Jump to content

Նոր հյուղակս

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նոր հյուղակս

Նոր հյուղակս



Ի՜նչ լուսակերտ և սպիտակ խրճիթ է այս,
Հստակ՝ ինչպես կույսի մ’հոգին,
Թշվառ՝ ինչպես ի՛մ հոգին.
Օ տրտմությունս ի՜նչ հեշտանքով պիտի ապրի
                                           այս երգին տակ..․

Երբ սկսի քերթվածն հիվանդ երկնքին՝
Ի՜նչ մտասույզ ու վերացած անդորրանքով
Կրնամ երեսըս ձեոքերուս մեջ ծածկել
Ու արտասվել...
Երբ մարդ կուլա խաղաղության երդին տակ՝
Իր աչքերեն, արցունքի տեղ,
Հոգիին մութ վարդե՛րն են որ կը մաղվին...
Եվ այդ բույրո՜վ է որ միայն մարդ կրնա,
Երբ սկսի քերթվածն հիվանդ երկնքին,
Ժպտի՜լ, ժպտի՜լ՝
Ցավին համար այս կյանքին...

Որքա՜ն կանաչ մարգերուն մեջ.
Որքա՜ն նվագ թռչունի.
Հարկավ ամեն իրիկուն, սա հեթանոս կատարներեն,

Հովը, մազերը թափած,
Կուգա երգել այս դրացի ու դյութական անտառին մեջ...
Խաղաղության ու Տրտմության այս հյուղակին սեմին նստած,

Երբ սկսի քերթվածն հիվանդ երկնքին,
Ինչպե՜ս, ինչպե՜ս պիտի ըմպեմ հաշիշը մութ գույներուն,

Ու երազեմ, աչքերըս գոց, նվաղագին,
Երբ սկսի քերթվածն հիվանդ երկնքին...