը — երազի պես...

Եվ սուզվելով, ինչպես մի վարդագույն մարջան,
Տարիների կարմիր ավազի մե՛ջ՝
Անվերադարձ անցավ և զառանցանք դարձավ —
Մանկությա՛ն պես անցած— իմ Նավզիկեն...

IV

Նայադների՜ նման, նայադների՜ նման,
Կարոտներիս ձայնով կանչեցին ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Եվ թողնելով միայն — մահու կսկիծ։

Արկածներիս ծովի կղզիներում անցած,
Ինձ հանդիպեց քանի՜ Նավզիկե,
Որ հեռացավ, անցավ իր կարոտին կառչած՝
Իբրև ուրի՛շ Ուլիս, ուրիշ սե՛ր...

Հեքիաթային կապույտ իր եզերքին կառչած՝
Իբր ուրիշի՛ սիրո մի Նավզիկե —
Իր Ուլիսին հսկող արքայադուստր դարձավ՝
Կարոտներիս կարմիր երազի մեջ...

Եվ կարոտիս կառչած արքայադուստր կարծած
Քանի՜, քանի՜ չքնաղ Նավզիկե —
Ընկղմվեցին, կորան, որպես կարմիր մարջան՝
Կարոտներիս կարմիր ավազի մե՛ջ...

Արկածներիս կապույտ կղզիներին կառչած՝
Վայրկյաններիս կարմիր երազի մե՛ջ՝
Մի՛շտ ուրիշի սիրո արքայադուստր դարձավ
Ինձ հանդիպած ամե՛ն մի Նավզիկե...

Բայց ուրիշի երկրում արքայադուստր դարձած
Իմ կորցրած ամե՛ն մի Նավզիկե՝
Ինձ հանդիպեց կրկին և սիրուհի դարձավ —
Իմ երգերի կարմիր ավազի՛ մեջ...

Երազներում անվերջ երազելով նրանց,
Իմ կրքերի կարմի՛ր ավազի մեջ —
Ինչ-որ մնում էր դուրս իմ երգերից գրած—
Իմ չսիրա՛ծ աղջիկ, տվեցի քե՛զ...

Տարիներում անցած իմ կարոտին կառչած՝
Իմ չերազած միա՛կ իմ Նավզիկե,
Ուր սպասում էի — կորցըրի նրանց՝
Երազներում սիրած, երազի՛ պես...

Արկածներիս կարմիր կարոտներում փնտրած՝
Ինձ չըժպտաց և ո՛չ մի Նավզիկե,—
Եվ ինչ տալու էի ես աշխարհում նրանց—
Իմ չսիրած աղջիկ, տվեցի քեզ...

Ինչ որ դեռ դուրս մնաց իմ երգերում գրած՝
Իմ կրքերի կարմիր ավազի մեջ,—
Ինչ որ տալու էի ես աշխարհում նրանց—
Կյանքում տվեցի քեզ, իմ Նավզիկե՛։

Ուղիներում կյանքի, բիրտ օրերում մեր այս,
Ինչ-որ կարոտ էր, հուր — ես տվի քեզ,
Որ չըմնա երա՛զ էլ, որ երազեմ նրանց,
Որ չկանչե էլ ո՛չ մի Նավզիկե։—

Սակայն կրկի՜ն, կրկի՜ն նայադների նման,
Կարոտների ձայնով կանչում են ինձ,
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Թե ինձ տալով միայն— մահու կսկիծ։—

Ո՛չ գգվանքներս՝ քեզ շռայլորեն ցրած՝
Գիշերներիս կարմիր երազի մեջ,—
Ոչ կարոտներս անհուն՝ իմ երգերում գրած,—
Չսպառեցին կարոտն իմ, Նավզիկե՛։—

Նայադների՜ նման, նայադների՜ նման,—
Կարոտների կանչով կանչում ես ինձ,
Եվ կանչելու ես ինձ, քանի կյանքում դեռ կամ,
Խոստանալով ինձ սեր, տալով— կսկիծ...

Եվ կկանչեն նրանք մինչև անշնչացած՝
Վայրկյաններիս վերջին երազի մեջ՝
Ինձ համբուրե, իբրև իր Ուլիսին տենչած՝
Վերջին շնչիս կառչած իմ Նավզիկեն...

1936. 21. IX


  1. Նավզիկե — Հոմերոսի «Ոդիսականում» Նավզիկեն կամ Նավսի–
  2. եբենյա, եբենոսյա — եբենոսից՝ եբենոսի փայտից (սևափայտից) պատրաստած: