Jump to content

Շոգեգալուստ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 30 ]

ՇՈԳԵԳԱԼՈԻՍՏ


Նորից՝ Արտաշես Տեր-Մարտիրոսյանին,
գյումրեցի պոետին


I


Լսո՞ւմ է ձեր սիրտը այսօր
Անողոք երգ մի երկաթե
Օրերի մասին այն բոսոր,
Որ գալու են՝ բորբոք ու թեժ․․․

5 Ամենու՛ր, ամենու՛ր, ամենու՛ր
Հիմա այդ երգն է անողոք
Պատգամի նման մի անհուն
Շեփորում արևն իր փողով։

Իմ հեռու, խուլ աշխարհից
10 Ահա ես, հին մի պոետ,
Տեսնում եմ հեռուները հիր,
Որպես նոր մի Ռոբերտ Օուեն։

Հասկանո՞ւմ եք՝ հողմակոծ ու ժխոր
Օրերի գծերով երկաթե
15 Գնացքի նման մի դղորդ
Մոտենում է Գալիքը թեժ։

[ 31 ]

Մոտենում է նա, երկաթե,—
Իսկ այստեղ, խանդով անտեղի,
Գյումրեցի, հարբած մի Ալեք
20 Դեռ փչում է իր զուռնան դեղին․․․

II


Դեռ փչում է հին եռանդով
Ալեքը իր զուռնան թմրիչ
Ու լսում է նրա երգն անթով —
Գորշաքար, մռայլ Գյումրին։

25 Նրա խուլ նվագին ունկնդիր,
Հնամյա օրերի շախով,
Ելնում է դիմացի խանութից
Ճոճվելով, գյումրեցի Վաղոն։

Բռունցքը արծաթ քամարին
30 Անցնում է փողոցի մեջտեղից,—
Ու փռում է մռայլ Գյումրին
Նրա դեմ իր թախիծը դեղին․․․

III


Դեղին
Փողոցները
35 Ձանձրույթ են անձրևում։
Հորանջում են՝ ծույլ ու դեղին։
Ու կանչում է թախիծը հեռու,
Դեպի մութ մի, խավար փակուղի։

Հեռուները՝ խիստ ու խոժոռ,
40 Կայարանը, որպես զառանցանք։
Ու երգում է զուռնան քոսոտ
Ձանձրալի՜, տխո՜ւր, միաձայն․․․

[ 32 ]

Միթե սա՞ է երկիրը Նայիրի,
Միթե սա է, սի՛րտ իմ հիմար։
45 Միթե չի՞ զգում օրերի
Բոցակեզ շունչը նա հիմա։

Միթե չի՞ զգացել նա դեռ,
Որ արդեն մի հաղթ Մեքենա
Ցնցում է ձեռքով երկաթե
50 Այս խուղերը խանդով մի անահ։

Ցնցում է ձեռքով անշեղ —
Եվ տիղմի նման անտեղի
Կորչում են կառուցման փոշում
Ալեքն ու իր զուռնան դեղին...

IV


55 էլ ինչո՞ւ, ինչո՞ւ է նա փչում.
Կուրացած՝ չգիտե՞ միթե նա,
Որ գալիք հողմերի բոցում
Հաղթելու է ջերմ Մեքենան։

Չգիտե՞, որ վաղը կրքի
60 Ու մահվան երգի փոխարեն
Պիտի թեժ երկաթը երգի
Դաշտերում այս խուլ, մոխիրե...

Ու զուռնի փոխարեն— շոգին,
Պիտի տաք գոլորշի՛ն ուռչի,
65 Եվ նրա էլե՛կտրա-հոգին՝
Պիտի տոթ զնգա ու թռչի։

Պիտի գա՛, պիտի գա՛, պիտի գա՛
Երկաթի հզո՜ր զնգոցով —

[ 33 ]

Դեպի մեր խուղերը գորշաքար,
70 Դեպի մեր երկիրը քոսոտ։

Նա պարզել է ձեռքը անշեղ,
Տալիս է զարթնումի նշան։ —
Ես տեսնում եմ դեմքը նրա շեկ
Եվ աչքերը նրա դրոշակ...

V


75 Իսկ դո՞ւ, պոե՛տ Աշնուտի,
Քո գլուխը ինչո՞ւ ես կքել
Ու թողել ես, որ մուժը մթին
Մշուշե թե՛ սիրտդ, թե՛ քեզ։

Սի՛րտդ, սի՛րտդ ինչո՞ւ է սև․․․
80 Թե՞ կտրել է արդեն անթիվ
Գետնահար զոհերի հետ քեզ էլ
Օրերի անդարձ գերանդին․․․

Օ, մգլած մրգի՛ նման մի
Դու գլուխդ գետին ես թեքել,
85 Եվ թողել ես, որ աշնան քամին
Մազերիդ անձրևներ թքե։

Օ, ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ․․․
Միթե դու Ալեքն ես հիմար,
Որ անցած հեռուներն ես տենչում
90 Մորմոքող քո սրտով հիմա։

Օ, հիմա՛ր, խե՜ղճ մասխարա․․․
Չգիտե՞ս, որ թախիծը ձյունե
Թևերով իր պաղ-անկրակ
Դեպի հինը քեզ չի՛ թռցնե։

[ 34 ]

95 Անողո՜ք է երթը Գալիքի.
Եվ գիտեմ՝ քե՛զ էլ, քրքիջով,
Ինչպես այն հիմար Ալեքին:
Կճմլե երկաթը չոր։