Jump to content

Նույն գլխարկի տակ կամ՝ ուղղակի ղարաբաղյան շուկա

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Նույն գլխարկի տակ կամ՝ ուղղակի ղարաբաղյան շուկա
ՆՈՒՅՆ ԳԼԽԱՐԿԻ ՏԱԿ ԿԱՄ՝ ՈՒՂՂԱԿԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՇՈՒԿԱ


«Շլորաչի՜ր, շլորաչի՜ր, կըլխըցավի դեղ՝
                                թեյ խմելու։ Մուղանի նուռ»։

Ելնելով մարդասիրական մղումներից, կկուն
շարունակում է իր ձագերին մեկ-մեկ ձգել
ցած, նախ՝ որպեսզի
Թումանյանը հասկանա, ի վերջո, որ չարը վերջ չի ունենում,
երկրորդ՝ որ աղա աղվեսը հանկարծ սովից չմահանա։

«Լենինն իմ մեջ է, քո մեջ է, նրա մեջ է,
                               Լենինը կա». միրուքը շոյում,
կանչում-անցնում է գիժ գրավաճառ Քաշկուտանդրոսը»։

Դրամական շրջանառության մեջ դրված ժպիտների
փոխարժեքը գանձել՝ ըստ
շուկայական հարաբերությունների դինամիկ աճի եւ
Ջորջ Սորոսի գլոբալիզացիայի մասին նոր ցուցումների։
                                       Ի դեպ, ԱՄՆ-ն,
ի դեմս Թուրքիայի, սնում է մի գայլի,
                                որ պիտի ուտի իր կովերին։

«Շոշի կընանչի, «Մերսեդեսի» ռոլ։ Թազա կռվահարս*...
                                        Դեռ բանեցված չի»։

Ստեփանակերտի պետթատրոնի հիմնադիր
                                         Կարո Ալվարյանին
ս.թ. սեպտեմբերի 1-ից ազատել զբաղեցրած պաշտոնից՝
պրոֆեսիոնալ ցածր մակարդակի,
ժամանակից խիստ ետ մնալու,
ինչպես նաեւ թատրոնը վաստակած թոշակի
                                անցնելու կապակցությամբ։

«Հուրը ջան ցվեսա՝ թամուզ արջի եղ։
                                Պուպու ճղուպուր։ Սվեժի բաքմազ»։

Բաքու-Ջեյհան նավթամուղը պրծնելուց հետո,-
                                հնչում է սահմանի
վրա, - սկսել Ջեյհան-Բաքու նավթամուղի կառուցապատումը:
Իսկ առաջին գծից դեսը` այնքան էլ ոչ հեռու, գզում են իրար
կարկատանաշորից «բիրդան»
                                 դոլարների լվացմանն անցած
կուսակցությունները, որոնք
աճում են անասելի արագ՝ մեռելի բեղ ու մորուսի նման։

«Հավի պանիր, սոխ։ Մին պատառ՝ տիժար։ Մկնդեղ, աքեր,
                                 կարող ա սարի արջ էլ սպանել»։

Երեւանյան կասկադում վեր խոյացած Սեւ կատվի
հուշահամալիրի «ֆիլիալն» անպայման բացել
Ստեփանակերտում՝ պատահած պատի ներքո, ուր
պատգամավորության թեկնածուներն
                               այնպես են բարձրերից նայում
երես թեքած անցորդներին, որ
ասես պատերն են փակցված իրենց նկարներին եւ
                               ոչ թե՝ հակառակը։

«Լոբի, խիար։ Թխսկան**, ախպեր, իր տաս ճտերով, վրիպել
                               չունի։ Մածուն, մռամոշ»։

                                                 2005թ.
__________________
* Ինքնաձիգ:
** Ակնարկում է ատրճանակ։