Նոճիին քով

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Նոճիին քով

Հերանուշ Արշակյան


Նոճիին քով


Կես գիշեր է. սենյակիս մեջ առանձին
ու մինակ,
Կռթըներ եմ պատուհանիս եզերքին
տխրունակ,
Նայվածքս հեռու՜ն` անհունին մեջ կապույտին
կորսված,
Մտածումներս մտքիս մեջ կը պտուտքին
տխրամած:
Դեմս է խաղաղ հանգստարանն ալ վերջին
շատ տրտում,
Ուրտեղ խեղճուկ շատ ոսկորներ կը հանգչին
անհատնում.
Կես գիշերվան հովը մեղմով կը շարժե
սա նոճին,
Ու կը հպի վարագույրին շղարշե
մահիճին.
Որչափ որ մութ է գիշերը, որչափ սև`
սա նոճին.
Այնքան սև են ցավեր սրտիս արդարև,
որ կաճին.
Օրին մեկը, թե որ ես ալ հոն պառկիմ,
նոճին քով,
Ո՞վ է, որ զիս պիտի հիշի տրտմագին
ու սիրով...