Jump to content

Նվեր Ա...-ին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Նվեր Ա...-ին


Ո՜հ, անմի՛տ մարդիկ... Ուրախանում եք,
Հիացումը ձեզ գերում է անհուն,
Երբ այդ հանճարի ի բաց տեսնում եք
Դուք մի հրաշալի ստեղծագործություն։

Եվ ամեն անգամ երեխայական
Հպարտ պարծությամբ, խոսքով եռանդուն
Օտարների մոտ հիշում եք նորան
Եվ հռչակավոր նորա մեծ անուն։

Որովհետև այդ մեծանուն մարդու
Երակների մեջ ազգային արյուն
Գիտեք հոսում է։ Անմեղ, անմեղ դու,
Թշվա՛ռ ազգային հեք հպարտություն...

Այնինչ այդ մարդը օտարների մոտ,
Ո՛վ անմիտ մարդիկ, զգում է ամոթ,
Երբ նորան հայի տալիս են անուն
Կամ հատկացնում են այդ ազգի արյուն...

5 մարտի 1887.