Նոր գինու և հին տիկերի մասին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նոր գինու և հին տիկերի մասին

Արա Պապյան

Սարգսյանի և Էրդողանի Վաշինգտոն այցից հետ (12-13 ապրիլի, 2010թ.) վերջնականապես պարզ դարձավ, որ թուրք-հայկական արձանագրությունները մեռած են: Մենք՝ հայերս, մի լավ խոսք ունենք. մեռած ա, թաղած չի: Հենց այս բառերով էլ կարելի է բնութագրել չարաբաստիկ արձանագրությունների վիճակը: Այսուհանդերձ, եթե մեկն ասի, որ այդ արձանագրություններն ի սկզբանե մեռելածին էին, ես չեմ առարկի:

Բա հիմա ի՞նչ անենք: Ես կարծում եմ, որ կարիք կա ոչ միայն արմատապես փոխելու մեր արտաքին քաղաքականությունը, այլև կենսական անհրաժեշտություն է վերարժևորելու դրա հիմքերը. ինքնին գործողության քաղաքականությունը պիտի փոխարինվի վերջնարդյունքի քաղաքականությամբ: Ի՞նչ է սա նշանակում իրական քաղաքականության մեջ: Սա նշանակում է ՀՀ անվտանգության և բարօրության համար բավարար կարելիությունների ստեղծում: Այսինքն, Հայաստանի և հայերի նկատմամբ իրականացված բոլոր սխալների շտկում: Ուրիշ այլընտրանք չունենք: Սա է այն միակ ուղին, որով մենք մեր տեղը կարող ենք ապահովել գլխապատառ առաջ ընթացող աշխարհում: Մենք այլևս կիսատ-պռատ գործեր անելու ժամանակի ճոխությունը չունենք:

Ճիշտ ուղղությամբ առաջին քայլն արված է: Նախագահ Սարգսյանի այցն ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի դամբարանին մեծ խորհուրդ ունի: Թեև դեռևս բազում են անորոշությունները, սակայն արդեն մի բան պարզից էլ պարզ է. այլևս հնարավոր չէ հայ-թուրքական հարաբերություններում ունենալ այն կիսաքուն վիճակը, որ ունեինք մինչև արձանագրությունները: Ներկայումս մենք ունենք էապես տարբեր իրավիճակ և որակապես նոր մարտահրավերներ: Հետևաբար մենք պետք է գործենք ըստ այդմ: Մենք միանգամայն նոր արտաքին քաղաքականության կարիքն ունենք: Չէ՞ որ ասված է. «Եվ ոչ ոք արկանէ գինի նոր ի տիկս հինս» (Ավետարան ըստ Մարկոսի, 2.22):

Հայկական հարցի լուծումն է հայոց պետականության հզորացման եզակի հնարավորությունը և հայ ժողովրդի հարատևման միակ ուղին:


13 ապրիլի, 2010թ.