Շուշան սիրտ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Շուշան սիրտ

Կոմիտաս

Շուշան սիրտըդ մաքառեց տարի-տարի
Կանքիդ արև-օրերում.
Սուսուն-սերըդ թափառեց արի-արի
Լանջիդ լուսին ձորերում։

Շրթունքներըդ մանուշակ դալար-դալար
Սիրո գարուն զովանի,
Գանգուր հերըդ անուշակ գալար-գալար
Համբույրներուն հովանի։

Սերըդ սեր էր ծագեցավ
Պատույտ-պատույտ դափնիների ճյուղերով,
Սիրտըդ սիրտ էր հագեցավ
Կապույտ-կապույտ բալասանի յուղերով։