Շրջանից արտաքսվածը
ՇՐՋԱՆԻՑ ԱՐՏԱՔՍՎԱԾԸ
Պատմվածք
I
Գիմնազիայում Պետրոս Մարդանյանը հայտնի էր իբրև լուռ, անտարբեր պատանի, նա հեռու էր պահում իրեն ընկերական շրջաններից, թատրոն էր գնում միայնակ, դասեր էր պատրաստում միայնակ։ Եվ այս պատճառով ընկերները նրան չէին սիրում։
Նույնն էր նա և՛ մայրաքաղաքում։ Մտնելով համալսարան, նա ոչ մի կապ չհաստատեց կովկասցի ուսանողների հետ։ Հայերը աշխատեցին թեքել նրան իրանց կողմը — չեղավ, վրացիները փորձեցին — դարձյալ անհաջող։ Առաջարկեցին նրան գրվել գոնե ուսանողական գանձարանի անդամ — մերժեց։
— Թքենք նրա վրա,— վճռեցին ուսանողները,— նա միշտ եղել է եսասեր, այդպես էլ կմնա։
Եվ բոլորն երես դարձրին նրանից։ Ինքն էլ երես դարձրեց ամենից։ Ապրում էր ընկերական բոլոր խավերից առանձնացած։ Ոչ ոք չէր ճանաչում նրա բնակարանը։ Ոչ ոք չգիտեր, թե ինչ է անում, ինչով է պարապում դասերից ազատ ժամանակ։ Միայն մի քանի անգամ տեսան նրան լեհացի ուսանողների հետ։ Սխալմամբ ենթադրեցին, թե օտարազգիների հետ կապ ունի։ Այդ ավելի գրգռեց հայրենակիցներին։ Ո՞ր օտարազգի շրջանն է կարոտ որևէ Մարդանյանի մասնակցությանը։
Սլ․ Շիրվանզադե, Երկերի ժողովածու, հ․ IV — 20 — Խո՛զ, խո՛զ,— գոռում էին հայ ուսանողները, մանավանդ աղքատները,— մենք փող չունինք, մեզանից հեռու է փախչում, վախենում է պարտք խնդրենք։ Թքել ենք, թող յուր հոտած եսի մասին մտածի։
Եվ ահա այդ եսասեր, անտարբեր և ժլատ համարված երիտասարդը յուր ուսանողական կյանքի տարիների վերջին փոխվեց։ Նա այժմ ավելի խույս չի տալիս յուր ընկերներից, ընդհակառակը, ձգտում էր նրանց մոտենալ։ Սրան նրան հրավիրում էր յուր մոտ, խոսում է այն բաների մասին, որոնցով բնավ չի հետաքրքրվել, հայրենի երկիր, ժողովուրդ, երիտասարդություն — այսպիսի բառեր են լսվում նրա բերանից։ Նա հարցուփորձ է անում յուր ուսանող հայրենակիցների մասին, աշխատում է իմանալ ինչ ժողովներ են կազմում, ինչի մասին խոսում, դատում։ Առանձին փափագով ուզում է իմանալ ուսումնավարտների ձգտումները։
— Էհե՛, այդ ի՞նչ է նշանակում,— զարմացած հարցնում էին իրարուց ուսանողները։
Ամենքը զանազան ենթադրություններ էին անում. մեկն ասում էր, թե նա հասկացել է յուր սխալը, ուզում է ուղղել, մյուսը, թե ընդհանուրի ատելությունը ծանր է թվացել նրան։
— Պարոննե՛ր,— ասաց մի օր ֆիլոլոգ Գալումյանը,— այդ մարդու անկեղծությանը մի հավատաք։ Ես գիտեմ քամին ո՛ր կողմից է փչում։ Նա ուսումն ավարտած է, գիտե, որ այսուհետև իրանից ակնկալություն չունինք։ Բայց չի ուզում յուր դիպլոմի հետ ընկերների ատելությունը հայրենիք տանել։ Նա աշխատում է այժմ մի կերպ շոյել մեր սիրտը։ Հասկացա՞ք։
Ավելի ազատախոսները գոհ չմնացին այդ բացատրությունից, Բնագետ Բարգամյանը, այդ կոշտ, ինքնահավան գյուղացին, յուր նոսր միրուքի ծայրը շփելով, ասաց․
— Ես կարծում եմ, որ Պետրոս Մարդանյանը մի տգեղ նպատակ ունե: Պարոններ, հեռու պահեցեք ձեզ նրանից։
Նա բազմախորհուրդ կերպով ժպտաց, թողնելով որ յուր մտքի մյուս կեսը գուշակե ով ինչպես ուզում է։ Նա ամենից ավելի էր գրգռված Մարդանյանի դեմ։ Բանն այն է, որ նա հայ ուսանողների շրջանում մի առանձին հեղինակություն էր վայելում։ Մարդանյանն էր միայն, որ չէր ընդունում նրա հեղինակությունը։
Այնուհետև այչևս ոչ ոք չէր մոտենում Մարդանյանին, Մարդանյանը շահասեր է, Մարդանյանը խոզ է, անպիտան է, նրա նոր-նոր ցույց տված բարեկամությունը տգեղ նպատակ ունի — ահա այն սովորական դարձվածները, որ պտտում էին ուսանողության շրջանում։ Հիշում էին անցած-գնացած անախորժ դեպքերն և աշխատում բոլորի պատճառը Մարդանյանին վերագրել։ Այո՛, նան թեև հեռու է եղել ուսանողական շրջաններից, բայց գաղտնի շատ վատություններ է արել։
— Այս բոլորը դեռ ոչինչ,— ավելացնում էր ազնիվ համարված Բարգամյանը,— ես ավելի վատ բաներ գիտեմ, օօ՜օ, դուք նրան դեռ լավ չեք ճանաչում։
Իսկ թե ինչ ավելի վատ բաներ գիտեր — նա երբեք ոչ ոքի չէր ասում, միայն խորհրդավոր ժպտում էր։
— Այո՛, այո՛, շատ գարշելին է,— աղաղակում էին միաբերան սարսափելի քննադատները։
Եվ այսպես քանի գնում, այնքան բարդվում էին մեղադրանքները։ Չկար մի ընկեր, որ մեղադրվողին պաշտպաներ։ Իսկ եթե մեկը հանդգներ պաշտպանել, իսկույն պիտի ընդհանուրի հարձակմանը ենթարկվեր և զուցե զրկվեր ընկերների համակրությունից։
Սակայն բոլոր գոռող-գոչողներն զգում էին իրանց սրտում, որ եթե մեկը փաստեր պահանջի խստությամբ այդ մեղադրանքների համար, դժվար է, մինչև անգամ անկարելի, ապացուցանել։
Այլևս հնար չկար, Մարդանյանը թողեց յուր հայրենակիցներին մոտենալու առաջին փորձը և դարձյալ մնաց միայնակ, այս անգամ ակամա։ Մի քանի օր նրան տիրեց մի տեսակ թախծություն։ Զգում էր, որ շատ ծանր է ընկերների հավատարմությունից զուրկ լինելը։ Ինչո՞ւ համար նա մինչև այդ ժամանակ առանձնացած պահեց իրան։ Ո՛վ է մեղավոր այժմ․ որ ոչ ոք չի հավատում նրա անկեղծությանը։
«Ես, և՛ միմիայն ես»։
Բայց ինչո՞վ է մեղավոր, քանի որ բնությունից այդպես է ստեղծված — անբարեհամբույր, անհաղորդակից, քանի որ ընկերական շրջանն երբեք չի գրավել նրան, քանի որ ամեն մի երկրորդ ես ծանր բեռն է թվացել նրանք և նա միշտ ձգտել է յուր եսի հետ միայնակ մնալ։ Գուցե մեղավոր է նրա ընտանեկան կրթությունը։ Այստեղ է, այո՛, դրվել նրա առանձնասիրության հիմքը։ Նա ծնվել է գավառից գաղթած մի փորիկ ընտանիքում, որ ոչ մի ազգակից, ոչ մի ծանոթ շրջան չի ունեցել Թիֆլիսում։ Հայրը ժամանակ չի ունեցել զբաղվել յուր որդու կրթությամբ։ Մայրը նույնպես առանձնասեր բնավորություն ունենալով, սնել ու մեծացրել է նրան յուր անմիջական հսկողության ներքո։ Չի թողել, որ նա խաղա հարևանների երեխաների հետ, միշտ ստիպել է նրան փակված մնալ տանը։ Այդպիսով նա կամեցել է յուր որդուն ազատ պահել վատ ազդեցությունից, բայց հղացրել և զարգացրել է նրա մեջ եսասիրություն։ Ընտանիքից ընկնելով ուսումնարան, նա չի ազատվել այդ եսասիրությունից։ Աշակերտների շրջանը նրան սկզբից վախեցրել է։ Մի գաղտնի երկյուղ ստիպել է նրան միշտ հեռու փախչել այդ շրջանից և ամփոփված մնալ յուր եսի մեջ։
Իսկ այժմ նա արդեն չափահաս տղամարդ է։ Անկարելի է այդպես առանձնացած մնալ։ Այսօր թե վաղը նա կյանքի մեջ է մտնելու, չէ՞ որ պետք է ընտելանա փոքր-ինչ հասարակական կենցաղավարությանը։ Այդ նրա համար անհրաժեշտ է։ Նա նպատակ ունի և այդ նպատակը յուր եսին չի վերաբերվում։ Ոչ, գուցե այդ եսը բնավ կարոտություն չզգար ուրիշների ընկերությանը։
— Բայց ինչ անեմ, ես չեմ կարող իմ միտքը նրանց հայտնել։ Նրանք չեն հավատալ, կծաղրեն։ Նրանք ինձ անընդունակ են համարում մի ուրիշ բանի մասին, բացի ինձանից, մտածելու, մի որևէ մտքով ոգևորվելու։
Հասավ ուսանողական կյանքին հրաժեշտ տալու օրը, նրա հետ ուսումն ավարտող հայրենակիցները խնջույք սարքեցին, բայց նրան չհրավիրեցին։ Նա չվիրավորվեց։ Նա գիտեր արդեն, որ այդպես էլ պետք է լինի. ոչ ոք նրան չմաղթեց կյանքի մեջ հաջողություն, բացի օտարազգիներից։ Միայն մի քանի հայեր վերջին անգամ սառն կերպով սեղմեցին նրա աջն և ուրիշ ոչինչ։ Եվ Պետերբուրգից նա դուրս եկավ այն պես կղզիացած, ինչպես եկել էր։
Ճանապարհին նա մտավ Մոսկվա, փորձեց գեթ այնտեղի հայ ուսանողներին մոտենալ։ Բայց նկատեց, որ ոմանք ծուռ աչքով են նայում յուր վրա։ Նրա մասին տարածված վատ համբավն այստեղ էլ հասել էր։ Մի քանիսը մինչև անգամ պարզ հայտնեցին, թե հեռվից հեռու նա անսիրելի է եղել։
— Վերջապես, ասացեք, պարոններ, ինչ է եղել իմ մեղքը,— հարցրեց նա մի անգամ այնքան սառն, այնքան անխռով, որ, կարծես, խոսքը յուր մասին չէր։
— Մենք չենք իմանում, լսել ենք միայն։
— Ի՞նչ եք լսել։
— Որ դուք չավ ընկեր չեք,— կոշտ ձևով պատասխանեց Պետրովսկայա Ակադեմիայի ուսանողներից մեկը։
— Որովհետև ուսանողական շրջաններում չե՞մ մասնակցել։
— Եվ ամսական հարյուր ռուբլի ստանալով, ոչ ոքի չեք օգնել։
— Ես երբեք ամսական հարյուր ռուբլու երես չեմ տեսել։ Ես նույնքան աղքատ եմ ապրել, որքան և ուրիշ ուսանողներ։ Չգիտեմ ինչից եք եզրակացրել, որ ես հարուստ եմ։
— Ձեր գաղափարների աղքատությունից,— հարվածեց անխնա «Պետրովեցը» կոպտաբար։
— Գաղափարներ,— կրկնեց Մարդանյանը կիսահեգնաբար,— շատ գեղեցիկք պարոններ, հուսով եմ, որ մոտիկ ապագան մեզ ավելի լավ կծանոթացնե միմյանց հետ, քան այժմյան ֆրազները...
Այս եղավ նրա վերջին խոսքը ուսանողների հետ։
Մի շաբաթից հետո նա վերադարձավ հայրենիք։
II
Արդարև, Մարգանյանը նույնչափ աղքատ էր ապրել, որչափ և մյուս աղքատ ուսանողները։ Զանազանությունն այն էր, որ ոչ ոքի հայտնի չէր նրա աղքատությունը։
Նրա հայրը մի ժամանակ հարուստ էր եղել, բայց հետո սնանկացել էր։ Շատերը կարծում էին, թե նա թաքցրած փող ունի։
Այս կարծիքը պտտում էր և՛ ուսանողների շրջանում։ Այստեղ ամենքը հավատացած էին, թե Պետրոսը խոշոր ամսական է ստանում ծնողներից։ Եթե այդպես չէ, ինչու նա ոչ մի անգամ մեկից պարտք չի ուզում։
Դա մի կոշտ սխալ էր, առանձնասեր ուսանողը ոչ թե մի, այլ շատ անգամ փողի կարոտություն էր քաշել։ Բայց խորին ինքնասիրությունն երբեք չէր թույլ տալիս նրան ուրիշների օգնությանը դիմել։ Նա ամոթալի էր համարում յուր աղքատությունն երևան հանել։ Նա ատում էր այն ուսանողներին, որոնք ուրիշի մոտ մի տեսակ պարծենկոտությամբ էին խոսում իրենց աղքատության մասին։ Այդպիսիներին նա համարում էր թոլամորթ և էժան գնով ուրիշների մոտ իրանց հերոս ձևացնող։
Ծնողները, հարկավ, Պետրոսին ընդունեցին ուրախության արտասուքով։ Վերջապես, ավարտեց նա յուր ուսումը, վերջապես կարող է օգնել նրանց։
— Բոլոր հույսերս քեզ վրա են,— ասաց հայրը,— ծերացել եմ, մեծ եղբայրդ չի կարողանում յուր չնչին ռոճիկով մեզ պահել։ Դու պետք է ծնողներիդ և քույրերիդ ազատես աղքատության ճանկերից։
Պետրոսը մխիթարեց ծերունուն ընդհանուր խոսքերով, բայց մի որոշ պատասխան չտվավ, թե որտեղ է, արդյոք, գործադրելու յուր մասնագիտությունը։
Նա տխուր էր և մտազբաղ։ Օրը մի քանի անգամ դուրս էր գալիս և միշտ հուզված տուն վերադառնում։ Ծնողները կարծում էին, թե նա զբաղված է անձնական գործերով, իսկ մեծ եղբայրն ասում էր․
— Ոչ, նա ուրիշ գործով է հափշտակված։
Հայրենիքում երիտասարդությունն երես չդարձրեց նրանից։ Նա ծանոթացավ շատերի հետ և ընդունվեց մի քանի շրջաններում, որոնց հետ դեռ Ռուսաստանում վճռել էր հարաբերություն ունենալ։
Սակայն այդ հարաբերությունը շատ կարճ միջոց տևեց։ Շուտով մայրաքաղաքից վերադարձան նրան հալածող ուսանողները։ Եկան նույնպես ֆիլոլոգ Գալումյանն և բնագետ Բարգամյանը։ Ոչ ոք չէր մոռացել նախկին ատելությունը։
— Ի՜նչ,— գոչեց Բարգամյանը զարմացած,— մի՞թե, պարոններ, Մարդանյանի հետ կարելի է գործ ունենալ։
Դարձյալ սկսեցին հալածանքները։ Բոլոր նորավարտ ուսանողները պախարակեցին, ցեխի հետ հավասարեցրին այն մարդուն, որ միայն մի բանով էր մեղավոր — յուր առանձնասեր բնավորությամբ։ Հիմքը դրված էր — խայտառակ շինությունը շտապով կառուցվեց, Հողմի արագությամբ չար լուրերն անցան մի շրջանից մյուս շրջան։ Մարդանյանի ազգանունը դարձավ կծու խոսակցության, ծաղրի և ատելության նյութ։
Այս անգամ բամբասանքներն ավելի բարդ էին և բազմակողմանի. մայրաքաղաքներում ստեղծվածներին ավելացել էին և՛ տեղականները, և ինչե՜ր չէր հնարում ասիական պղտոր երևակայությունը։
— Հիշո՞ւմ ես, հիշու՞մ ես,— ասում էր մեկը մյուսին,— չէի՞ ասում քեզ, թե այդ մարդն ինձ դուր չի գալիս։
— Ես թաքցնում էի, չէի ուզում ասել, բայց զգում էի, որ այդ մարդը լավ պտուղ չէ։
— Բավական է մի անգամ նայել նրա աչքերին և մարդ իսկույն կարող է ճանաչել,— ասում էր մի ակնոցավոր արտասահմանյան բժիշկ, որ ինքն իրան համարում էր անսխալ ֆիզիոնոմիստ։
— Երբեք ես նրա հետ անկեղծ չեմ խոսել, գիտեի ինչ մարդ պիտի լինի,— ասում էր չորրորդը։
Եվ այսպես, ամենքը սրտագետ էին, ամենքը հենց առաջին անգամ ճանաչել էին Մարդանյանին։ Այնինչ մինչև այժմ նրանք ոչ մի որոշ կարծիք չէին հայտնել։ Թվում էր, որ յուրաքանչյուրը մի տեսակ զվարճություն էր զգում Մարդանյանին պարսավելում։ Այո՛, հազիվ թե նրանք այնքան ոգևորված գովեին մի առաքինի մարդու, որքան ոգևորված դատափետում էին մի մարդու, որի հետ ոմանք դեռ ծանոթ էլ չէին։
Դարձյալ Մարդանյանը մնաց միայնակ։ Երբեք նրան այնքան վիրավորական, այնքան անտանելի չէր թվացել նրա դրությունր, որքան այժմ։ Հանդիպում էր յուր ծանոթներին — ոչ ոք չէր մոտենում նրան և ոչ ոքին էլ ինքը չէր վստահանում մոտենալ։ Ընդունում էր սառն բարևներ և անցնում։ Օգտվելով նրա դրությունից, աշխատեցին նրա հետ ծանոթանալ մի քանի երիտասարդներ, որոնք նույնպես արհամարհված էին, բայց ոչ առանց հիմնավոր պատճառների։
Այն ժամանակ չարակամների լեզուներն ավելի սրվեցին Մարդանյանի դեմ։
— Վերջապես, նա գտավ յուր շրջանը,— ասաց Բարգամյանը,— երեկ ես նրան տեսա պրոսպեկտի վրա անբարոյական Մարգարյանի հետ, որը գիտե՞ք․․․
Բայց Մարդանյանն ինքը խույս տվեց այդպիսի ընկերներից, ոչ թե վախենալով նոր բամբասանքներից այլ ատելություն զգալով դեպի այդ մարդիկ։ Հարկավ, այդ էլ չփրկեց նրան։ Հալածանքները քանի գնում, այնքան սաստկանում էին։
— Պարոններ,— ասաց մի օր դարձյալ նույն Բարգամյանը,— երևում է, որ այդ մարդը շատ է վիրավորվել։ Իսկ դուք գիտեք, որ ամենքից վիրավորված մարդը կարող է շատ վատ միջոցների դիմել յուր թշնամիների վերաբերմամբ։ Զգույշ, զգույշ և զգույշ եղեք։
Նրան ձայնակցեցին շատերը, մանավանդ այնպիսիները, որ ուրիշներին պարսավելով կարողանում էին քողարկել իրանց շատ խոշոր թերությունները։
Վերջապես, գտնվեցին մի քանի բարեսիրտ երիտասարդներ, որոնց շատ անողոք թվացին Մարդանյանի կրած հալածաքները։
— Ո՛չ, պարոններ, այդքան էլ անգութ չի կարելի վերաբերվել մարդուն,— համարձակվեց ասել մեկը,— էհ, մարդ է, ասենք թե անցյալում սխալներ է գործել, բայց այժմ խոմ ուզո՞ւմ է քավել յուր մեղքերը։ Մի՞թե մենք պետք է մինչև վերջը խստասիրտ լինենք։
Մեկ ուրիշը, որ ավելի համարձակ էր, ավելացրեց.
— Եթե ինձ հարցնեք, ուղիղն ասած, չգիտեմ, նա ինչ մեղք է գործել։
Ոմանք ծիծաղեցին այդ թերահավատի վրա, համարեցին նրան միամիտ, իսկ Բարգամյանը միանգամայն վրդովվեց։
— Կան հանցանքներ,— ասաց նա,— որոնց ապացուցանելը դժվար է և ավելորդ։ Մարդանյանն այդ տեսակ հանցավոր է։ Խնայել նրան — կնշանակե մեր երիտասարդության մեջ խրախուսել նեղ անձնասիրությունը և վնասակար մարդկանց խավար կրքերը, մնացյալը դուք հասկացեք...
— Եթե նրա բոլոր արածները մոռանանք,— ավելացրեց ֆիլոլոգ Գալումյանը,— անկարելի է մոռանալ հայտնի Մարդարյանի հետ հարաբերություն ունենալը։
Բարեսիրտները զսպեցին իրանց թույլ զգացումը. թերահավատները լռեցին։ Ծայրահեղներից մեկը Մարդանյանի շատ զզվալի ածականներին ավելացրեց և՛ մինը, ամենազզվելին— լրտես։ Եվ ոչ ոքի խիղճը չբողոքեց այդ անարդարության դեմ։ Մինչև այժմ Մարդանյանն ատելի էր, այժմ դարձավ քստմնելի և երկյուղալի։ Մինչև այժմ երես էին դարձնում նրանից, այժմ փախչում էին տեսնելիս։ Կարծես, նա մի թունավոր սողուն էր, կարծես, նա մի վարակիչ ժանտախտ էր։
Այս բոլորը տեսնում և զգում էր Մարդանյանը։ Այլևս նա հավատացած էր, որ յուր բարի անունն ընկել է անդունդ և ընկել է հավիտյան, անվերադառնալի կերպով։ Ո՛չ, պետք է վերջ տալ անզուսպ լեզուների անպատիժ զրպարտություններին։ Պետք է, բայց ինչպե՞ս։
Նա կորցրեց յուր նախկին սառնասրտությունը. այլևս անկարող էր կրել անիրավ հալածանքը։
Հետզհետե նա դարձավ ավելի և ավելի զգայուն։ Թվում էր նրան, որ ամենքն անխտիր ատում են իրան, ամենքը, նույնիսկ անծանոթները, նույնիսկ նրանք, որ երբեք չէին լսել նրա անունը, կասկածն օրեցօր զարգանում էր նրա մեջ, նրբանում էր և հիվանդության աստիճանին՝ հասնում։ Երբեմն նա կարծում էր, որ յուր տնեցիները, յուր հայրը, մայրը, եղբայրը, քույրերն անգամ ատում են իրան։
Նա առանձնացավ, փակվեց յուր սենյակում։ Նա չէր կամենում մարդկանց երես տեսնել։ Նա ինքն սկսեց ատել ամենքին։
Հաճախ նա միայնակ յուր սենյակում, խորհրդակցելով ինքն յուր հետ, հուզվում էր, գրգռվում, արտասվում և անիծում յուր վիճակը։ Եվ այդ հոգեկան տանջանքներն անհետևանք չմնացին։ Նա նիհարում էր օրեցօր, գունատվում և ընկճվում մարմնապես։
— Էհե՜,— գոչեց նա մի երեկո, վերջապես ուշքի գալով այդ ի՞նչ երեխայություն եմ անում։ Մի՞թե այսքան տկար եմ։ Մի՞թե ես մոռացա պարտքս միայն նրա համար, որ ինձ վրա հաչում են։ Ոչ, բավական է...
Նա միանգամայն սթափվեց անընդհատ թմրությունից։ Ծանր, մահացուցիչ վհատությունն անցավ։ Նա զվարթացավ, ջնջվեց նրա դեմքից տխրության դրոշմը, չքացավ նրա աչքերի թախծալի փայլը։ Երգելով, շվացնելով, նա հանեց անկողնակալի տակից յուր ճանապարհային արկղն և սկսեց հագուստը կապկպել։
Հետևյալ առավոտ կանուխ հայրը մտավ Պետրոսի սենյակը մի կարևոր բանի մասին խոսելու։ Նա այնտեղ չէր։ Հայրն ապշած նայեց յուր չորս կողմը և տեսավ սենյակն անկարգ դրության մեջ։ Պետրոսի շորերը չկային։ Սեղանի վրա դրած էր մի քառածալ թուղթ։ Նա վերցրեց այդ թուղթն և կարդաց հետևյալ տողերը.
«Ներիր, հայր, որ առանց ձեզ մնաք բարև ասելու գնացի։ Մի անհետաձգելի գործ ինձ ստիպեց իսկույն բաժանվել ձեզանից։ Չգիտեմ, որքան կտևի իմ բացակայությունը։ Նամակով կհայտնեմ»։
III
Մի քանի օրում Մարդանյանի անհայտանալու լուրը տարածվեց նրա ծանոթների շրջանում։
Սկսեցին ամեն տեսակ բացատրություն տալ այդ անսպասելի դեպքին։ Ոմանք ասում էին, թե ընդհանուրի հալածանքը ստիպեց նրան, վերջապես, փախչել։ Իսկ ոմանք կարծեցին, թե նա մի տեղ պաշտոն է ստացել ու գնացել։
Վերջին ենթադրությունը շուտով հերքվեց, որովհետև Մարդանյանի ծնողները սաստիկ անհանգիստ էին։ Ծերունի հայրը բռնում էր փողոցում այս ու այն երիտասարդին, հարցուփորձ էր անում և ոչ ոքից մխիթարական խոսք չէր լսում։
— Ո՞րտեղ կորավ,— գոչում էր խեղճ մարդը վշտացած։
— Որտեղ էլ որ գնացած լինի, կարծեմ, հետ չի գալ,— ասում էր նրա մեծ որդին։ Եվ ծնողները ողբում էին իրանց որդու կորուստը։ Ողբում էինք, որովհետև արդեն երկու ամիս էր անցել և Պետրոսիչը սպասված նամակը դեռ չէր ստացվել։
Իսկ խստասիրտ հալածիչների լեզուները դարձյալ հանգիստ չէին մնում։
— Գիտե՛ք, պարոններ,— ասում էր ֆիլոլոգ Գալումյանը,— եթե ես նրա տեղը լինեի, վաղուց կամ խեղդվել էի կամ ատրճանակը կրծքիս արձակել։
— Շատ կարելի է հենց այդպես էլ է արել, միայն հայտնի չէ որտեղ,— նկատեցին ավելի ներողամիտները։
Բնագետ Բարգամյանը դարձյալ խորհրդավոր կերպով ժպտաց և, քմծիծաղ տալով, ասաց.
— Պարոններ, երեխա մի՛ լինիք։ Պետրոս Մարդանյանը ոչ խեղդվող պտուղ է, ոչ էլ կախվող։ Ինքնասպանության համար կամ պետք է լինել հիմար, կամ աներկյուղ։ Նա ոչ այս է, ոչ այն։
Անցավ մի ամբողջ տարի։ Մարդանյանը չէր երևում։ Նրա անունը հետզհետե սկսեց մոռացվել հալածիչների շրջանում։ Անցավ երկրորդ տարին, և այլևս ոչ ոք չէր հիշում այդ անունը և եթե հիշում էին — առանց նախկին վրդովմունքի։
Արդեն Մարդանյանի բոլոր ընկերները կյանքի մեջ հարթել էին իրանց ճանապարհն և ապրում էին խաղաղ և անխռով։ Երբեմն նրանք հավաքվում էին մի տեղ ժամանակ անցկացնելու համար։ Խոսակցության առարկան պատահում էր, որ ուսանողական կյանքն էր լինում։
Մերթ ընդ մերթ լսվում էր Մարդանյանի անունը, բայց շատ աննկատելի կերպով։
— Գնաց ու անհայտացավ մարդը,— ասում էր մեկը,— մոտ երեք տարի է անցել և ոչ մի լուր չկա նրա մասին։
— Է՜հ, պարոններ, այսօր քեֆ պետք է անենք — թե՞ չէ: Հյուրասիրության հերթը Բարգամյանինն է, չէ՞ որ նա տեսչի պաշտոն է ստացել։
Այդ համարյա վերջին անգամն էր, երբ հիշվեց Մարդանանի անունը, այնուհետև չարաբախտ մարդու անունը ջնջվեց բոլորի հիշողությունից։
Գարնան վերջն էր։ Մի կիրակի օր, առավոտյան տասը ժամին Մուշտայիդի այգու ճեմելիքներից մեկում նստած էին մի խումբ երիտասարդներ։ Նրանք տաք֊տաք վիճաբանում էին օրվա մի շատ նշանավոր խնդրի մասին։ Առարկան այնպես էր, որ շատ հաճախ լսվում էին «վսեմ գաղափարներ», «մարդասիրություն», «զգայուն սիրտ», «անձնազոհություն» և այլ մի շարք այսպիսի բառեր։
Ամենքը հուզված էին, մանավանդ ֆիլոլոգ Գալումյանը, որ շուտով մի հարուստ մարդու հաշվով պիտի ուղևորվեր Եվրոպա։
Ճեմելիքի ծայրում երևաց Բարգամյանը։ Վերջին ժամանակ այդ երիտասարդն այնքան փոխվել էր, որ դժվար էր ճանաչվում։ Նա ավելի առողջացել էր, կարմրել ու բավականին աչքի ընկնող փոր գցել։ Նա ամբողջ օրը զբաղված էր թե՛ պաշտոնով և թե «հասարակական գործերով»։ Հազիվ ժամանակ էր գտնում շաբաթը մի կամ երկու անգամ ընկերների հետ տեսնվելու։
Այսօր նա Գալումյանին խոսք էր տվել հասարակական այգիներից մեկում ընկերաբար զվարճանալու։ Ոչ ոքի տակավին չէր հայտնում, բայց յուր նոր մեռած հորից նա բավականաչափ ժառանգություն էր ստացել, մտադիր էր ամուսնանալ, ուստի կամենում էր ամուրի կյանքի վերջին հաճույքները վայելել։
— Ի՜նչ եք միմյանց օձիքը պատռում,— ասաց նա, ծանր քայլերով մոտենալով խմբին։ Երևի, էլի մի որևէ թեորիա ձեզ հանգիստ չի թողնում։
Պետք է ասած, որ ընկերները Բարգամյանն վերջին ժամանակ ավելի էին հարգում և ընտրել էին նրան երկու ընկերության վարչությունների անդամ։
Մի քանիսը նույնիսկ սկսել էին արդեն շողոքորթել նրան, ակամա ենթարկվելով նրա օրից-օր աչքի ընկնող հասարակական դիրքի ազդեցությանը։
— Նստի՛ր,— ասացին մի քանիսը, քաղցր ժպտալով,— հետաքրքրական է քո կարծիքն էլ իմանալ։
— Հասկացա, դուք խոսում եք Չուխա-Գեդուկի դեպքի մասին։ Հա՛, պարոններ, դուք այստեղ վիճեցեք, իսկ այնտեղ մարդիկ այնտեղ ինչեր են անում։ Նա հանեց ծոցից մի ինչ-որ լրագիր և, տալով Գալումյանին, ավելացրեց.
— Կարդա բարձր ձայնով, որ ամենքն էլ իմանան։
Բոլորը թողին վիճաբանությունն և շրջապատեցին Գալումյանին։ Լեզվագետն սկսեց կարդալ բնագետի ցույց տվածը։ Դա մի թղթակցություն էր, գրված ռուս-պարսկական սահմանագլխից։ Նկարագրված էր բուրգ ավազակների և հայ գյուղացիների մեջ տեղի ունեցած մի կռիվ։ Բուրգ ավազակապետը կամեցել է առևանգել մի աղջիկ։ Հայերը դիմադրել են։ Սպանվել են մի քանի գյուղացիներ։
— Է՜հ սովորական դեպքեր են,— ընդհատեց լսողներից մեկը։
— Լսի՛ր մինչև վերջը.— նկատեց Բարդամյանը բարկացած ձայնով։
Կռիվը նկարագրելուց հետ թղթակիցը խոսում էր մի հայ վարժապետի մասին: Վերջինը նկարագրված էր իբրև մի հազվագյուտ մարդ։ Շատ ժամանակ չէ նա հայտնվել է այդ տեղերում և կարճ միջոցում այնքան գործ է կատարել, որ ժողովուրդն սկսել է պաշտել նրան։ Նա ուսումնարան է բաց անել տալիս, ուր չկա, միություն և հաշտություն է քարոզում, ուր չկա։ Նա, յուր կյանքը վտանգի ենթարկելով, առաջ է ընկնում և ավազակներից հալածվածներին պաշտպանում։
Թղթակցությունը վերջանում էր հետևյալ խոսքերով․ «մանրամասն տեղեկություններ Խորենի մասին ուրիշ անգամ կգրեմ։ Առայժմ չգիտեմ որտեղ է ծնվել և կրթվել այս հազվագյուտ մարդը, որ տակավին երիտասարդ է»։
Թղթակցությունը խոր տպավորություն գործեց բոլոր լսողների վրա։ Ամենքի սրտերը րոպեաբար հուզվեցին, նրանց երակներում խաղաց երիտասարդական արյունը։
Փառասիրության զգացումը ամենից ավելի համակել էր Բարգամյանի հոգին։ Մտքում նա նախանձում էր երիտասարդի վայելած հեղինակությանը։ Խստադատ «Պետրովեցը» գոռոզ եղանակով նկատեց.
— Թեև ես սեր չունիմ դեպի վարժապետական կոչումը, բայց այդպիսի վարժապետ արժե լինել։ — Նախանձելի է, նախանձելի այդ մարդը — ասացին մի քանիսը։
Այդ օրվանից Խորենի անունը հաճախ կրկնվում էր երիտասարդների շրջանում։ Լրագրները նոր-նոր լուրեր էին հաղորդում նրա մասին։ Շուտով ամբողջ երիտասարդությունը սկսեց հեռվից հարգել, սիրել և մինչև անգամ պարծենալ նրա անունով։
Բնագետ-տեսուչ, հասարակական գործիչ, ծայրահեղ հայրենասեր Բարգամյանը ստեպ-ստեպ դատապարտում էր բոլոր «ֆրազյորներին», բոլոր «պոռոտախոսներին», բոլոր «եսամոլներին», բոլոր «մտքի երկչոտներին», որ միայն իրենց անձի մասին էին մտածում։ Եվ այդ ժամանակ գրեթե միշտ կրկնում էր․
— Եթե ձեզանից մեկը մոռանա իր «եսը» այնպես, ինչպես այն մարդը, այն ժամանակ․․․
IV
Մի օր լեզվագետ Գալումյանը գնաց յուր ընկերներից մեկի տունը, ուր ժողովված էին մի քանի երիտասարդներ։ Ներս մտավ թե չէ՝ նա գոչեց․
— Կարդացե՞լ եք, պարոններ։
— Ի՞նչ։
— Բանից դուրս է գալիս, որ Խորենը ռուսահայ է։
— Ռուսահա՛յ,— գոչեցին բոլորը միասին, կարծես, մի տեսակ ուրախություն զգալով։
— Այո՛, ռուսահայ է, բայց հայտնի չէ որտեղացի է։
Այնուհետ Խորենը սկսեց ավելի հետաքրքրել նրանց։ Եվ ամեն մի լուր նրա մասին կլանում էին ագահությամբ։
Մի աշնանային երեկո Բարգամյանը ֆիզիոնոմիստ բժշկի հետ թև-թևի տված զբոսնում էին Գալավինսկի պրոսպեկտի վրա։ Նրանց մոտեցավ Գալումյանը։ Նա սաստիկ շփոթված էր երևում։ Առանց բարևելու նա կանգ առավ ընկերների առջև, ձեռները կողքին քաշ գցելով ասաց․
— Մի՞թե կարող է աշխարհի երեսին այդպիսի բան պատահել։ — Ի՞նչ է, ի՞նչ է պատահել,— հարցրին ընկերները զարմացած։
— Ո՛չ, դուք այն ասացեք, մեր դարում կարո՞ղ են հրաշքներ տեղի ունենալ։
— Վերջապես, պե՞տք է ասես, թե՞ չէ...
— Գնանք մի տեղ նստենք, կպատմեմ։ Այդ զարմանալի է, միանգամայն զարմանալի։ Ես չեմ հավատում, չեմ ուզում հավատալ և չեմ կարող հավատալ։
«Ֆիզիոնոմիստ» բժիշկը ընկերներին հրավիրեց յուր մոտ թեյի։ ճանապարհին նրանք հանդիպեցին ուրիշ երեք ընկերների, և վեց հոգի միասին ուղևորվեցին բժշկի զարդարուն բնակարանը, որ շատ հեռու չէր։ Գալումյանը լուռ էր. պարզ էր, որ նրա ասելիքը մի շատ նշանավոր բան էր։ Նա զսպում էր իրան և այդպիսով ավելի գրգռում ընկերների հետաքրքրությունը։
Հենց որ մտան բժշկի սենյակը, լեզվագետը բարձրաձայն գոչեց.
— Պարոննե՛ր, երևակայել կարո՞ղ եք, թե ով է մեր պաշտած Խորենը։
— Ո՞վ է, ո՞վ է,— կրկնեցին ամեն կողմից։
— Ամենքից հալածված, ամենքից արհամարհված, եսամոլ, վախկոտ համարված Պետրոս Մարդանյանը։
Բժիշկը բարձրաձայն ծիծաղեց։ Բարգամյանը հեգնորեն ժպտաց, Գալումյանի ասածը մի հիմար կատակ համարելով։
Մյուսները զարմացած նայում էին այդ անհավատալի լուրը հաղորդողի երեսին։
— Այո՛, նա ինքն է, ուրիշ ոչ ոք, ահա ձեզ փաստեր։
Այս ասելով, Գալումյանը գրպանից հանեց և հանդիսավոր կերպով սեղանի վրա դրեց երկու նամակ։
Այս նամակներից մեկը ստացել է իմ համաքաղաքացի Ալթունյանը։ Հեղինակը նրա հավատարիմ ընկերներից մեկն է և նրա հետ աշակերտել է Ներսիսյան դպրոցում։ Մյուսը դրված է Պետրոսի ձեռքով յուր հարազատ եղբորը։ Այս երկրորդ նամակն էլ ստացվել է Ալթունյանի ձեռքով։ Ես խնդրեցի ու վերցրի Պետրոսի եղբորից, որ ձեզ ցույց տամ։ Ուզում եք — կարդացեք։ Պետրոսի նամակը համառոտ էր։ Նա յուր եղբորից խնդրում էր ծնողների մասին տեղեկություն հաղորղել և վերջը մի քանի տող ավելացնում յուր մասին։ Նամակի բովանդակությունից երևում էր, որ այն առաջինը չէր, դարձյալ մի քանի նամակներ էր գրել, որոնք տեղ չէին հասել։
Մյուս նամակը շատ ընդարձակ էր և մեծ մասամբ վերաբերվում էր Խորենին։ Հեղինակը նկարագրում էր մի քանի սրտաշարժ դեպքեր, ուր Խորենը ցույց էր տվել հերոսի քաջագործություններ։
Փաստն անհերքելի էր։ Այսօրվա հերոսը մի քանի տարի առաջ յուր հայրենիքում յուր ընկերներից հալածված և արհամարհված երիտասարդն էր։
— Ի՞նչ կասեք, պարոններ, հիմա՞ էլ չեք հավատում գոչեց Գալումյանը։
Բնագետ Բարգամյանը և ֆիզիոնոմիստ բժիշկը լուռ էին։
— Զարմանելի է, շատ զարմանելի,— արտասանեցին մյուս երեք երիտասարդները։
— Իսկ դու՞ք ինչ կասեք, պարոններ,— դարձավ Գալումյանը բժշկին և Բարդամյանին։
— Չգիտեմ,— պատասխանեց բժիշկը,— ես աշխատում եմ հիշել նրա դեմքը։
— Ես հրաշքներին հավատալու ընդունակություն չունիմ,— ավելացրեց Բարգամյանը,— այստեղ մի թյուրիմացություն կա։
Հազիվ նա արտասանել էր այդ խոսքը, երբ ներս մտավ մի ուրիշ երիտասարդ:
— Աա՜, պարոններ,— գոչեց նորեկը,— այդ շատ լավ է, որ բոլորդ այստեղ եք։ Նորություն։ Ձեզ հայտնի է, թե ինչպես հարգում եմ ես Խորենին։ Վաղուց ցանկանում էի նրա լուսանկարը ունենալ։ Այժմ փափագս կատարվեց։ Այն կողմերից եկել է մի թափառական տաճկահայ լուսանկարիչ և հետը բերել է բոլոր գործիչերի լուսանկարները։ Պատահաբար ես նրա մոտ նայում էի լուսանկարներ և ահա թե ինչ ընկավ ձեռս։ Լուսանկարիչը պատմում է, որ նա հազիվհազ կարողացել է համոզել «Խորեն վարժապետին», որ թողնի յուր լուսանկարը հանելու։ Ճանաչո՞ւմ եք։ — Պետրոսն է,— գոչեց Բարգամյանը, առաջինը վերցնելով լուսանկարը։
Այո՛, Պետրոսն էր։ Գլուխը համեստ պահած, ձեռները ծնկների վրա դրած, հեզ և, միևնույն ժամանակ, եռանդով լի աչքերով, հալածվածը նայում էր նախկին հալածողի աչքերին։ Նրա նիհար այտերի, սեղմված շրթունքների և մտախոհ ճակատի վրա Բարգամյանը կարդաց խորին հանդիմանության հետ և վեհանձն թողություն։ Ներքին հուզմունքից շրթունքը կրծոտելով, նա լուսանկարը տվեց ուրիշներին։
Ամենից ուշադիր և երկար նայեց ֆիզիոնոմիստ բժիշկը։
— Այո՛, Պետրոսն է,— ասաց նա վերջապես,— Բայց նայեցեք ճակատի և բերանի կնճիռներին, այս մարդու միտքը վերջին ժամանակ աշխատել է։
Մի քանի վայրկյան բոլորը շփոթված նայում էին իրարու երեսին։ Ամենքը հալածել էին նրան, ամենքը մի-մի արատ էին կպցրել նրան, ամենքը մի-մի բուռն ցեխ էին գցել նրա երեսին, ամենքը զգում էին իրանց մեղքը և ամենքի համար զգալի էր խղճի խայթոցը։
— Գիտեք, պարոններ,— ընդհատեց լռությունը նրանցից մեկը,— ես թեև նրան հալածում էի, բայց սրտիս խորքում չէի ատում։ Զգում էի, որ նրա մեջ մի լավ բան կա թաքնված։
— Խոստովանվում եմ, ես էլ,— ավելացրեց երկրորդը։
— Հիշու՞մ ես,— դարձավ լուսանկար բերողը խստադատ «Պետրովեցին»,— չգիտեմ քեզ, թե ում մի անգամ ասել եմ, որ Պետրոս Մարդանյանն ամենքիցս բարձր է։
— Ես չեմ հիշում քո ասածը,— պատասխանեց «Պետրովեցը»,— բայց եթե ես նրան մի քանի վիրավորական խոսք ասել եմ, Պիտերի ուսանողների խոսքովն եմ ասել։
Մեջ մտավ ֆիզիոնոմիստ բժիշկը, որ տակավին շփոթված նայում էր լուսանկարին, և ասաց.
— Պարոննե՛ր, մենք Պետրոս Մարդանյանին ասել ենք հենց այնպես, ուրիշներին հետևելով։ Ամենից խիստ հալածել են նրան ա՛յ, սրանք։
Նա ցույց տվեց նախ Գալումյանին, ապա Բարգամյանին։ Լեզվագետը գլուխը գցեց կրծքին և լուռ մնաց։ Իսկ բնագետ–տեսուչը, մի կերպ զսպելով յուր հոգեկան խռովությունն, ասաց.
— Այո՛, ես էլ նրան հալածել եմ, բայց ազնիվ նպատակով։ Հաստատ իմացեք, որ հենց մեր հալածանքն է ստիպել նրան այդպես փոխվելու։
Եվ այս խոսքերով նա արդարացրած համարեց յուր խիղճը։