Jump to content

Նվեր Ամիրյանի

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՆՎԵՐ ԱՄԻՐՅԱՆԻ

Ասա՛, Մուսա՛, ինչպես երգեմ,
Հնչեմ քնարս որպե՞ս.
Ինձ ո՞վ կտա նոր զորություն,
Եթե դարձյալ դու չօգնես։

5 Մուսա՜, հանգիր դու իմ վերա,
Լարե քնարիս թելերը,
Առաջնորդե իմ մատերիս,
Թող հնչե իմ քնարը։

Ինձի փչե աստվածային
10 Նոր զորություն, նոր ոգի,
Թռցրու ինձ շուտ Սակոյլնիկ,
Ուր կա մի կույս գեղանի։

Րամ-րամ մարդիկ կերթան այնտեղ,
Բայց ո՞վ տեսավ նորանցից
15 Այն անտառների թագուհին,
Որ ծածկած է աչքերից։

Եվ ո՞ւմ արդյոք նա յուր սիրտը
Գրավ տվեց ասելով.
«Ոչինչ չունեմ, բայց միայն սեր
20 Քեզի տալիս եմ հավատով»:

Այնտեղ շատ մարդ զբոսնում են,
Բայց մեռած է սրտերը,
Մի պատանի աշխույժ կրքով
Տեսնում է այս աստղը։

25 Նորան տվեց բամբիշն յուր սերը,
Նորան ասաց. «Ես քո՛ եմ»։

Ամիրյանն էր այն պատանին,
Որ ես այստեղ հիշում եմ։

Իսկի կա մարդ, որ ստանար
30 Այս խոսքերը յուր բաժին,
Առատությամբ, որ նա տվեց
Ուսանող Ամիրյանին։

Նորան կույսը գեղեցկադեմ,
Նորան ժպտաց միմիայն.
35 Նորա համար նա ծնած Էր,
Այլք ամենայն չեն արժան։

Ուսո՛, խնդրեմ, Մուսա նազիկ,
Տուր վրձինիս քաջ ներկեր,
Որ կարենամ նկարագրել
40 նորա դեմքի ճիշտ պատկեը։

Ի հյուսած մազերն թուխ–թուխ գլխի,
Կոկոն աչքը կըփայլի,
Արդյոք ո՞ւնք է աչքի վերա,
Եթե կամար լուսինի։

45 Երեսն անբիծ, կարմիր շրթունք,
Մարմարոնյա մարմինն է,
Թե գեղեցիկ երկրիս վերա
Կա՝ միմիայն այն նա է։

Րախացի՛ր, դու, ցնծա՛, բերկրյա՛,
50 Մուսան ասաց Ամիրյա՜ն,
Որ աշխարհքումս դու ճարեցիր
Քեզ այսպիսի սիրական։