Jump to content

Նորից դեպի ահարկու քաղաքը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նորից դեպի ահարկու քաղաքը

ՆՈՐԻՑ ԴԵՊԻ ԱՀԱՐԿՈԻ ՔԱՂԱՔԸ

Մեր նավը կանգնած է Շերբուրդի ծովափից հեռու:Երեկոյան,երբ օվկիանոսի թանձր ու մռայլ ստվերները փռվեցին, սկսեց վառվել նա՝ ինչպես մի վիթխարի խարույկ ամայի ու մութ տարածության մեջ: Դեկտեմբերին ահարկու է օվկիանոսը, գոռալով թավալվում է, հևում, գալարվում, պտույտներ է գործում հեռվում, գիշերային և ահավոր հեռվում: Oվկիանոսի բացից գոռումներ են լսվում,վիթխարի,ահեղ ռիթմով: Դա օվկիանոսի երգն է:

Սանդուղքները քաշեցին, փոքրիկ նավակները բարձրացան և սպիտակ խոշոր Հավերի նման թառեցին նավի կողմերին: Հանկարծ սկսվեց մի բան խռխռալ, սկզբում անախորժ, բայց հետո դարձավ մի վայրենի ռիթմ: Խարիսխներն են վեր քաշում, նավի հետնակողմն սկսում է փրփրել, մութ ծովն սկսում է սպիտակել, շարժվում է արդեն նավը: Բոցավառվող նավը մի հսկա լապտերի նման սկսում է սութալ անհատակ ջրերի մակերեսին:

Ծովը մռնչում է դուրսը, մենք նստած ենք ընթրիքի սեղանների շուրջը, եթերվում ենք և ուտում: Շատերը հետզհետե քաշվում են կաբինները. նրանք չեն դիմանում նավի եթերումին, նոր են զգում, որ աշխարհն ինքը եթերվում է ու դառնում:

Իջնում եմ իմ կաբինը:Չորս հոգի ենք կաբինում: Մյուսներն արդեն տեղավորված են, երկարել են իրենց նեղ մահճակալների վրա և հանգստանում են: Մեկը քիթն է խառնում:

-Կամ հույն է, կամ հայ,-մտածում եմ: Մի հարցում եմ ուղղում քիթ խառնողին անգլերեն լեզվով: Պատասխանում է անգլերեն, բայց «Հ» տառը «խ» է արտասանում:

- Հույն է,- եզրակացնում եմ,- թերևս թուրքերեն կարող են խոսել:

- Այո, կարող եմ, բայց չեմ ցանկանում խոսել,- պատասխանում է կոպտաբար:

Լռում եմ և մտածում: Հույների շովիզները հասել է իր ամենագարշելի գագաթնակետին: Ու՞ր են գնում այդ հույները, ի՞նչ բանի են ձգտում, որտեղի՞ց են ստանում նրանք հպարտության և անմիտ գոռոզության այդ ձևերը:

- Թերևս դուք կարծում եք, որ ես ցանկանում եմ հունարե՞ն խոսել,- հարցեր հույնը:

-Երևի:

-Ոչ էլ հունարեն, բարեկամ, մանավանդ հունարեն, թերև ուզենամ մեկ-մեկ թուրքերեն խոսել, բայց հունարեն՝ երբեք:

50-ի մոտ մի մարդ է խոսակցել առանց թարթիչների, դեմքի մանավնդ ձերքերի վրա այնքան տանջանք նմուշ է։ Այտություւնյդ տանջանքն է, թերևս, որ նրան տալիս է անսահման բարի մարդու արտահահատություն։ Երբ կանգնեց, ես տեսա,որ նա կորացամակ էր։ Թվում էր, որ ծանր բեռի ակ տնքում է։

-Այո, հունարեն երբեք չէմ ցանկանա խոսել,- կըրկնեց նա:

Հառել եմ իմ աչքերը նրան ապշությամբ:

-Ավելի լավ է ոչ մի լեզու չխոսենք,- ձայնեց մեր կաբինի բնակիչներից մեկը, որ վերևի մահճակալումն էր պառկած:

-Նախընտրում եմ ոչ մի լեզու չխոսել,որպեսզի հանկարծ մի հունարեն բառ չասեմ,- զայրութով պատասխանեց նա:

-Բայց դուք գիտեք, որ եվրոպական բոլոր լեզուները լեցուն են հունական բառերով,-ասում եմ մեղմ տոնով, նպատակ ունենալով չվիրավորել իմ նավակցին:

-Բոլոր լեզուներն էլ գետինը մտնեն, անգլերենն էլ, մյուսն էլ, մյուսն էլ,-բարկացավ հույնը և պապիրոսը վառելուցհետո վառած լուցկին նետեց հատակին:

-Իմ լեզվի հետ ինչ գործ ունեք,- հանկարծ մեջ ընկավ մեր կաբինի չորրորդ ճամբորդը: Պարզ էր,որ նա: Անգլիացին այդպիսի չնչին հարձակումներից չի պաշտպանվում:

Մի ժամ հետո մենք սկսեցինք թուղթ խաղալ, և հայտնաբերվեց ազգությունների հետևալ պատկերը:

Քիթ խառնողը հույնն էր, անունն էր Պրոդոլոս,բայց որովհետև նա միք քիչ կակազում էր իր անունն արտասանելիս, դուրս էր գալիս Պրոդոբոբոբոլոս. այդպես էլ մենք շարունակեցինք արտասանել նրա անունը: Երկրորդը, որ առաջին անգամ խոսքի խառնվեց և նեղացած ասաց, որ ՙՙավելի լավ է ոչ մի լեզու չխոսեք՚՚,նա էլ հույն էր,անունն էր Բալաթաճիս, իսկ երրորդ,որ ուղեց պաշտպանել անգլերեն լեզուն,իռլանդացի էր և անունն էր Բրեմըր:

Թղթախաղի ընթացքում Բրեմըրը ժամացույցին նայեց և ներողություն խնդրեց գնալու և շուտով վերադառնալու:

-Գնամ,մադամներիս կերակրեմ ու գամ,-ասաց և դուրս էր գնում,երբ Բալթաճիսը նրան կանգնեցրեց:

-Ես էլ եմ ուզում գալ,ուզում եմ շոյել մադամներիդ,-ասաց:

-Խնդրեմ,-պատասխանեց իռլանդացին, և նրանք միասին դուրս գնացին:

Ես և Պրոդոբոբոբոբոլոսն իրար երես նայեցինք ապշությամբ:

-Ինչ մադամներ են դրանք, որոնց կարելի է շոյել,-հարցրի:

-Ով է իմանում,երևի Եվրոպայից անառակ կանայք փոխադրող է.Ամերիկայում ֆրանսուհիները շատ են փնտրվում: Ամեն միջոցով փող են աշխատում այդ սրիկաները:

Սկսեցի մտածել,բայց չկարողացա ոչ մի եզրակացության գալ, երբ Բրեմըրը և Բալթաճիսը ներս եկան:

-Լավն են, շատ լավն են,-ասաց Բալթաճիսը և նստելով մեր մահճակալների վրա հարցրեց.- որ տեղից ձեռք բերիր:

-Ֆրանսիայից,-պատասխանեց Բրեմըրը,-բայց թանկ են, չգիտեմ, թե Ամերիկայում կհաջողեմ թե ոչ, ծախսը մեծ է:

-Շարունակենք խաղալ,-առաջարկեց Բալթաճիսը:

Ես չպատասխանեցի, բայց նշմարեցի, որ Պրոդոբոբոբոբոլոսը հուզվեց և չկարողանալով համբերել աղաղակեց.

-Ես հրաժարվում եմ կանանց միչնորդների հետ քարախաղալ, առավոտյան կխնդրեմ նավապետից փոխել իմ կաբինը:

-Բանն ինչումն է,-զսպված տոնով հարցրեց Բալթաճիսը:

-Ես զզվում եմ,երբ մարդիկ Եվրոպայից աղջիկներ են տեղափոխում Ամերիկա փող վաստակելու համար,-ասաց Պրոդոբոբոբոբոլոսը:

-Ինչ աղջիկներ, ինչ եք խոսում, բացատրեցիք:

-Ապա ինչ մադամներ են,որոնց այս մարդը փոխադարում է Ամերիկա:

Բալթաճիսը և Բրեմըրը սկսեցին լիաթոք և անճոռնի ծիծաղելու: Բրեմըրը հազիվ կարողացավ հասկացնել, որ այդ մադամները էգ շներն են, որոնց Բրեմըրը տանում է Ամերիկա խառնելու ամերիկյան ուրիշ շնային ցեղերի հետ:

Պրոդոբոբոբոբոլոսի բարկությունն իջավ, ամաչեց, ժպտաց, ձեռքը երկարեց Բրեմըրըին և անկեղծությամբ, ներողություն խնդրեց:

-Դու լավ մարդ ես,-պատասխանեց Բրեմըրը,- ներում եմ և ուրախ եմ, որ քեզ հանդիպել եմ իմ կյանքում:

Շարունակեցինք թղթախաղը:

Հանկարծ մի շառաչյուն լսվեց,կաբինեներից մարդիկ դուրս վազեցին, մենք էլ դուրս պրծանք մեր կաբիններից: Կորիդորներում ես հանդիպեցի այն մարդկանց, որոնք վախեցած ետ էին դառնում: Նրանք սարսափից ահաբեկված դեմքեր ունեին: Շատերը մինչև անգամ աղաղակում էին:

-Փախեք,փախեք:

Ցամաքի այդ միամիտ մարդիկ կարծում էին,որ կարելի է նավից և ծովից փախչել: Ես միայն ցանկանում էի տեսնել մի որևէ նավաստու դեմք. դա իսկույն կպարզեր բտանգ էա թե ոչ:

Սանդուղքերներով վեր բարձրանալիս ինձ այնպես թվաց, որ հարյուրավոր կակուղ մտրակներով ինձ խփեցին, բայց երբ ամբողջովին թրջվեցի, զգացի, որ ջրի խոշոր մի հոսանք էր, որ տախտակամածի դռներից վար էր խուժում: Շարունակեցի վեր բարձրանալ:

-Վտանգի ժամանակ ավելի լավ է լինել բաց օդում, քան ներքևը, անանցանելի լուսամուտներով կաբիններում,-մտածեցի:

Ջրի հոսանքը մի պահ դադարեց, ես կարողացա նավի պատերի վրա ամրացված երկաթյա ձողերից մեկը բռնել և ապահովվել ջրի հոսանքից քշվելուց:

Հանկարծ իմ առաջից անցան մի խումբ նավաստիներ. նրանց դեմքի վրա ամենափոքրիկ երկյուղի նշան անգամ չկար. ուրախ էին այնպես, ինչպես ծովի մարդիկ ալեկոծության ահեղ ժամին: Մի քանի րոպեում նավաստիներն արդեն փակել էին ներքևի հարկերը տանող բոլոր անցքերը և միանգամայն ապահովել նավի ներքնակողմը ջրի հոսանքից: Ես մնացի վերրևը, բաց տախտակամածի վրա: Ներքև իջնելն անհնար էր այլևս:

Օվկիանը բարկացել էր արշալույսին, հազարապատիկ ավելի, քան կես-գիշեր: Մեզ շրջապատում էին բարձրաբերձ և ոռնացող ալիքները,փրփրոտ և թանձրամութ ծովը, ծանր, սև և կախ ընկած ամպերը: Մեր նավն էլ էր կատաղել, մխրճում էր իր առաջաքիթը ջրի մեջ, վիթխարի քանակությամբ ջուր վերցնում, բարձրացնում վեր, ամբողջովին լվացվում և ահարկու շառաչյունով իր կողքերից և ետևից ծովը թափում:

Ծովի աշխատավորները բոլորն էլ բաց օգնում են,ոմանք կայմերի,կամրջակի վրա,մյուսները խարիսխի մոտ. շատերը քանդել են փոքրիկ նավակները և սպասում են մի ազդանշանի:

Ոչ մի մեքենա այնպիսի ճշտությամբ, այնպիսի ռիթմական, զարնվում կողերին, օրորում նավը, բայց նավը անարգել և արհամարհական սլանում է առաջ, ճեղքում կոհակները: Ծովի աշխատավորները նման չեն հողի աշխատավորներին. նրանց ճակատների կնճիռներն ալիքանման են և նման չեն հողի ակոսների, նրանց աչքերը հանգիստ և բավական չեն հողի և արևի նման, նրանք զայրացած աչքեր ունեն, կիտած հոնքեր. նրանց նայվածքը տարածուն է, հորիզոնապարփակ, նրանք չունեն հողի աշխատավորների խուճապը, երբ հեղեղ է գալիս: Նրանք դիմադրում են վիթխարի օվկիանոսի զայրույթին, ինչպես հողի աշխատավորը դիմադրում է ամբողջ ձմեռն արև չտեսած իր եզան ցասումին:

Հողի աշխատավորը քարեր է հավաքում, աննշան, ամենանուրբ քամուց իր գլուխը ծռող խոտեր է դիզում իրար վրա, փոքրիկ ցորենի հատիկներից բերդեր է շինում, բայց ծովի աշխատավորը կռվում է միշտ, տարածում է թևերը հողմերի, որոտների դեմ, բաց ծովում: Երբ կատաղում է բնությունը, երբ բնության տարերքը ոռնում է, գալարվում, թավալվում, նյարդային հևում, ինքն իրեն փշրում, հողի աշխատավորը քաշվում է իր խրճիթը, փակում լուսամութները և սպասում՝ մինչև բնությունը հանգստանա, մինչև տարերքը հոգնի, թուլանա, դիտապաստ ընկնի, բայց ծովի աշխատավորը հենց բնության զայրույթի, վերիվայրումների, մռնչումի և որոտի ժամանակ վազում է դեպի բաց օդը՝ բնության կատաղության հորձանքի հանդեպ. դրա համար է, որ նրանք զայրացած աչքեր ունեն, կիտած հոնքեր:

Օվկիանն սկսում է հանդարտվել, ամպերն սկսում են սպիտակին տալ, ջուրը կապտանում է, ամպերը, սպիտակելուց հետո, բարձրանում են և ցրվում, բացվում են նավի բոլոր դռները: Իջնում եմ ներքև, փոխում եմ շորերս: Պրոդոբոբոբոբոլոսը սրահից գալիս է մեր կաբինը:

— Մենք կարծեցինք, որ հորձանքը ձեզ քշեց, — աղաղակեց նա, — շատ ցավեցինք, մինչև անգամ ուզում էինք արձանագրություն կազմել իրերիդ մասին: Լավ որ չես մեռել, քարտ կխաղանք:

— Իսկապես ո՞ւմ հետ պիտի խաղայիք, մանավանդ, որ վերջին ձեռքը չվերջացրինք, — պատասխանեցի: Բրեմըրը չկար, վազ էր տվել «մագամների» մոտ, որոնց ոռնոցը ես լսում էի երբեմն ալեկոծության ժամանակ։

Ես և Պրոդոբոբոբոբոլոսը էլի բարձրանք նավի տախտակամածի վրա։ Օվկիանոսը բոլորովին հանգստացել էր, արևն իր ամբողջ փառքով, որ հազվագյուտ է դեկտեմբերյան դաժան օրորին, փռվել էր օվկիանոսի վրա, ծույլ–ծույլ օրորվող ջուրը տեղ–տեղ փայլում էր ադամանդի նման և անդրադարնալով արևի շողը՝ խտխտացնում էր մեր աչքերը, ինպես հայելուց անդրադարձնող լույսի ճաճանչները: Հսկա ձըկներ գլուխները վեր էին բարձրացնում, թռչւմ էին օդի մեջ, կոր գիծ կազմուն և էլի մխրճվում իրենց լույծ և անհատակ անկողինը: Նավը մաքրվել էր, ինչպես նոր սրբած ապակի, ամբողջ մարմնով նա լողացել էր ջրում, իսկ հիմա հաթական, հանգիստ օրօրումով ճեղքում էր օվկիանոսի անհուն տարածություն:

-Նավի ետևը երկար, սպիտակ ճանապարհ է բացվել, տես,-ասացի Պրոդոբոբոբոբոլոսին:

-Ետևը

-Այո, ետևը

-Դեպի ետ երբեք չեմ նայի, մինչև անգամ դժվարությամբ եմ դիսում նավի երկու կողքեը,- պատասխանեց նա:

-Ինչու՞

-Չէ որ մեկը ետևը Հունաստանն է. եռբեք չեմ ցանկանում վերադառնալ Հունաստան, մինչև անգամ հայացքով:

- Ես դ՛եզ բոլորովին չեմ հասկանում,- ասացի,- բացատրեք ինձ հայրենիքը, արվեստի և փիլիսոփայության հին հայրենիքը:

- Արվեստի և փիլիսոթայության հը,- ցավագին ծիծաղեց Պրոդոբոբոբոբոլոս,- ինչ արվեստ, ինչ հայրենիք,այտեղ հազարավոր ավազակներ կան, որոնց գլխավորներն են Վենիզելոսը և Կոստանդին թագավորը, ուրիշ ոչինչ:

-Խնդրում եմ՝ բացատրեք:

-Գնանք քարտ խաղանք,- վերջապես նա:

Կամրջի վրա մենք հանդիպեցինք Բրեմըրին և Բալթաճիսին, իջանք կաբինը և շարունակեցինք քարտ խաղալ:

Կամրջակի վրա մենք հանդիպեցինք Բրեմըրին և Բալթ Խաղի ընթացքում Բրեմըրը և Պրոդոբոբոբոբոլոսը սկսեցին իրար հետ կռվել:

-Դուք փաս ասացիք,- պնդում էր հույնը:

-Ես փաս չեմ առել,- պնդում էէր իռլանդացին:

-Դուք ստախոս եք,- գոռաց հույնի գլխին իջեցնելու, երբ ես և Բալթաճիսը խոստովանեց , որ փաս ասողն ինքն է եղել, ես էլ հաստատեցի: Պրոդոբոբոբոբոլոսը հավատաց, ձեռքը երկարեց Բրեմըրին, ժպտուն և խեղճացած հարեց.

-Եղբայր իմ, ներողություն եմ խնդրում:

Բրեմըրը անկեղծ և խոր բավականությամբ ժպտաց, բըռնեց իրեն երկար ձեռքը, ուժգին սեղմվեց և ձախ ձեռքով էլ թափ տվեց նրա ուսը:

-Լավ,լավ, շարունակենք,-ասաց:

Մենք շարունակեցինք խաղը:

Խաղի ընթացքում Բալթաճիսը ծաղրում էր Պրոդոբոբոբոբոլոսին:

-Դու ով ես, որ Հունաստանի արժեքը, մեր փառապանծ հայրենիքի արժեքը, մեր փառապանձ հայրենիքի արժեքն իմանաս,-ասում էր:

-Ես քո հայրենիքի ամբողջ կշիռը գիտե,- պատասղանում էր Պրոդոբոբոբոբոլոսը և մի «թագավոր» խփում սեղանին, ասելով.- այս թագավորն ավելի արժեքն ունի ինձ համար, քան քո Կոստանդին թագավորը:

-Դուք շատ եք առաջ գնում,-բղավեց Բալթաճիսը:

-Ես գնում եմ, բաըց դուք առդեն գնացել եք, եթե շատ երկարացնեք, ջրի շիշը ձեր գլխին կտամ:

-Դուք ինձ անպատվում ոք անձնապես:

-Քեզ էլ, քո թագավորին էլ,- աղաղակեց Պրոդոբոբոբոբոլոսը և թքեց գետնին:

Բալթաճիսը ձեռքը մեկնեց իր անկողնի երկացրեց գավազանին, Պրոդոբոբոբոբոլոսն էլ ձեռքը երկարեց ջրի շշին և բռնեց հակառակորդի վզից, բայց Բրեմըրը բռնեց Բալթաճիսին և ես էլ՝ Պրոդոբոբոբոբոլոսին:

Եթե այսպես շարունակեք,- սկսեց Բրեմըրը,- մենք կդիմենք նավապետին և կխնդրենք, որ մեր կաբինը փոխեն. մենք չենք ձեզ հետ ապրել: Երկու հույներն էլ իրենց կռվի «գործիքները» տեղները դրին և լռեցին:

— Ես կարծում եմ, — ասացի ես, — որ Պրոդոբոբորոբոլոսն իրավունք չուներ խնդիրն անձնականի վերածելու:

— Հարցը հենց դրանումն է, — պատասխանեց Բալթաճիսը, — կարող էր ամեն բան ասել, բայց իմ անձնական արժանապատվությանը չդիպչել:

— Միթե դուք դրա՞ համար վիրավորվեցիք, — հարցրեց Պրոդոբոբորոբոլոսը:

— Այո, դրա համար:

Պրոդոբոբոբոբոլոսը մի պահ լռություն պահպանեց, հետո աչքերը հառեց Բալթաճիսին և երկար նայեց. նրա աչքերն անզգալի կերպով խեղճացան, դարձան բարի, ներող և աղաչական:

— Դու ինձ պետք է ներես, իմ սիրելի Բալթաճիս, — ասաց Պրոդոբոբորոբոլոսը, — ես ուզում էի անպատվել Հունաստանի թագավորին և նախկին պրեմիերին:

— Չեմ կարող ներել ձեզ, — բղավեց Բալթաճիսը:

Բրեմըրը զայրացավ:

— Իրավունք ունի Պրոդոբոբորոբոլոսը, քեզ էլ, քո թագավորին էլ, երբ դու չես կարող ներել այս թանկագին մարդուն:

— Խնդրում եմ դուք չկռվեք Հունաստանի համար. այսօր եթե չների, վաղը կների, — միջամտեց Պրոդոբոբորոբոլոսը:

— Ես զարմանում եմ քեզ վրա, — ասացի ես Բալթաճիսին:

Բալթաճիսը չպատասխանեց: Կաբինում տիրեց ծանր լռություն:

— Ես կրկին ներողություն եմ խնդրում, — խզեց լռությունը Պրոդոբոբորոբոլոսը:

Բալթաճիսը ոչ անկեղծորեն, այլ մեզանից ամաչելով` ձեռքը երկարեց իր հայրենակցին առանց որևէ խոսքի, գլուխը վեր չբարձրացնելով: Խաղը չշարունակեցինք: Պառկեցինք և սկսեցին օրորվել նավի հետ:

Մի քանի օր անց, կեսօրից հետո ժամը 6-ին կորիդորում մի ձայն լսվեց: - Նյու-Յորքը երևում է արդեն:

Մենք բոլորս էլ բարձրացանք վեր: Նյու-Յորքի բարձրաբերձ շենքերի գագաթները մխրճված էին դեկտեմբերյան մռայլ և թանձր ամպերի մեջ, բայց վիթխարի քաղաքն այրվում էր միլիարդավոր և էլեկտրական լույսերի ծովում: Նավն արագորեն մոտենում էր նավահանգստին: Ահա անցնում ենք Ազատության արձանի կողքով: Ջահը ձեռքին, այս հսկա արձանը դեմքը դարձրել է Եվրոպային՝ պաշտպանելու համար իր դոլլարների լեռնակուտակ դիզերը, երկաթը, պողպատը, կեղտը, ոսկին ու ածուխը: Ոչ մի՛ սիմվոլ այնքան չի արտահայտում կապիտալիզմի ամբարտավանությունը, որքան այդ «ազատության» արձանը:

Երբ նավահանգստին մոտեցանք, մեզ պաշարեց վիթխարի քաղաքի ահեղ աղմուկը, որ գալիս էր աշնան քամու նման, դղրդագին մի աղմուկ, որ նման էր հեռավորր, սև և մեծ անտառում իրար հոշոտող գազանների խուլ մռնչոցին:

Հանկարծ նշմարեցի, որ Պրոդոբոբոբոբոլոսը լաց էր լինում. նրա արցունքները կաթիլ-կաթիլ գլորվում էին աչքերից ներքև և քթի երկու կողմերի ճեղքերից ծորում էին շրթունքների վրա: Նա դողում էր, դողում էր՝ ինչպես մի բանից վախեցող մանուկ, որ չի ուզում իր վախն զգացնել: Առանց տատանվելու՝ մոտեցա նրան, բռնեցի ձեռքը և ուժգին սեղմելով՝ հարցրի.

— Ինչո՞ւ եք լաց լինում, ի՞նչ պատահեց:

— Շատ բան է պատահել, — հազիվ մրթմրթաց այդ բարի և միամիտ հույնը:

— Ասացեք, ի՞նչ է պատահել:

— Շատ բան, շատ բան, — պատասխանեց ինձ Պրոդոբոբոբոբոլոսը և իմ ձեռքից բռնած՝ տարավ նավեզրը, ուր մարդ չկար կանգնած:

— 27 տարի եմ ապրել այս սարսափելի քաղաքում, — սկսեց նա: — Պատանի էի, որ Ամերիկա եկա առաջին անգամ: Երկրում կորցրել էի ծնողներիս, քույրս ամուսնացել էր: Սարսափում եմ հիմա 27 տարվա հիշողությունից: 27 տարի առաջ ես եկա Նյու-Յորք պարտքով, առանց որևէ ծանոթի, առանց անգլերեն մի բառ գիտենալու: Առաջին անգամ աշխատանք գտա սառույցի ընկերության մեջ: Ամբողջ վեց տարի, ամեն առավոտ, պարտական էի վեր կենալ ժամը 4-ին և սկսել կառքի միջից մեծ կտոր սառույցներ երկաթե ճանկերով բռնել, նետել կռնակիս վրա՝ Արևելքի մշակների նման և բաժանել բնակարանները մինչև ժամը 12: Շաբաթական ստանում էի 6 դոլլար, 6 դոլլարից մի գումար էի ավելացնում պարտքերս վճարելու և մնացածով ապրում: Ապրում էի ավելի վատ, քան որևէ անասուն, նկուղում, օրերով առանց տաք կերակրի: Սառույցի ընկերությանը ծառայեցի ամբողջ վեց տարի, և շաբաթականիս վրա միայն 50 սենտ ավելացրին: Վեցերորդ տարվա մեջ մի օր, երբ ժամը 3-ին զարթնեցի պատրաստվելու և գնալու, զգացի, որ ոսկորներս ցավում են. շարունակեցի հագնվել, բայց գտա, որ անկարելի է գործի գնալ. մնացի սենյակում և չկարողացա գործի գնալ ամբողջ տասն օր:

Տասն օրից հետո երբ գնացի, ինձ հանել էին բանվորների ցուցակից. գլխիկոր վերադարձա, մի քանի շաբաթ անգործ մնալուց հետո գործ գտա մի երկաթագործարանում, շաբաթական երեք անգամ ավելի վարձով, քան սառույցի ընկերության մեջ: Երջանիկ էի զգում ինձ, որ աշխատանքս 50 անգամ ավելի ծանր էր, բայց շաբաթականս ավելի էր: Երկաթագործարանում աշխատեցի ամբողջ 21 տարի, երկաթ հալող արևավառ հնոցի առաջ: 21 տարվա ընթացքում երեսս և ձեռքերս խանձվեցին, այրվեցին, կարծես կես դար ամբողջ հարավի կիզիչ արևի տակ էի աշխատել: 27 տարվա ընթացքում 3 000 դոլլար փող աշխատեցի և մի օր էլ որոշեցի վերադառնալ հայրենիք, մի փոքրիկ տուն շինել և ապրել դառն կյանքիս վերջին տարիները: Վերադարձա իմ հայրենի գյուղը. շատ քչերն ինձ ճանաչեցին, այնքա՜ն տարիներ էին անցել: Շատերն ինձ խորհուրդ տվին հող գնել և հորս նման հողագործությամբ պարապել, բայց հոգնած էի զգում ինձ և նախընտրում էի միայն հանգստանալ:

Ամերիկայում խնայած բոլոր փողերս տարա քաղաք և դրի բանկում: Ուրախ էի, որ տոկոս էի ստանալու. այդ տոկոսով և փոքրիկ աշխատանքով պիտի կարողանայի ապրել: Ամեն անգամ, որ հիշում էի, թե վերադարձել եմ Ամերիկայից, ուրախանում էի՝ ինչպես մի փոքրիկ մանուկ. ուրախ էի, որ ամեն առավոտ չեմ լսում գործարանի սուլոցը կամ հանդիպում վերակացուին:

Բայց հազիվ էր երկու ամիս անցել, երբ սկսվեց Հելլենո-Թուրքական արշավանքը: Երկիրն ամբողջ խառնվեց իրար, մթերքների գները բարձրացան և գրախմինինը (հունական թղթադրամ) ընկավ հասարակ թղթի հավասար: Ամբողջ 27 տարվա իմ աշխատանքի, քրտինքի, արդյունքը մի օրվա մեջ փոշու հավասարվեց, և ես մի օրում աղքատացա այնպես, ինչպես 27 տարի առաջ, երբ դեռևս հայրենիքումն էի և Ամերիկա չէի գնացել: Ահա թե ինչու ատում եմ ես Հունաստանը՝ փիլիսոփաների հայրենիքը: Այդ արշավանքի կարիքը երբեք չկար, արյունը հոսում էր հարուստների համար, որպեսզի ավելի ու ավելի հարստանան:

Ահա նորից վերադառնում եմ այս սարսափելի, ահարկու քաղաքը, վերադառնում եմ պարտքով, ուզում եմ գնալ հնոցի առաջ և խանձել իմ կյանքի վերջին տարիները:

Այս րոպեիս ականջներս ամբողջ լցված են մեքենաների ճռճռոցով, ինձ թվում է, որ մեռած մարդկանց ոսկրներն են ճարճատում, ինձ թվում է, որ հազարավոր կմախքների ծնոտներ կափկափում են, սիրտս ճմլվում է, երբ լսում եմ Նյու-Յորքի աղմուկը, հոգուս վրա ամպեր են կուտակվում, երբ տեսնում եմ այս փառահեղ քաղաի ծուխը:

Պրոդոբոբոբոբոլոսը թափեց դառն ու աղի արցունքներ, հետո կարմրած և առանց թարթիչների աչքերը չռեց վիթխարի քաղաքին: Նրա աչքերում սարսափ կար, դեմքի մկանունքները խաղում էին, և լուռ էր:

Նավը մոտեցավ նավահանգստին, կամրջակը գցեցին նավից դեպի ամերիկյան ցամաքը, սկսեցինք դուրս գալ: Մաքսային ձևականությունները կատարելուց հետո Պրոդոբոբոբոբոսը բռնեց ձեռքս, սեղմեց և ասաց.

— Մնաք բարով, ո՛վ է իմանում՝ կտեսնե՞ք իրար թե ոչ:

Նա գնաց, հրաժեշտ տվեց Բալթաճիսին և Բրեմըրին: Նրանք ծիծաղով նրան ճանապարհ դրին, որովհետև նրանք չէին լսել նրա կյանքի ողբերգությունը: Իմ հայացքը հետևեց նրան, մինչև նա կորավ ահարկու քաղաքի փողոցներում:

1929թ.