Հուզվում է ծովն անլույս, մըռայլ գիշերին,
Գոռ մըռնչում, որպես առյուծ վիրավոր.
Մերթ կատաղի ցատկում ժայռոտ ափերին,
Մերթ թուլացած՝ քաշվում խորքերն հեռավոր...
Լուռ կախվել են երկնից գուժկան, սև ամպեր...
Չար սուլում է մոլեգնածուփ, ժանտ քամին.
ժամն է ահեղ, դըժոխաշունչ, մահաբեր —
Ահռելի՜ է տարերքի խաղն այդ ժամին...
Բայց մի անահ նավորդների քաջ խըմբակ
Ծովի խորքից — այդ ծովահույզ խավարում.
Խոր ճեղքելով ալիքները դըժընդակ.
Իր հաղթ նավը դեպի ափն է նա վարում...
Վարում է քաջ. վարում, կռվում անընդհատ,
Նըրան պայքարն ավելի՜ է ուժ տալի.
Նըրա կըրծքում վառ շողում է ջերմ հավատ —
Պիտի հասնի — նավահանգիստ ցանկալի։
Ո՛վ ընկերներ իմ ոսկեվառ խոհերի,
Որ ներշնչված ապագայի հույսերով,
Դուք ձգտում եք միշտ վարդաշող օրերի՝
Մեր ծով կյանքի փոթորկի դեմ կըռվելով.
Կըռվե՛ք անվախ, կըռվի կոչե՛ք փոթորիկ,
Առա՛ջ տարեք կյանքը այս ժանտ խավարում.
Դո՛ւք էլ՝ հերոս նավորդներ եք, սիրելի՛ք,
Իմ հայրենի ծով ալեկոծ աշխարհում...