Շեքսպիր և Սերվանտես
Ազնիվ հանդիսականնե՛ր.
Համաշխարհային գրականության պատմության մեջ հազիվ թե էնքան նշանավոր մի թվական լինի, ինչքան նշանավոր է 1603 թվականը, երբ, ասում են, լույս տեսան Անգլիայամ Շեքսպիրի «Համլետը», Իսպանիայում Սերվանտեսի «Դոն Քիխոտը»։ Մտածող ու տառապող նոր ինտելիգենտի ողբերգությունը և համաշխարհային ազնիվ խենթի արկածների պատմությունը։
Երկուսն էլ, թե Համլետը, թե Դոն Քիխոտը, գիտեն ու տեսնում են, որ աշխարհքը դուրս է եկել իր ճանապարհից, և մարդը տառապում է, երկուսն էլ զգում են, որ իրենց է վիճակվել նորից աշխարհքը ուղիղ ճամփի վրա դնելու մեծ գործը, բայց նրանցից մեկը, Համլետը, դժգոհ է, անիծում է իր ճակատագիրը, թե ինչու իրեն է վիճակի էդ ծանր գործը ու դժբախտ է իր արքայական զգեստի ու պալատի, մեջ, մինչդեռ մյուսը, Դոն Քիխոտը, գոհ է իր բարձր առաքելությունից և երջանիկ է աղքատ գիդալգոյի ցնցոտիներով ու իր ունեցած թշվառ միջոցներով։
Եվ ահա Համլետը թշնամուն հաստատ գտնելուց ու պարզ տեսնելուց հետո էլ՝ կասկածներ է հայտնում, թե գուցե լավ չտեսավ, գուցե լավ չիմացավ և աշխատում է իրեն խաբել ու հանգստացնել և խուսափել իրեն վիճակված արյունոտ գործից, մինչդեռ մյուսը, Դոն Քիխոտը, հենց բավական է աչքը բաց անի, որ ամեն տեղ էլ տեսնի թշնամուն, ինչ ուզում է լինի և ով ուզում է լինի։ Եվ երբ Համլետը վճռական վայրկենին վարանում է ու պատյանից դուրս չի քաշում իր սուրը առջևը կանգնած թշնամուն հարվածելա համար, այլ տագնապալի աղաղակում է.— Զսպի՛ր քեզ, հոգիս, թող սուրը իմ խոսքերի մեջ լինի, ոչ թե գործի,— էս միևնույն ժամանակ մյուսը, Դոն Քիխոտը, առանց վարանքի ու տարակուսանքի, լոկ երևույթը նկատելուն պես մերկացնում է սուրն ու հարվածը իջեցնում։ Սակայն՝ երկուսն էլ տառապում ու կռվում են իրենց ճամփից դուրս եկած աշխարհքը կարգի դնելու համար, մարդուն երջանկացնելու համար։
Նույնքան նշանավոր է 1616 թվականը, և հատկապես էդ թվականի ապրիլի 23-ը, երբ միևնույն օրը վախճանվեցին՝ Անգլիայում Շեքսպիրը, Իսպանիայում Սերվանտեսը, և էսպեսով համաշխարհային գրականության հորիզոնի վրա միաժամանակ մայր մտան երկու հսկայական արեգակ։ Երկու հսկայական արեգա՜կ...
Սակայն գերազանց է բրիտանական հանճարի փայլը, որ իր ճաճանչները մի կողմից զարկում էր մինչև Էսքիլեսի ու Սոֆոկլեսի ժամանակները, մյուս կողմից դեպի գրականության ապագան։ Եվ ամեն մի գրող, ինչ աշխարհքում էլ ասպարեզ իջնի, տեսնում է իր ուղին արդեն լուսավորված նրա շողերով, և գրեթե անխտիր, շատ քիչ բացառությամբ, ամենքն էլ խոնարհ են նրա հանճարի առջև։
Մեծ Գյոթեն, որին մի Ոլիմպիական աստծու են նմանեցնում, որ միշտ հանգիստ կարող է նայել ամեն գրական մեծության երեսի, երբ հասնում է Շեքսպիրին, ասում է.
— Ահով ու դողով եմ մոտենում գրական էն հսկա կաղնուն, որի մոտ միանում են ու որից բաժանվում են գրականության բոլոր ճանապարհները...
Եվ ահա էսօր՝ գրականության էդ բոլոր ճանապարհներով բոլոր կուլտուրական ազգերը իրենց հիացումն ու հարգանքն են ուղղում դեպի Անգլիա, դեպի Շեքսպիրի նվիրական գերեզմանը և դեպի նրա ծնող ժողովուրդը — անգլիական ազգը։
Մենք, հայերս էլ, որ երբեք խորթ չենք եղել գրականության ոչ մի ճանապարհին և վաղուց ջերմ սիրել ենք Շեքսպիրը՝ նրա մահվան երեքհարյուրամյակի օրը արդեն ունենք մեր արժանավայել ներկայացուցչությունը, և ինձ էնպես է թվում, թե էսօր Շեքսպիրի գերեզմանի վրա արդեն կանգնած է հայկական Համլետը, հոգիացած Ադամյանը, իբրև հայության ներկայացուցիչ, և դժվար թե ուրիշ որևէ ազգ էլ կարողանա ավելի գեղեցիկ մի ներկայացուցչություն ունենալ էսօրվան օրը՝ Ստրադֆորտում իր հարգանքն ու մեծարանքը ցույց տալու համար։
Հարգանք անգլիական մեծ ազգին, որ մարդկությանը էնքան մեծ հանճարներ ու հանճարեղ կարգեր է տվել, հարգանք իսպանական ազգին, որ կարող է միշտ պարծենալ իր շատ մեծ զավակների անուններով, և հարգանք նրանց հանճարեղ զավակների՝ Շեքսպիրի ու Սերվանտեսի անմահ հիշատակին։
1916