Jump to content

Շարունակության առասպելը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՌԱՍՊԵԼԸ

Հիմա գրիչ վերցնում են ամենքը։ Բայց Աստված իր ձեռքով ամենքին չէ, որ գրիչ է տալիս։ Ով արժանանում է այդ բախտին, նա արդեն դադարում է սովորական մահկանացու լինելուց՝ կամոքն Տիրոջ։ Ահա թե ինչու Արտաշես Ղահրիյանի բառը հիմնահողի շերտ ունի, ածովի չէ, եւ նրա վրա է գրողը հիմնում փարավոնյան իր բուրգը, բաբելոնյան իր աշտարակը, համեստ, բանաստեղծի բառերով ասած՝ անտաշ քարով շինված հասարակ տունը, որ ավելին է՝ որպես կենդանի, շարունակվող, զարկերակող կյանք։ Եվ սա այն պարագան է, երբ գնահատանքի ցանկացած խոսք մեծարելու փոխարեն կարող է փոքրարել, որովհետեւ գրչի հոգնակին չի լինում, հետեւապես եւ սխալ կլինի անգամ «գրչախպեր» օգտագործելը, գուցե թե՝ Արտաշեսի դեպքում, պատշաճի «զոհընկեր» արտահայտությունը, չէ՞ որ սիրելի գրողը Արցախ վերադառնալով, ավելի շուտ զոհվածների կողքին ու տեղը կանգնեց ու փրկեց նրանց շարունակականության առասպելը, զգալով, որ իր համար Աստծով նախատեսված օդը Զիարաթի շուրջն է ալիքվում։ Իսկ Արտաշեսը ուրիշի բաժնի հետ երբեք գործ չի ունեցել, ավելին, ինքը ստեղծում է նաեւ իր շնչելիք օդը։ Նա ապրողների հետ ապրում է այն չափով, ինչ չափով զոհվում է զոհվածների հետ։ Հիմա Արտաշեսը կանգնած է ճիշտ իր տեղում, իր այգում, բոստանում, բառի մեջ, գյուղամեջում, աշխարհամեջում, այնպես որ՝ ուրիշները նրա հաստ-հաստ պահվածքին նայելով, կարող են ստուգել ու շտկել եւ իրենց կանգնվածքը։ Մանավանդ, Արտաշես Ղահրիյանի համար գոյություն չունեն աշխարհագրական տարածքներ, քանի որ իրենով հոգեւորում է շրջապատը։ Նա գալիս է մեծ դրամա ապրող մարդու անեզրական ցավի խորքերից ու լույսի սերմնահատիկներ կան բռան մեջ։ Արտաշես պարզությունը մի վերին խորհուրդ ունի, նրա ձեռքից թե քարին անգամ ընկնի սերմը, դարձյալ ծլում է։ Թող ներվեն այս բառերը, իրեն կարդանք...