Jump to content

Շարահյուսություն, Օժանդակ ձեռնարկ ուսուցչի համար/Բացահայտիչ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից


Բացահայտիչը բացահայտում է լրացյալի ով կամ ինչ լինելը։ Օրինակներ՝

1. Տասներորդ դարի հայ ամենամեծ բանաստեղծը՝ Գրիգոր Նարեկացին, մեր Վերածննդի շեփորահարն է։

2. Սայաթ-Նովան՝ հայ միջնադարի վերջին երգիչը, ծնվել է 1722 թվականին։

3. ՍՍՀՄ առաջին տիեզերագնաց-օդաչուով՝ Գագարինով, հպարտանում է առաջավոր մարդկությունը։

4. Ֆրանսիայի մայրաքաղաքում՝ Փարիզում, մենք տեսանք մշակութային գլուխգործոցներ։

5. Մեր հին ձեռագրերի ուսումնասիրման ինստիտուտը՝ Մատենադարանը, հայ ժողովրդի պարծանքն է։

Ընդգծվածները բացահայտում են 10—րդ դարի հայ ամենամեծ բանաստեղծի, Սայաթ-Նովայի, ՍՍՀՄ 1-ին տիեզերագնաց-օդաչուի ով լինելը և Ֆրանսիայի մայրաքաղաքի, մեր հին ձեռագրերի ուսումնասիրման ինստիտուտի ինչ լինելը։ Դրանք կոչվում են բացահայտիչ (բացահայտող), իսկ բացահայտվողները՝ բացահայտյալ: Բացահայտիչը և բացահայտյալն իմաստային և քերականական այնքան սերտ կապի մեջ են, որ գերազանցապես կարող են փոխարինվել մեկը մյուսով։ Օրինակ՝ Ուսուցիչս՝ Ազատյանը, հմուտ մանկավարժ է, Ազատյանը՝ ուսուցիչս, հմուտ մանկավարժ է։ Բացահայտիչը սովորաբար գրվում է բացահայտյալից հետո, մանավանդ երբ վերջինս արտահայտվում է դերանունով (Ես՝ Արմեն Սարգսյանս, պարտավորվել եմ պլանս գերակատարել։ Դուք՝ բանվորներդ, իրավամբ հպարտանալու հիմքեր ունեք... )։

Բացահայտիչը և բացահայտյալը համաձայնում են դեմքով, թվով, հոլովով, հոդառությամբ։ Օրինակ՝

1. Դու` Վարդան Գրիգորյանդ, և նրանք՝ Արամ և Աշոտ Գասպարյանները, պիտի մեկնեք Մոսկվա, ժողտնտեսության նվաճումների ցուցահանդես։

2. Հաղթողները՝ Անահիտը, Գոհարը և Կարինեն, դիպլոմներ ստացան։

3. Մեր առաջավոր կոմերիտականներին՝ Գագիկին, Սուրենին ու Ատոմին, այս տարի ուղարկելու են Հունգարիա։

Բացահայտիչն արտահայտվում է գոյականով, դերանունով և գոյականաբար գործածվող բառերով։

Բացահայտիչը լինում է երեք տեսակ՝ բուն բացահայտիչ, մասնական բացահայտիչ, մասնավորեցնող բացահայտիչ:

Բուն բացահայտիչը գերազանցապես գործածվում է ետադաս և դեմքով, թվով, հոլովով համաձայնում է բացահայտյալին՝ վերջինիցս անջատվելով բութով, իսկ նախադասության մյուս անդամներից՝ ստորակետով (բացի սեռական հոլովաձևով կամ սեռականով ու կապով գործածվողներից)։ Օրինակ՝ Եղբայրս՝ Վարդանը, հարգված է շրջապատի կողմից։ Եղբորս՝ Վահանի աշխատանքը գնահատվում է ըստ արժանվույն (Եղբորս՝ Վահանի մասին բոլորը գովեստով են խոսում), Եղբորս՝ Վահանին, մեր գործարանում շատ են սիրում։ Եղբորս՝ Վահանին, այսօր պարգևատրեցին պատվոգրով։ Եղբորիցս՝ Վահանից, բոլոր գործընկերները գոհ են։ Եղբորովս՝ Վահանով, մենք իրո՛ք հպարտանում ենք։

Բացահայտիչը բացահայտյալի հետ երբեմն էլ կապվում է այսինքն, այն է և մասամբ իմա՛ շաղկապներով, որոնք նախադասության մյուս անդամներից անջատվում են ստորակետով և բութով։ Օրինակ՝ Գամառ-Քաթիպան, այսինքն՝ Ռ. Պատկանյանը, իր ժամանակի անվանի մարդկանցից մեկն էր: Նա որոշել է հասնել իր նպատակին, այն է՝ դառնալ վիրաբույժ: Ալեքսանդր Մովսիսյանը. իմա՛ Շիրվանզադեն, հայ քննադատական ոեալիզմի խոշոր դեմքերից է:

Մասնական բացահայտիչը բացահայտյալի իմաստը պարզաբանում է ոչ լրիվ, այսինքն՝ մասնակիորեն ու բացահայտյալի հետ կապվում է որպես, իբրև (մասամբ՝ ինչպես) կապերով և ունի առաջադաս, միջադաս ու ետադաս շարադասություն։ Ընդ որում՝ առաջադաս և ետադաս բացահայտիչները, շնորհիվ իրենց կտրուկ հնչերանգի, նախադասության մյուս անդամներից անջատվում են բութով, իսկ միջադասը՝ երկկողմյա ստորակետով։ Օրինակ՝ Որպես հայ ազգային հերոս՝ Վարդան Մամիկոնյանը պաշտամունք է դարձել։ Վարդան Մամիկոնյանը, որպես հայ ազգային հերոս, պաշտամունք է դարձել։ Վարդան Մամիկոնյանը պաշտամունք է դարձել՝ որպես հայ ազգային հերոս:

Այսպիսի բացահայտիչը նախադասության այլ անդամներից տարբերելու համար պիտի բուն բացահայտիչ դարձնել։ Եթե չի դառնում, ուրեմն` մասնական բացահայտիչ չէ։ Մեր բերած օրինակում, իհարկե, դառնում է Վարդան Մամիկոնյանը, որպես հայ ազգային հերոս, պաշտամունք է դարձել կամ Վարդան Մամիկոնյանը հայ ազգային հերոսը, պաշտամունք է դարձել։

Մասնավորեցնող բացահայտիչը պարզաբանում է տեղի և ժամանակի պարագաների իմաստը և նախադասության մյուս անդամներից անջատվում ստորակետով։ Օրինակ՝

Ես քեզ կսպասեմ Երևանում, Լենինի անվան հրապարակում, յոթ աղբյուրի մոտ: Այս տարի, մայիսի մեկին, երեկոյան ժամը 9-ին, հրետանային համազարկերից ասես նորովի էր գեղեցկացել Երևանը:

Ի դեպ, տեղի ու ժամանակի պարագաներն էլ կարող են ունենալ բուն բացահայտիչներ, եթե բացահայտվում են ամբողջ ծավալով, Օրինակ՝ Մայիսի 9-ին՝ մեծ հաղթանակի օրը, շքերթի էին ելել բոլոր աշխատավորները։ Կանանց միջազգային օրը՝ Մարտի 8-ին, մեր երկրում հանդիսավոր նիստեր են գումարվում։

Բացահայտիչը կարող է լինել նաև բազմակի։ Օրինակ՝ Սայաթ-Նովան ոչ միայն մեր հայերիս՝ մեծ երգչին ծնող ժողովրդի. այլև նրա սիրած եղբայր ժողովուրդների՝ Անդրկովկասի տառապյալ ազգերի՝ վրացիների պարծանքն է։ Հայ գրերի հանճարեղ գյուտարարը՝ Մեսրոպ Մաշտոցը՝ մեր աոաջին ուսուցիչն ու լեզվաբանը, թողել է սուրբ հիշատակ ու անմահացել։

Խրախուսելի չէ բազմակի բացահայտիչների գործածությունը։

Բացահայտչի ընդգրկման ոլորտները բավական լայն են։ Այն կարող է բացահայտել ոչ միայն գոյականով արտահայտված որևէ անդամի, այլև առարկայական իմաստ ունեցող զանազան բառերի, ինչպես, օրինակ՝ Ես՝ 1925 թվականից ՍՄԿԿ անդամ Վարդան Գրիգորյանս, ծնվել եմ 1903 թվականին։ Նոր՝ սովետական ապրելակերպը արմատապես տարբերվում է հին բուոժուական կացութաձևից։ Վերջին՝ տասներորդ դասարանում նա դարձյալ գերազանցիկ էր։ Ընկերները կատարեցին զինվորի վերջին կամքը՝ թաղել իրեն հայրենի բնօրրանում և այլն։